ani tadevosyan lori

Այստեղ արևն ուրիշ է

Նկարիչը վերցրեց վրձինը և նկարեց այն արևածաղիկները, որոնք երկար ժամանակ է՝ դրված էին սեղանին։ Արևածաղիկները լողում էին արևի շողերի մեջ՝ ստեղծելով դեղինի և գազարագույնի հետաքրքիր երանգ։ Նա նկարում էր արագ, առանց վրձինը կտավից հետ քաշելու, նայում էր մեկ արևին, մեկ արևածաղիկներին։

Վինսենթ վան Գոգ։ Բոլորս գիտենք և սիրում ենք նրան։ Նա այն նկարիչն է, ում մասին պատմվում են տարբեր առասպելներ և հորինվում պատմություններ։ Նկարիչ, ով իր նկարների միջոցով արտահայտեց իր յուրահատկությունը։ Նա չնկարեց դքսուհիներին, չնկարեց շքեղ պալատներ, նա ուղղակի նկարեց հասարակ գյուղացու կյանքը։ Այն գյուղացու, ով ամբողջ օրը ջանք չխնայելով՝ ստեղծում և հայթայթում էր իր օրվա հացը։ Ես սիրեցի վան Գոգին այն բանի համար, որ նա ցույց տվեց կյանքի իսկական էջը, նա պարզության մեջ ստեղծեց իրենը՝ իր անմոռանալի կապույտ և դեղին կտավները, որոնք դեռ շատ են սիրվելու և գնահատվելու մարդկանց կողմից։

«Այստեղ արևը ուրիշ է»։ Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արևի մասին էր նա խոսում։ Այն արևի մասին, որ ջերմացնում էր ամբողջ քաղա՞քը, թե՞ այն արևի, որն իր ներսում էր։ Չգիտեմ, միգուցե դա ոչ երկնքի, և ոչ էլ իր ներսի արևն էր, հնարավոր է՝ դա այն արևն էր, որը նա գտավ ինչ-որ մի տեղ, նա գտավ և նկարեց այն։ Նկարեց արևի դեղինը ամեն տեղ, նույնիսկ այնտեղ, որտեղ գիշեր էր և խավար:

Ես սովորեցի նրա կտավներից գտնել գեղեցիկը, իսկ այնտեղ գեղեցիկն ամենուր է՝ աղքատ գյուղացու աշխատանքից սկսած, և իր արևածաղիկներով վերջացրած։

Վինսենթ Վան Գոգը ինձ համար միշտ կմնա այն նկարիչը, ով ապրեց և մահացավ միայն ստեղծագործելու համար։ Ես սովորեցի նրանից նկարչության մեծագույն գաղտնիքներից մեկը՝ նկարել սեփական ես-ի համար և ստանալ դրանից հաճույք։