Ամենաքաղցր փառատոնի մասին

Լուսանկարը` Շամշադինի մեղրի և հատապտուղների պառատոնի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` Շամշադինի մեղրի և հատապտուղների պառատոնի ֆեյսբուքյան էջից

Հուսով եմ, լսել եք Շամշադինում անցկացվող մեղրի և հատապտուղների փառատոնի մասին: Իսկ եթե չեք լսել, կամ լսել եք ու պատկերացում չունեք, թե ինչ է կատարվում այնտեղ, հոգ չէ, ես կպատմեմ:

Մեղրի և հատապտուղների փառատոնը արդեն վեցերորդ տարին է, ինչ անց է կացվում` Բերդ քաղաքում: Բազմաթիվ մարդիկ, համեղ ուտեստներ, երփներանգ տաղավարներ, որոնք իրենց գեղեցկությամբ գերում են այցելուներին և կանչում իրենց «գիրկը», դե, էլ չեմ ասում Շամշադինին բնորոշ համով ու քաղցր անարատ մեղրի մասին, որի բույրը Շամշադին մտնելու պահից զգացվում է: Բայց ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ավելի լավ անցավ. կազմակերպիչները լավ էին աշխատել:

Նախ, նախորդ օրը տեղի ունեցավ ջազ համերգ հյուրերի և այցելուների համար, հետո վրանային գիշեր` բարձր Սորանում (Բերդ քաղաքի ամենագեղեցիկ այգիներին մեկը), որտեղից երևում է Ցլիկ Ամրամի բերդը, որը նույնպես Բերդ քաղաքի այցեքարտերից մեկն է: Հետո արդեն առավոտից Շամշադինի տարբեր գյուղերից մարդիկ էին գալիս, իրենց տեղերն էին զբաղեցնում, նախապատրաստում բարիքները, սպասում այցելուներին: Իսկ այցելուներն իրենց սպասեցնել չտվեցին: Այնքան մարդ կար ժամը 12-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, որի հետ համեմատվել կարող են միայն երկար դասամիջոցին ճաշարան շտապող աշակերտները, կամ ինչու չէ, նաև Apple-ի պաշտոնական խանութների մոտ հավաքված մարդիկ, որոնք ցանկանում են առաջինն իրենց ձեռքն առնել վերջինիս նոր արտադրանքը: Բայց եթե հաշվի առնեք, որ սահմանամերձ Շամշադինում այսքան հյուր երբեք չեք տեսնի, և գյուղացին այսպիսի հնարավորություն չի ունենում իր արտադրանքը վաճառելու, կպատկերացնեք, թե ինչ կարևոր է այս փառատոնը մեր՝ տեղացիներիս համար:

Ու սրա հետ մեկտեղ, այսքան մարդկանց միջից հանդիպում ես հին ծանոթ-բարեկամների, լավ ընկերների, որոնց երկար ժամանակ է՝ չես տեսել:

Դե արդեն այսքանին հաջորդում են տարբեր խաղեր, մրցույթներ, համերգային ծրագրեր, ազգային երգ-երաժշտություն:

Դե ինչ, դու դեռ մտածո՞ւմ ես, արդեն մյուս տարի արի Շամշադին և մասնակիցը դարձիր այս համեղ ու քաղցր փառատոնի: