lilit vardanyan

Այն մասին, թե ինչ է նշանակում սովորել հաշվապահություն

Վերջին մասնագիտությունը բժշկից հետո, որ կուզեի սովորել, հաշվապահինն է: Չեմ սիրում գրասենյակային աշխատանքներ: Երբ ամբողջ օրը սենյակում նստած պետք է անհետաքրքիր թվերի ու փաստաթղթերի հետ գործ ունենաս:  Այսպես էի մտածում, երբ նոր էի սկսում սովորել հաշվապահությունը:

Առաջին բանը, որ սովորել եմ՝ փաստաթուղթը լրացնելուց պետք է շատ զգույշ լինել ու գումարի թիվը գրելուց չսխալվել: Լինում են դեպքեր, երբ 0 թվի սխալներ են լինում: Նաև կարող է փաստաթղթում գրված լինել, որ հաշվարկը հազար դրամով է կատարվում: Ու այդ դեպքում 50 հազարի փոխարեն պետք է գրել 50:

Ֆրանսիական քոլեջում սովորելու առաջին տարվա ընթացքում մտածում էի, որ երբ ավարտեմ սովորելը, հաշվապահությունից ամեն ինչ կիմանամ: Եթե անգամ այդպես լինի, հաշվապահ չեմ դառնա, որովհետև ձանձրույթից կմեռնեմ:

Երկրորդ բանը, որ սովորեցի՝ ակտիվ= պասիվ+ սեփական կապիտալ: Կազմակերպության ակտիվները միշտ հավասար են պասիվներին: Ակտիվները կազմակերպության միջոցներն են, իսկ պասիվները՝ դրանց ստացման աղբյուրները:

-Կազմակերպությունում ճանճը տզզաց, հաշվապահը պիտի գրի,- ասում է ընկեր Կիրակոսյանը:

Սովորեցինք՝ ինչպես լրացնել հաշվապահական փաստաթղթեր: Փաստաթղթավորումը սովորելու շնորհիվ հաշվապահությունը սկսեց որոշ չափով հետաքրքրել ինձ: Թվերը ոչ միշտ են անհետաքրքիր կամ տխուր լինում: Օրինակ՝ երբ բալանսում ակտիվի ու պասիվի թվերը համապատասխանում են, ունենում ես նույն զգացողությունը, ինչ մաթեմատիկայի դժվար խնդրի լուծումն ու ստացածդ պատասխանները համընկնելիս:

Բայց կան նաև վատ կողմեր: Այն ահավոր զգացողությունը, երբ աշխատավարձից հանեցի բոլոր հարկերը ու ստացա «կեղտոտ» աշխատավարձի թիվը:

Կյանքից սկսեցի հիասթափվել այն ժամանակ, երբ իմացա հարկային օրենսդրության մասին:  Հարկերը պետության բյուջեի հիմնական մասն են կազմում: Կան հարկերի շատ տեսակներ, որոնք պետք է բոլոր կազմակերպությունները վճարեն: Սկզբում ինձ թվում էր, որ հաշվապահ լինելը հեշտ է, բայց հենց իմացա հարկային տեսչության մասին, հասկացա, թե իրականում ինչ պատասխանատու մասնագիտություն է:

Երրորդ կուրսում սկսեցին կասկածներ առաջանալ՝ արդյո՞ք այն, ինչ սովորում եմ, բավական է հաշվապահ դառնալու համար: Հարցիս պատասխանը ստանալու համար գնացի «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»՝ այնտեղ պրակտիկա անցնելու:

Ես չէի փոխել իմ միտքը այն մասին, որ գրասենյակային աշխատանքն անհետաքրքիր է, մինչև չզգացի, թե ինչ լավ մթնոլորտ է ներսում: Իմ սեփական սեղանին համակարգիչ, նոթատետր, կպչուն թղթեր ու գրիչներ ունենալը ինձ շատ դուր եկավ: Ուզում էի որքան կարելի է շուտ գործի անցնել:

Ես ակնկալում էի, որ իմ ստացած գիտելիքներն ու պրակտիկայի ժամանակ արած աշխատանքը կարող են տարբերվել: Համակարգչով աշխատելը շատ հավես էր: Քոլեջում սովորել էինք ինչպես կազմել փաստաթղթերը թղթով և գրիչով: Կազմակերպությունում դա անում էի համակարգչով:

Նաև սովորեցի Excel ծրագրի բանաձևեր, որոնք օգնում են աղյուսակներ կազմելիս և հաշվապահության մեջ:

Կային աշխատանքներ, որոնք այնքան էլ հաճելի չէին: Օրինակ՝ անցած տարիների փաստաթղթերը դասավորելը կամ ՀԾ ծրագրի և Excel-ի աղյուսակները համեմատելը: Ու էլի ունենում էի խնդրի պատասխանը ստուգելուց առաջ կասկածի զգացողությունը: Ուզում էի, որ բոլոր թվերը համապատասխանեն:

Հաշվապահությունում ամենաշատը ինձ դուր չի գալիս այն, որ օրենքներն անընդհատ փոխվում են: Օրենքները՝ որպես օրենք այնքան բարդ են գրված, որ մի քանի օր հետազոտություն պետք է անել, որ հասկանամ, թե այդ երկար ու բարդ բառերի տակ ի՞նչ պարզ նախադասություն է թաքնված:

Հիմնականում հաճույք էի ստանում աշխատանքից ու մթնոլորտից: Հասկացա, որ սովորելը բավական չէ մասնագետ դառնալու համար: Տարիների պրակտիկայի միջոցով է կարելի դառնալ մասնագետ:

Երևի վերջին մասնագիտությունը, որ կուզեի սովորել բժշկից հետո, հաշվապահինը չէ: