Ամռան մի օր Օձունում

mosh8Առավոտյան ժամը չորսն էր: Արթնացա զարթուցիչի ձայնից: Պիտի գնայինք մոշի: Հիմնականում մոշի գնում ենք օգոստոսի սկզբից: Գյուղի գրեթե բոլոր երեխաները գնում են` մոշը վաճառելու նպատակով: Այս առավոտը տարբերվում էր մյուսներից, որովհետեւ իմ, եղբորս եւ ընկերուհուս հետ լինելու էին նաեւ այլ մարդիկ: Նրանք եկել էին Երեւանից, եւ ցանկանում էին տեսնել, թե ինչպես ենք մոշ հավաքում: Բավականին վատ եղանակ էր: Ամբողջ գիշեր անձրեւ էր տեղացել, բայց չնայած դրան` մենք որոշեցինք շարունակել ճանապարհը: Սկզբից գնում էինք հարթ ճանապարհով եւ բավականին հանգիստ: Ճանապարհի ընթացքում ես եւ եղբայրս պատմում էինք հետաքրքիր դեպքեր, վայրերի անվանումներ: Նախ պատմեցինք, թե ինչ հաճելի է տեսնել, թե ինչպես են դուրս գալիս արեւի առաջին ճառագայթները: Ճառագայթներից արդեն պարզ է դառնում, թե օրն ինչպես պետք է անցնի: Ասենք, եթե կարմիր են, ապա այդ օրն արեւը ուժեղ պետք է լինի, եթե մի քիչ ավելի նարնջագույն, ապա նորմալ, եւ այդպես շարունակ: Երեխեքը զարմանում էին, երբ ասում էինք մեր տեղանունները: Ասենք ‘‘Կոր քար’’, ‘‘Թալենի’’ ու նաեւ ‘‘Ճիլ գոլը’’: Հետաքրքիր է այն փաստը, որ ասում են այդ գոլը ճահիճ է եւ ունի իր մեջ քաշելու հատկություն:
Մոշ քաղելու ժամանակ իմ հետ էին Հովնանը եւ Լիլիթը: Ու իրենք զարմանում էին, թե ոնց են մարդիկ այդքան վաղ արթնանում, բարձրանում սարեր, մոշ հավաքում, այդ ամենը նրանց համար անծանոթ էր: Նրանք շրջում էին, նկարում էին ամեն ինչ` մոշը, ծաղիկները եւ ընդհանրապես բնությունը: Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես ենք աշխատում:
Սիսակը եւ Դիանան մնացել էին վերեւում եւ չէին իջել սարի ստորոտը, այդ պատճառով որոշեցինք ճանապարհը ընդհատել եւ հետ վերադառնալ նրանց մոտ: Մինչ այդ եղբայրս հեռացել էր մեզնից, եւ չէինք կարողանում գտնել նրան: Եղբորս ձայն տալով բարձրանում էինք վեր: Քանի որ մեր հյուրերը սովոր չէին այդպիսի ճանապարհների, եթե, իհարկե, կարելի է դա ճանապարհ համարել, չէին կարողանում արագ քայլել եւ հոգնել էին: Բարձրանալու ընթացքում Լիլիթը մի ծաղիկ նկարեց, որը բուժիչ հատկություններ ունի: Դրանով թեյ են պատրաստում: Լիլիթը կարծում էր, որ դա ուրց է, բայց ես ասացի, որ դա խնկածաղիկ է: Այսպես դանդաղ, հանգիստ, մի քիչ հոգնելով հավաքել էինք կես դույլ մոշ: Երբ հասանք Սիսակի ու Դիանայի մոտ, Լիլիթը ցույց տվեց ծաղիկը: Սիսակը մտածում էր, որ դա դաղձ է: Եվ այդպես էլ չկարողացանք նրան հակառակը համոզել:

Մինչ կատակում էինք, հայտնվեց եղբայրս, ի դեպ բավականին բարկացած, որովհետեւ շատ էր ձայն տվել, փնտրել ինձ, բայց չէր գտել: Նա նույնպես հավաքել էր մոշ: Մեր հավաքածները միավորեցինք եւ որոշեցինք հետ դառնալ տուն: Չմոռանամ ասել, որ մոշը հենց նրանք էլ գնեցին: Ամենաուրախ եւ զվարճալի դեպքը տեղի ունեցավ վերջում: Հետ գալու ժամանակ ես եւ Լիլիթը մի քիչ առաջ էինք քայլում: Հանկարծ լսեցինք ինչ-որ ձայն, այն նման էր աքլորի ձայնի: Ձայնը բավականին երկար ժամանակ տեւեց: Լիլիթին ասացի, որ երեւի արձագանքում է, որովհետեւ մոտակայքում կային փոքրիկ տներ, որտեղ մարդիկ անասուններ էին պահում: Բայց ամենաանսպասելին տեղի ունեցավ, չեք էլ պատկերացնի: Լիլիթը բացահայտեց, որ դա իր հեռախոսի զարթուցիչն էր: Վա~յ, այնքան էինք ծիծաղել: Երեւի այս առավոտվա ամենազվարճալի դեպքն էր: Ես եւ եղբայրս մեծ բավականություն ստացանք: Ընդամենը երկու ժամ, որն իր մեջ պարունակեց մի փոքրիկ դրվագ մեր կյանքից: Հուսով եմ, որ մեր երեւանցի ընկերները նույնպես հավանեցին մեր էքսկուրսիան: Շատ ուրախ եմ, որ նման մարդկանց հետ եմ ծանոթացել: Շատ շնորհակալ եմ, որ եկան, շփվեցինք, նորանոր տեղեկություններ իմացանք: Այսօր նրանք կգնան, իսկ մեր ամառային առօրյան էլի նույն կերպ կշարունակվի. լուսադեմից առաջ կբարձրանանք սար` մոշ ու ազնվամորի հավաքելու, արեւի առաջին ճառագայթներով որոշելու եղանակը, մրցելու մյուս երեխաների հետ, թե ով ինչքան կարողացավ հավաքել, եւ այսպես մինչեւ սեպտեմբեր: