ella mnacakanyan yerevan

Ազնավուրը

big_1490969229_9694752Ժամը 4 անց 20 է: Մոտավորապես: Օրը՝ երկուշաբթի: Էս մեկը հաստատ: Հաստատ, որովհետև երկուշաբթիները մարմնիս յուրաքանչյուր բջիջով եմ զգում: Բացում եմ դուռը, մտնում տուն մահու չափ հոգնած, դե՜, ինչպես կարգն է՝ իսկական երկուշաբթի օրվա նման: Ինչպես կարգն է նաև՝ արգելաբացում եմ հեռախոսս ու էլի մտնում Ֆեյսբուք (ես էդպես էլ ոչինչ չեմ կարողանում անել այս սովորությանս դեմ):

«Շառլ Ազնավուրը մահացել է»…
Առաջին բանն է, որ ընկնում է աչքովս, ու առաջին միտքս այն է, որ կեղծ լուր է: Չէ, չի կարող ճշմարտություն լինել: Հետո նայում եմ կայքը: Չէ՛, ֆրանսիական Le Monde-ն է, ուրեմն հավաստի է: Հիմա՛ր սովորությունս: Պիտի ժամանակին դեմն առնեի…
Շառլ Ազնավուրը մահացել է: Ազնավուրը մահացել է, ու ես չեմ կարող դրա մասին չգրել: Որովհետև Ազնավուրը մահացել է, ու նրա հետ մահացել է իմ երազանքը՝ տեսնել նրան՝ փոքրամարմին հսկային, իրականում՝ իր դողացող, հզոր ձայնով մի ամբողջ համերգասրահ լցնելիս, հուզելիս ու հուզվելիս: Որովհետև աշխարհում Ազնավուրով երազանքներն ավելի շատ ոչ թե մեռել, այլ, հակառակը, ծնվել են, որովհետև Ազնավուրն է ինձ, ինչպես և շատերին, «ձեռքից բռնած» տարել ու կանգնեցրել ֆրանսերենի դիմաց, իր երգերը «կախել» պատերից՝ ի ցույց բոլորիս, ու կարծես ասել.
-Ահա՛, սովորե՛ք ու հասկացե՛ք դրանք:
Ու մենք սովորել ենք: Սկզբից դժվարանալով, հետո անհամբեր սպասելով, իսկ վերջում արդեն՝ հաճույքով: Հաճույքով, որովհետև սկսել ենք հասկանալ Շառլին, իսկ նրան սիրելուց բացի պետք էր հասկանալ կամ գուցե հենց հասկանալ՝ սիրելու համար:
Շառլ Ազնավուրը մահացել է: Այսօր: Երևի ժամեր առաջ: Գուցե հենց այն պահին, երբ ականջակալներումս նրա երգն էր այն մասին, թե ինչպես է 18-ում լքել իր շրջանն ու հասել Փարիզ, կարել տվել ամենանորաձև կապույտ կոստյումն ու դարձել արտիստ: Մեծ արտիստ: Երևի անգերազանցելի: Արտիստ, որին լսել ու լսում են արդեն 3 կամ 4 սերունդներ: Լսում են ու դեռ պիտի լսեն, որովհետև Ազնավուրը մահացել է, իսկ նրա անունը, գործերն ու արվեստը՝ երբեք, որովհետև վաղը էլի իմ ականջակալներում հնչելու է նրա հզոր, դողացող ձայնը ու էլի պատմելու պատմություններ՝ 20 տարիների, թափառական մանկության, սիրելիի կամ գուցե հավերժական սիրո մասին այս անգամ…