Ամառը «Արծվիկ» ճամբարում

IMG_6686-1Հարցազրույց Թալինի «Արծվիկ» բակային ճամբարի տնօրեն`Անահիտ Աբգարյանի հետ

-Քանի՞ տարի է գործում ճամբարը:

-Ճամբարը գործում է ութ տարի: Ճամբարի հիմնական գաղափարը արդեն 2007թվականից կար, հասունացել էր, բայց պետք էին հովանավորներ, որպեսզի կյանքի կոչեինք այդ գաղափարը: Շատ երջանիկ պատահականությամբ ծանոթացա «Արի կանանց փոխադարձ միություն» ընկերության նախագահ` տիկին Նադյա Քեբաբջյանի հետ: Այդ կազմակերպությունը հիմնականում իր գործունեությունը ծավալում է Արցախում. զոհված ազատամարտիկների ընտանիքներին նրանք կովեր են տրամադրում`այդ կերպով աջակցելով ընտանիքներին: Նրա հետ մասնավոր զրույցում խոսում էինք հետաքրքիր ծրագրերի և գաղափարների մասին: Հաջորդ տարի Թալինում`սոցիալապես անապահով մի ընտանիքում, եռյակ էր ծնվել: Նրանց հարկավոր էր ապահովել սնունդով: Կազմակերպությունը համաձայնվեց և աջակցեց ընտանիքին: Մեկ տարի հետո տիկին Քեբաբջանյանը այցելեց Թալին: Մեր երկրորդ զրույցի ընթացքում նա անընդհատ հարցնում էր, թե ի՞նչ ծրագրեր, գաղափարներ ունեմ: Ես պատասխանեցի, որ շատ գաղափարներ ունեմ, սակայն դրանք կյանքի կոչելու համար շատ դժվարություններ կան: Իրենք ասացին, որ մտածում են Թալինում բակային ճամբար կազմակերպելու մասին: Դա մեծ անակնկալ էր ինձ համար, քանի որ մանկավարժությունից հեռու էի, բայց գաղափարը կար, ցանկությունը շատ մեծ էր, որ Թալինում երեխաները իրենց ամառային առօրյան ճամբարում անցկացնեն: Եվ իրենց հովանավորությամբ, բարի կամքով, կազմակերպվեց: Հովանավորներին շատ էր դուր եկել, թե ինչպես է կազմակերպվել ճամբարը, ուստի որոշեցին որ այդուհետ Թալինում ամառային արձակուրդներին կկազմակերպեն բակային ճամբար: Եվ հուրախություն մեզ`թալինցիներիս, երեխաները արդեն ութերորդ տարին է, ինչ հանգստանում են այստեղ:

IMG_6609-1-Ի՞նչ սկզբունքով են ընտրվում երեխաները:

-Սկզբունքը հիմնականում այսպիսին է. ծնողազուրկ երեխաները, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, բազմանդամ ընտանիքների երեխաները, ինչու չէ, նաև բոլոր այն երեխաները, ովքեր ցանկություն են հայտնում:

Ասեմ, որ ճամբարը նախատեսված է երեսուն հոգու համար, բայց մենք ամեն տարի ունենում ենք հիսունից ոչ պակաս մասնակից:

IMG_6559-1-Խնդրում ենք համառոտ պատմել ճամբարի առօրյան:

-Կա օրակարգ, որը կարող եմ ներկայացնել: Ժամը ինին մարմնամարզություն տասից տասնհինգ րոպե, որից հետո նախաճաշ, նախաճաշից հետո տարբեր խմբակային խաղեր կամ դասաժամեր: Այնպես չի, որ երեխան գալիս է ճամբար միայն խաղալու համար, նա իր շենքի կամ տան բակում էլ կարող է խաղալ: Նրանք սովորում են նոր բաներ, ձեռք են բերում նոր ընկերներ և քսան օրվա ընթացքում պատրաստում են հաշվետու միջոցառում, որով և եզրափակվում է իրենց ճամբարային հանգիստը: Ամեն տարի այդ միջոցառումները նոր ձևաչափով են լինում և չեն կրկնվում, որ երեխաներին հետաքրքիր լինի: Գուցե հենց դա է պատճառը, որ ամեն անգամ նրանք մի նոր բան են տեսնում, սովորում և այդ նորությունները իրենց գրավում են դեպի ճամբար: Եթե ամեն անգամ նույնը լիներ, չեմ կարծում, որ կհրապուրեր նրանց:

Ամենակարևորը, երեխաներին ճամբարը տալիս է բովանդակալից ու հետաքրքիր առօրյա, ասել է թե` ուրախ և անմոռանալի մանկություն:

IMG_6625-1

IMG_6637-1

IMG_6566-1

IMG_6595-1

Հարցազրույցը վարեցին` Սոնա Հարությունյանը և Մերի Վարդանյանը