Ակնալիճ գյուղում բերքահավաք է

Սկսվել է Ակնալիճ գյուղի բերքահավաքը։ Հով ժամերին գյուղում ոչ մեկին չես հանդիպի, բոլորը դաշտ են գնում` բերք հավաքելու:

Ես այսօր ինքս էլ գնացի մի քանի բան լսելու ու գրի առնելու համար։

-էս տարի պոմիդորը սամսեմ հեչ ա եղել,- իրենց դաշտերին նայելով ասում են ակնալճեցիները:

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

-Հա, դե, ո՞ւմը չի եղել,- զրույցը շարունակում է մյուսը,-Անտեր կարկուտը սաղ հեչ արեց։ Էս տարի կամ եղանակից ա, կամ էլ սերմերի որակն ա վատացել:

-Է~, էս տարին մեր վրա չեկավ,- զրույցին խառնվում է մեր մյուս հարևանը,- էն խեղճ զինվորները ընդե մահացան, մեր բերքն էլ էստեղ փչացավ… Մարդ չգիտի` որ դարդը քաշի:

-Սիլվա ջան, մի նեղվի, Աստված մեծ ա: Մի դուռ էլ մեզ համար կբացի։

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

Դաշտում քայլելիս պատահաբար լսեցի այս խոսակցությունը ու հասկացա, որ նույնիսկ վատ իրավիճակում ակնալճեցիները չեն հուսահատվում, ու հույսը Աստծո ողորմածությանն են թողնում։

Քիչ հեռու հանդիպեցի մի պապիկի, ով ջրում էր մարգերը։

-Բարև, պապի ջան։

-Բարև~, թե խելոք ես, ի՞նչ էս կորցրել ես դաշտերը։

-Հեչ, պապի ջան, ասեցի` մի քիչ քայլեմ, տեսնեմ` ինչ եք անում: Մի քանի բան նկարեմ, հետո էլ գնամ նյութ գրեմ։

Այս անգամ սովորականի նման ես չսկսեցի հարցեր տալ Կարո պապիկը ինձնից շուտ սկսեց:

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

-Պապի ջան, գոնե բերքը լա՞վ ա, մի բան կա՞։

-Էէէ, բալես, լինելը` կա: Չեմ բողոքի, ուղղակի կարկուտից հետո մի քիչ ուշ բերքի նստեց: Սաղ դաշտը քայլի, նայի` սաղինը մանր ա: Թե մի հատ խոշոր պոմիդոր գտնես, վեկալ` տուր գլխիս։

-Պապի, էդպես մի ասա։

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

-Հա, ճիշտ եմ ասում, բալես, չկա: Մարդ չի հասկանում ինչից ա` սերմի՞ց ա, եղանակի՞ց ա։ Հենա` գյուղի սերմ ծախողներից մեկին էլ հո չեն ծեծել, հո չեն ծեծել… Էն խեղճն ի՞նչ անի, որ ոչ սերմն ա սերմի նման, ոչ պոմիդորն ա պոմիդորի նման, ոչ էլ եղանակն ա մի բան:

-Լավ, պապի ջան, դե դու մարգերը ջրի` ես չխանգարեմ քեզ։

-Այ բալա, սենց չի լինի: Հըլը մի հատ քո ճաշակով պոմիդոր քաղի` ուտելով գնա։ Չնայած իմ պոմիդորները ջակի-ջուկի չի, որ քո ճաշակով լինի։

Երկար ծիծաղեցինք, հետո վերցրի պոմիդորն ու շարունակեցի քայլել։ Երկար քայլելուց հետո որոշեցի տեսնել վաճառողներին:

-Բարև, տատի ջան:

-Բարև, բալես:

-Տա, որ նստեմ կողքդ, կխանգարե՞մ: Ուզում եմ հովին հանգստանալ, շատ քայլեցի արևին։

-Վայ բալես, նստի: Ի՞նչ կուզես, ջուր տա՞մ:

-Չէ, տատի ջան, շնորհակալություն: Դու քո գործն արա` չխանգարեմ:

-Ես ու ընկերուհուս տատիկը մի փոքր խոսեցինք դասերից, իմ հաջողություններից, ու մեր խոսակցությունն ընդհատեց մի գնորդ։

-Ի՞նչ արժե պոմիդորը։

-60 դրամ, իմ տղա, բայց քեզ 50-ով կտամ։

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

-Տատի ջան, դե մի 10 կիլո լից։

-Լցնեմ, իմ տղա, հեսա լցնեմ։

-Ապրես, տատի ջան։

-Անուշ լինի, տղես, բարի ճանապարհ։

-Բարով ծախսես, տատի ջան, դե գնացի։

Ես զարմացած եմ: էս տատին ինչպե՞ս է հասցնում առևտուր անել, եթե ամեն գնորդի հետ այսքան խոսում է: Վերջն ի՞նչ կլինի։

Հասկացա, որ ես գլուխ չեմ հանում առևտրից ու որոշեցի գնալ տուն։