Lilit Poghosyan - Ulnetsi

Աղջիկն ամպերից վեր

Թվում էր՝ ամեն ինչ ճիշտ է ընթանում. արևը փայլում էր, Երկինքը բարևում իր կապույտով մինչև գարնան պայծառ օրերին փոխարինելու եկավ արծաթաթույր ձմեռը: Փաստորեն կյանքում ոչ մի բան իր հիմնական հունով չի ընթանում: Լինում են պահեր, կարճ կամ երկար, որոնք փոխում են մեր պատկերացումների համակարգի հունը: Իմ պատկերացումներն ու ես արդեն հասել էինք «ԴԵՊԻ ԿԱՆԱՉ» քաղաք տանող կանգառին, երբ տեղեկացրին, որ վերոնշյալ համարի ավտոբուսի փոխարեն ժամանել է «Դեպի Սպիտակ» տանող ավտոբուսը: Դե, ես էլ ստիպված նստեցի, ու շարժվեցինք: Ողջ ավտոբուսում տեղում էր ձյուն, ավտոբուս մտնող ճանապարհի վրա տեղ-տեղ մերկասառույցներ էին, իսկ ճանապարհային աշխատողները նույնիսկ չէին հասցնում կատարել ձնամաքրման աշխատանքները, բայց մեզ դա չէր խանգարում. Մեր ավտոբուսն ընթանում էր: Դե, որպեսզի ժամանակը շուտ անցնի, բացեցի նոթատետրս:

Առաջին էջում պատկերել էի մեծ արև, իսկ ներքևում` Բ-տառը. Սլաքով միացրել էի արևի շողերին, արդյունքում ունեցա «Բարև»-ը, կողքին կանաչ ու կապույտով իմ մոլորակն  էի նկարել, շուրջբոլորը` աստղեր, թերթեցի, մյուս էջերում էլի գունավոր պատկերներ էին, ամպեր, սարեր, դեղին ավտոբուս, ոլորաններ, ու ես` պայուսակն ուսիս կանգառում կանգնած…

Եթե վերլուծենք էս ամեն ինչը, արդյունքում կունենանք «հրաշախառը» մի պատմություն:

Մի քանի ամսվա բոլոր շաբաթ կիրակիները ես անց էի կացնում Կոլյա պապիկի ամենադեղին ավտոբուսով երթևեկելիս…

Հա՛, հա՛, ես հենց էն հացատան մոտ իջնող աղջիկն եմ:

Թե ոնց ստացվեց, որ ինձ էդպես էին հիշում հիմա կբացահայտենք… Ընդամենը մի քանի ամիս, ու ես քննությունների էի, պետք էր մի քիչ գոնե պատրաստվել, նախքան թեստ գրելը: Ես ինչքան էլ ինքս ինձ վրա աշխատում էի, չարչարվում էի, գրում-ջնջում էի, միևնույն է, շատ անինքնավստահ էի, անընդհատ սթրեսներ, լաց, վախ, ընթացքում նույնիսկ որոշել էի, որ չպետք է շարունակեմ ուսումս… Բայց շուտով որոշեցինք, որ պետք է ստուգենք՝ ինչքանով եմ պատրաստ:

Քանի որ իմ հայրենիքը գտնվում է ամպերից վեր, մի քիչ դժվար է Ա-ից Բ կետ հասնելը, ու քանի որ իմ ինքնաթիռի վերանորոգումը ես չէի ավարտել և ժամանակն էլ բավականին քիչ էր, որոշեցի Կոլյա պապիկի ավտոբուսով տեղաշարժվել, բայց հավատացեք, իմ ինքնաթիռից էլ արագ էր ընթանում… էնքա՜ն արագ, որ ես ճանապարհի կեսին պետք է ասեի` հացատան մոտ պահեք, հակառակ դեպքում չէի հասցնի իջնել: Մի քանի անգամ մոռացել եմ ասել ու վերջին կանգառից մինչև հացատուն ոտքով ստիպված եմ եղել քայլել, հետո սովորեցի ավելի ուշադիր լինել ճանապարհներին:

Դեղին ավտոբուսին հաջորդում էր ամենաժպտերես ու ջերմ ուսուցչուհիս, ով իր ամեն մի խոսքով ինձ մոտիվացնում ու սթափեցնում էր: Իր հետ իմ խնդիրները յուրօրինակ լուծում էին գտնում: Ես սովորեցի իր պես մտածել ու իմ մոլորակին նայել ամենավերևից, ներքևից ու մնացած բոլոր կողմերից…

Ոլորանները, որոնք սկզբից բարդ ու խճճված էին թվում, հիմա ես անցնում էի սավառնելով…

Բացի խնդիրներին լուծում տալուց, ես հասցնում էի իմ թռիչքի ընթացքում հետևել Փոքրիկ իշխանին ու իր վարդին…

Թվացյալ մութ պատերով մոլորակը, որտեղ ես ապրում էի, գույներով լցվեց, վախերին փոխարինելու եկան ամենաջերմ ու գունեղ ժպիտները, ինձ մոտ կարծես թե ամեն ինչ ստացվում էր, ու հանկարծ ավտոբուսը բախվեց մեկ այլ ավտոբուսի… Դուռը բացվեց, արևի շողերը ողջունեցին ինձ, և լսվեց իմ անուն ազգանունը: Իջա և ասացին, որ պետք է նստեմ մյուս՝ ավելի մարդաշատ ավտոբուսը…

Ավտոբուսը կանգնեց սիրուն պատուհանիկներով «տան» դիմաց:

Իսկ ես մտածում էի, թե հացատնից համալսարան երկու կյանք է պետք հասնելու համար: Տեսնու՞մ եք, Կոլյա պապիկի ավտոբուսը, չէ՜, ինքնաթիռը հրաշքներ է գործում…

Նոթատետրս փակեցի, տեղավորեցի պայուսակումս և հեռացա ավտոբուսից…

Արդեն ամառ էր. համարյա վերջը: Իմ ինքնաթիռի վերանորոգման աշխատանքներն ավարտել էի, հիմա այլևս ոչ ոք ու ոչինչ չի կոտրի նրա թևերը: