emma miqayelyan-2

Ամեն մարդ իրա դարդին

-Ո՞ւր ա Էմման, երեխե՛ք,- դասարանում բարձրաձայն գոռաց Ալիսը։

-Ստեղ եմ, ի՞նչ ա եղել,- արդեն ձանձրացած ասացի ես։

-Է՛մ, իմանաս՝ ինչ եմ իմացել…

-Ի՞նչ ես իմացել,- անտարբեր ասացի ես։

-Ուրեմն լսի, իմացա՞ր, որ Սյունեն ու Ռոբը ընկերություն են անում, բա տեսա՞ր՝ ինչ ծաղիկներ էր բերել դպրոց Ռոբը, որ Սյունեին նվիրեր ծննդյան կապակցությամբ։

Գլուխս ցավից պայթում էր, համարյա չէի լսում, ականջիս մեկ-մեկ բառեր էին հասնում՝ընկերություն, ծաղիկ, նվեր։ Ի՞նչ էր խոսում՝ չէի հասկանում, այսինքն՝ չէի լսում, որ հասկանայի։ Մտքերով հասել էի 7-րդ երկինք։ Մտքերս կիսատ թողնում ու մտածում եմ՝ ինչպես կանցնի մեր բաց դասը։ Հետո լսում էի տարօրինակ ձայներ. ստամոքսս հարցնում էր.

-Տեսնես՝ մամադ ի՞նչ ա եփել։

-Է՛մ, դու լսո՞ւմ ես։

-Հա, հա,- վստահ պատասխանում եմ ես, բայց գաղափար չունեմ, թե ինչ էր պատմում։

-Ուրեմն տատիկս, երբ Ռուսաստանից եկավ, գիտե՞ս՝ ինձ ինչ էր բերել…

Մտածում եմ՝ ընդհատեմ, բայց կնեղանա, է, լավ, թող խոսի՝ հանգստանա, թեթևանա, ես էլ մտածեմ՝ որ գնամ տուն, ինչ պիտի պատրաստած լինի մաման։ Երանի «ժարիտ» լինի… Մի կտոր թխվածք լինի շոկոլադով, չեմ հրաժարվի, ա՜խ, էս ոնց ա բղավում ստամոքսս։ Մտածմունքներս ընդհատվեցին, հնչեց զանգի ձայնը.

-Է՛մ, դե վաղը կբերես, հա՞, չմոռանաս,- ասաց Ալիսն ու վազեց դասարանից դուրս։

Թե ինչ պիտի բերեի՝ չգիտեի…