image2

Այսօր գիրք նվիրելու օրն է

Քեթրին Պատերսոն

Հատված «Հրաշալի Գիլի Հոփկինսը» վիպակից

Հյուրը

 

Գոհաբանության տոնից մի քանի օր առաջ պարոն Ռենդոլֆը գրիպով հիվանդացավ: Ըստ էության, գրիպը ծանր հիվանդություն չէ, սակայն պարոն Ռենդոլֆը ծեր էր, իսկ ծերունիների համար, ինչպես ասում էր Տրոտերը, ամեն հիվանդություն դժբախտություն է:

Տրոտերն ու Գիլին ձեղնահարկից վար իջեցրեցին ծալովի մահճակալն ու դրեցին հյուրասենյակում, որն սկսեց հիվանդասենյակի նմանվել:

Երկար ժամանակ քննարկում էին, թե արդյոք կարիք կա՞ ծերունի հոր հիվանդության մասին տեղյակ պահել նրա որդուն՝ նշանավոր փաստաբանին: Պարոն Ռենդոլֆը վստահ էր, որ որդին, իմանալով այդ մասին, անմիջապես կգա և իրեն ընդմիշտ կտանի Վիրջինիա: Ու թեև Տրոտերը դա լավ էր գիտակցում, սակայն իր բարոյական պարտքն էր համարում մերձավորներին տեղեկացնելը:

-Պատկերացնո՞ւմ եք, նա այցի է գալիս, իսկ դուք հիվանդ եք: Մի՞թե դրանից հետո նա ձեզ կվստահի: Այդ ժամանակ նա առանց հապաղելու ձեզ այստեղից կտանի:

Սակայն պարոն Ռենդոլֆը կարծում էր, որ կարելի է փորձել: Վերջապես համաձայնության եկան: Որոշեցին ծերունուն տեղափոխել Տրոտերի տուն, որպեսզի իրենց աչքի առաջ լինի:

-Բա որ հանկարծ մեր տանը մահանա՞ք:

-Պատվովս եմ երդվում, ձեր տանը չեմ մահանա:

-Գիլի, եթե նրա վիճակը վատթարանա, մենք նրան իսկույն իր տուն կտանենք, թե չէ, էդ նշանավոր փաստաբանը մեկ էլ տեսար դեռ մեզ դատի տա:

-Եթե ես ձեր տանը մեռնեմ, ինձ դատի կտաք: Եվ թող իմ ողջ ունեցվածքը ձեզ հատկացնեն,-ասաց պարոն Ռենդոլֆն ու պառկեց մահճակալին:

-Մեռնելուց հետո դուք անգամ թոշակ չեք ստանա: Ինձնից ձեզ խորհուրդ՝ ապրեք, ինչքան ուզում եք:

-Այդպես էլ կլինի, միայն թե վախենամ երկար պառկել ցանկանամ, քանի որ ինձ ձեր նման հմայիչ երկու լեդի են խնամելու:

-Դե ինչ, փորձենք: Բայց եթե մի շաբաթից ոտքի չկանգնեք, ոչ տոնական սեղանի, ոչ էլ հնդուհավի երես չեք տեսնի:

Պարոն Ռենդոլֆի վիճակը մի քանի օրից իսկապես լավացավ, սակայն տոնի նախօրեին Տրոտերն ու Ուիլյամ Էռնեստը վարակվեցին:

Տրոտերը պայքարում էր մինչև վերջ, սակայն նրա ջերմությունն այնքան բարձր էր, որ գլխապտույտի պատճառով ոտքի վրա չէր կարողանում մնալ: Թեև նա ընդվզում էր, սակայն Գիլին ոչ երեքշաբթի, ոչ էլ չորեքշաբթի օրը դպրոց չգնաց և մնաց նրանց խնամելու:

Գոհունակության տոնի օրը Գիլին լրիվ հալից ընկել էր, քանի որ մի հիվանդից մյուսի մոտ էր վազում, ողջ ժամանակ վերուվար անելով աստիճաններով:

Գիլին չվարակվեց իհարկե, սակայն անքնությունից, շարունակ անհանգստանալուց ու հոգսերից դարձել էր շատ դյուրագրգիռ:

Նա բժիշկ էր կանչել պարոն Ռենդոլֆի համար, մեկ այլ բժիշկ` Տրոտերի համար, մի մանկաբույժ էլ՝ Ուիլյամ Էռնեստի: Նրանք պետք է անկողնում մնային, ասպիրին խմեին, որպեսզի ջերմությունը թողներ:

Տրոտերը պատվիրեց տղայի մարմինը շփել խոնավ սրբիչով, որպեսզի ջերմ իջնի:  Ուիլյամ Էռնեստի վիճակը մի քիչ թեթևացավ, սակայն միայն ժամանակավոր:

Տանը սարսափելի խառնաշփոթ էր տիրում, անգամ խոհանոցում և հյուրասենյակում, որտեղ Գիլիից բացի ոչ ոք չէր մտնում: Տունն ասես ռմբակոծվել էր: Գիլին այնքան ուժասպառ էր, որ նույնիսկ չէր հասցնում իր հետևից հավաքել: Հինգշաբթի էր, սակայն Գիլին տոնի ժամանակ չուներ: Գիլին ուզում էր նախաճաշել, երբ հնչեց դռան զանգը: Գիլին վեր թռավ: Միգուցե փաստաբանի որդին չի հավատացել հոր խոսքին, և հիմա եկել է տեսնելու, թե ինչու հայրը չի կարող տոնն իրենց հետ անցկացնել: Հետո մտածեց, որ եկողը միգուցե Ագնես Սթոուկսն է: Էլի եկել է քիթը ուրիշների գործերի մեջ խոթելու:

Դռան առաջ կանգնած էր մի կարճահասակ գիրուկ տիկին՝ սև գլխարկի տակից երևում էին նրա սպիտակ վարսերը: Կինը հագել էր սև վերարկու և դրել սև ձեռնոցներ:

Կինն ուշադիր զննում էր Գիլիին: Աղջիկը չէր հասկանում՝ կինը վախեցա՞ծ է, թե՞ սոված: Հետո հիշեց, թե նման դեպքերում ինչ է ասում Տրոտերն ու արագ վրա բերեց.

-Շնորհակալություն, մենք այսօր ոչ մի բան չենք ուզում գնել: Բացի այդ, մենք քրիստոնյա ենք:

-Մի րոպե,-ասաց տիկինը,-դու Գալադրիել Հոփկինսն ե՞ս:

-Դուք ո՞վ եք,-Գիլիի հարցն այնքան անհեթեթ հնչեց:

-Ես…,-կինն այլայլվեց,-ինձ թվում է, ես քո տատիկն եմ:

Եթե նա ասեր՝ կախարդուհի եմ, Գիլին ավելի քիչ կզարմանար:

-Կարելի՞ է ներս մտնել:

Գիլին լուռ մի կողմ քաշվեց և ներս թողեց կնոջը:

Ճաշասենյակից լսվում էր հիվանդ ծերունու խռռոցը: Միայն թե չմտնի ներս ու չտեսնի վերմակի տակից դուրս ցցված սևամորթ ծերունու երեսը: Սակայն կինն իհարկե ներս նայեց, թեթևակի ճոճեց գլուխն ու շուռ եկավ դեպի Գիլին:

-Գիլի, այդ ո՞վ եկավ:

Գրողը տանի, Տրոտերը երևի լսել է դռան զանգը:

-Ամեն ինչ կարգին է, Տրոտեր,-բղավեց Գիլին:

-Ուզո՞ւմ եք նստել,-հարցրեց նա հյուրին:

Գիլին հյուրի հետ մտավ հյուրասենյակ և ձեռքով ցույց տալով բազկաթոռը, առաջարկեց,-նստեք, խնդրեմ:

Հյուրը նստեց բազկաթոռի ծայրին, որպեսզի կարճլիկ ոտքերը հասնեն հատակին:

-Ուրեմն այսպես…

Գիլին փորձում էր հասկանալ: Այս հնաոճ վերարկուով ու գլխարկով կինն իր մոր՝ Կորտնիի մա՞յրն է: Գիլին երբեք չի պատկերացրել, որ Կորտնին կարող է մայր ունենալ: Կորտնին գոյություն ուներ ժամանակից դուրս, աստվածուհու նման, իբրև կատարելության մարմնացում:

-Քո անունը Գալադրիել է, ճի՞շտ է,-կինը խոսում էր հարավային ակցենտով, սակայն խոսքը մետաքսի պես նուրբ էր: Ոչ թե իր որդեգիր Տրոտերի պես կոպիտ ու կռվազան…

Գիլին գլխով արեց:

-Իմ աղջիկը…,-կինը քրքրեց հնամաշ պայուսակն ու հանեց մի նամակ,-իմ աղջիկը տանից հեռացել է շատ-շատ տարիներ առաջ: Ես… Իմ ամուսինը և ես երբեք… Ներեցեք…

Կինը անհաջող փորձեր էր անում բառեր գտնելու, որպեսզի պատմեր իր դառը պատմությունը:

-Ամուսինս…,-նա փորձեց ժպտալ,-քո պապը, մահացել է համարյա տասներկու տարի առաջ:

«Հավանաբար պետք է ինչ-որ բան ասել»,-մտածեց Գիլին:

-Ափսոս…

-Այո, այո, շատ ծանր է,-կինն արցունքները զսպելով մի կերպ արտաբերեց:

Գիլիին էլ վիճակվել էր նման կերպ զսպել արցունքները: Ինչ ծանոթ է այս ամենը:

-Մենք… Ես այն ժամանակ փորձեցի կապվել քո մոր՝ Կորտնիի հետ: Սակայն դա ինձ չհաջողվեց: Բանն այն է…

Նա լռեց, պայուսակից հանեց թաշկինակը:

«Դե, սրբիր քիթդ, բալիկս, ինչո՞ւ ես ամաչում: Կթեթևանաս…»,-Տրոտերն այդպես կասեր, սակայն Գիլին ոչ մի բառ չկարողացավ արտաբերել:

-Բանն այն է, որ այս նամակը… Այս նամակն իմ աղջկանից տասներեք տարվա մեջ առաջին նամակն է…

Նա խղճաց կնոջը, չնայած նրա ցավը պիտի որ իրեն չհուզեր:

-Ես նույնիսկ չգիտեի, որ նա երե… Մի՞թե չէր ուզում այդ մասին հայտնել հարազատ մորը:

Հիմա խոսքը հավանաբար իր մասին կլինի, սակայն այդ ամենը նրան այնքան օտար էր թվում, ասես խոսքը հեռավոր մի ծանոթի մասին էր: Գիլին աշխատեց կարեկցանքով տմբտմբացնել գլուխը:

-Գիլի, իսկ ես քեզ հա կանչում էի,-դռնից բռնվելով ջերմությունից կարմրած դեմքով հայտնվեց Ուիլյամ Էռնեստը: Նա ներքնազգեստով էր: Օտար կնոջը տեսնելով տղան սառեց տեղում…

Կինն ուշադիր նայեց տղային, հետո ինչպես պարոն Ռենդոլֆին տեսնելուց, կտրուկ շրջվեց:

-Ներիր, Ուիլյամ Էռնեստ,-ասաց Գիլին,-չեմ լսել, որ կանչում ես ինձ: Ի՞նչ է պատահել,- և իսկույն հասկացավ, թե ինչ է պատահել: Տղայի գիշերազգեստը թաց էր: Գիլին վեր թռավ:

-Ներեցեք ինձ, ես հիմա կգամ:

Նա արագ-արագ տղային դուրս տարավ սենյակից: Սակայն դա այնքան էլ հեշտ բան չէր: Երեխան ջերմությունից ու սովից ուժասպառ էր եղել:

-Դու չպետք է ցած իջնեիր, Ուիլյամ Էռնեստ: Դու հիվանդ ես:

-Ես թրջել եմ տակս,- տխուր ասաց նա,- դիմացա-դիմացա…

-Գիտեմ, հիվանդ ժամանակ դժվար է:

Գիլին հագցրեց վերջին մաքուր փոխնորդը՝ մի կարճլիկ վարտիք ու շապիկ: Հանկարծ չմրսի: Փոխեց սավանը: Նրան ծածկեց իր վերմակով: Տղան պառկեց, շրջվեց դեպի պատն ու փակեց աչքերը:

-Գիլի, բալիկս,- ձայն տվեց Տրոտերը, երբ Գիլին անցնում էր նրա սենյակի կողքով,- դու հյուրե՞ր ունես:

-Չէ, հեռուստացույցն եմ միացրել:

