Ականջներս նման են հորս ականջներին

Ականջներս նման են հորս ականջներին, բայց ինքն ավելի լավ գիտի, թե ոնց լսել աշխարհի ձայնն ու, թե ոնց զտել ավելորդ ինֆորմացիան։ Իսկ կարճատեսության, թափվող մազերի, ուռած աչքերի, անընդհատ ճզմված ճկույթի և հոգնած մարմնի հետևում կանգնած փոշմանում եմ, որ հորիցս ժառանգել եմ մենակ ականջներն ու կախ ընկած կոպերը։ Պա՛պ, քո կոպերն ինչի՞ են կախվել… Միգուցե նրանք է՞լ են աշխարհի անեզր սխալից հոգնել, միգուցե հոգնե՞լ են եզակիների մեջ ամենաեզակիին փնտրելուց, թե՞ հոգնել են, որովհետև չեն կարողացել էդպես էլ «արդարություն» բառի հետ հաշվի նստել։ Պա՜, հավատա, ես էլ չունեմ էս հարցերի պատասխանները ու, չնայած կախված կոպերիս հետ անհաշտությանը, ես մի տեղ նաև երջանիկ եմ, որ կարճատես եմ. մարդկանց ճահճոտ ու գարշահոտ դեմքը չեմ տեսնում։ Պա՜, դու ճիշտ էիր, դու ճիշտ ես. պարզության քողի տակ ապրելն ամենահեշտն է ու հատկապես այն ժամանակ, երբ աշխարհին տված պարզությունս ոչ մի վայրկյան ժպիտի չարժանացավ, դե ես էլ որոշեցի ինձ լցնել էդ պարզությամբ ու ապրել։ Դու ասացիր, որ դժվար ժամանակները մի օր անցնում են, ու գալիս է հայելու դիմաց կանգնելու ժամանակը. Ախր, իմ հայելին կոտրվել է, և ես ստիպված եմ ինձ հորինել, ու ականջներս նմանեցնել քոնին, նկարել կախված կոպերս ու դրանց անկյունը ընդգծող սևաներկը։

Առաջ ես ինձ չէի տեսնում, բայց հիմա շատ բան է փոխվել։ Պապ, հիմա ես սիրում եմ իմ կախված կոպերն ու ոսկեգույն ականջօղերով զարդարված ականջներս, սիրում եմ ընդգծված կոնքերս ու բարձր ծիծաղս։ Պապ, ես սկսել եմ ճանաչել աշխարհը ու հետն անգամ լեզու եմ գտել. նա լացող երեխայի է նման, ում ձայնը կտրելու համար պետք է նրան ասել, որ ինքը լավն է ու ամենասիրունն է, ու էս փորձառությունը ձեռք եմ բերել հիվանդանոցում ` օրական հարյուրավոր երեխաներին շեղելուց, երբ տեսնում են հերթական ներարկիչը. ասում են, որ մոտս լավ է ստացվում, չգիտեմ…

Պապ, ես որոշել եմ գնալ աշխարհով ճամփորդելու ու որոշել եմ ներել մարդկանց ու սիրել սովորեցնել… Հուսամ այս ճանապարհից հետո ուռած կոպերս, բոթասիս պատճառով ամեն օր հերթական անգամ լղճվող ճկույթս և լղոզված սևաներկս ինձ կներեն անփութությանս հետ սեղան նստելու համար։