Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ամենաթանկը

-Մամ, մամ, ո՞ւր ես դրել մեր անձնագրերը։
-Մեր ներքևի դարակում ա դրած։
Գնացի մայրիկենց ննջասենյակ ու բացեցի դարակը։ Դարակի մեջ լիքը թղթապանակ կար։ Մեկի մեջ նկարներ էին, մյուսի մեջ մեր փաստաթղթերը, մյուսի մեջ էլ… Սա ի՞նչ է։ Ես բացեցի թղթապանակը։ Թղթապանակի մեջ բացիկներ էին։ Կարդացի միայն երկուսը։
«Երբ նայում եմ քո աչքերին,
Ողջ աշխարհն է ինձ ժպտում,
Ցանկանում եմ անվերջ ժպտաս,
Մեր տան հրաշք, միշտ շողաս»։
«Իմ թանկագին մայրիկ, ես շնորհավորում եմ սրտանց քո տոնը։ Ցանկանում եմ ամենա-ամենալավ բաները, ամենակարևորը՝ առողջություն, երջանկություն, կանաչ ճանապարհ ու խոստանում եմ, որ երբեք քեզ չեմ բարկացնի»։
Դեմքս պայծառացավ ու սկսեցի ժպտալ։ Ակամայից հիշեցի, որ փոքր ժամանակ մարտի 8-ի կամ որևէ առիթի կապակցությամբ մայրիկների, տատիկների, քույրերի համար բացիկներ էինք պատրաստումմեր ձեռքով ու սրտի տրոփյունով դրանք հանձնում նրանց։ Ինչքան թանկ են իրականում այս բացիկներն ինձ համար։
Ես մոռացա անձնագրերի մասին, որոնք ինձ շտապ հարկավոր էին։ Ես վաղուց մոռացել էի, որ այսպիսի բացիկներ եմ պատրաստել, ինչ եմ գրել, ինչ զվարճալի ձեռագիր եմ ունեցել… Ես մոռացել էի, բայց մայրս իր համար ամենաթանկագին նվերները խնամքով պահպանել էր ամենակարևոր փաստաթղթերի հետ։