Աստիճաններով իջնելիս Գիլին մազերը հարդարեց, ուղղեց շապիկը: Գիտեր, որ սարսափելի տեսք ունի: Խեղճ պառավ կինը երևի շշմել է իր տեսքից:

Երբ Գիլին մտավ սենյակ, կինը թույլ ժպտաց:

-Խեղճ աղջիկ,-ասաց նա:

Գիլին հետ նայեց: Հո Ուիլյամ Էռնեստն իր հետևից չի՞ գալիս: Ոչ ոք չկար:

-Աստված քեզ պահապան:

-Ի՞նձ:

-Կորտնին ճիշտ էր: Ես այնքան ուրախ եմ, որ դու գրել ես նրան: Ինչպե՞ս են համարձակվել քեզ այսպիսի ընտանիքի տալ:

«Ի՞նչ է խոսում այս կինը: Ի՞նչ տեղ»:

-Գիտես, ես չպետք է անսպասելի ներս խուժեի, բայց ես ուզում էի ամեն բան իմ աչքերով տեսնել նախքան որդեգրման գրասենյակի աշխատողներին հանդիպելը: Ներիր, սիրելիս…

Աստճանների կողմից լսվեցին ծանր ոտնաձայներ. Թըփ, թըփ, թըփ… Երկուսն էլ մի պահ քարացան:

-Ահ,- բացականչեց կինը: Դռների մեջ կանգնած էր վիթխարի ոտաբոբիկ մի ուրվական տղամարդու շերտավոր գիշերազգեստով. ալեհեր մազերը թափված էին ուսերին, աչքերի մեջ սառել էր սարսափը:

-Ես մոռացել էի,-բղավում էր ուրվականը ճոճվելով, -մոռացել էի:

Գիլին վեր թռավ:

-Ի՞նչ եք մոռացել:

-Հնդկահավը,- Տրոտերը հազիվ էր զսպում արցունքները,- տասնհինգ դոլար երեսունութ սենթ արժեր: Հոտել է: Կարծես թե չնկատեց հյուրին:

- Եթե հոտած լիներ, ես հոտը կառնեի,- Գիլին հայացք գցեց փոքրիկ կնոջը: Կինն էլ Ուիլյամ Էռնեստի նման վախվորած էր երևում:

-Գնացեք պառկեք, Տրոտեր, ես հիմա հնդկահավը կդնեմ ջեռոցի մեջ:

Վիթխարի կինը փորձեց հնազանդվել: Նա շրջվեց և քիչ մնաց վայր ընկնի:

-Ավելի լավ է՝ մի քիչ նստեմ,-ասաց նա խորը շունչ քաշելով,- գլուխս սարսափելի պտտվում է:

Գիլին երկու ձեռքը դեմ տվեց Տրոտերի մեջքին և ոչ այն է հրելով, ոչ այն է ուղեկցելով քաշ տվեց նրան դեպի բազմոցը: Սակայն Գիլին զգում էր, որ դժվար թե նրան մինչև բազմոց հասցնի:

-Օ, Աստված իմ,- բացականչեց Տրոտերը՝ վայր ընկնելով գորգին ու իր հետ վայր գցելով Գիլիին:

Տրոտերը նմանվել էր մեջքի վրա շրջված անզոր կրիայի:

-Աշխարհի վերջը եկավ,-ծիծաղելով բացականչեց նա,-երևի քեզ ճզմեցի:

-Ի՞նչ է պատահել,- բեմահարթակին հայտնվեց երրորդ դերասանը:

-Գիլի, բալիկ ջան, դու ո՞ղջ ես,- հարցրեց Տրոտերը և առանց պատասխանի սպասելու ասաց,- պարոն Ռենդոլֆ: Ամեն ինչ կարգին է:

-Բայց ինչ որ մեկը ընկավ, ես լսեցի ձայնը:

-Ըհը, դա ես ընկա,- Տրոտերը համառորեն փորձում էր ոտքի կանգնել,- հիմա ամեն ինչ կարգին է, ճիշտ չէ՞, Գիլի:

-Տրոտեր, մի կողմ քաշվեք,-մի կողմ քաշվեք՝ դուրս գամ:

-Ի՞նչ է պատահել: Ի՞նչ է պատահել,-անընդհատ կրկնում էր պարոն Ռենդոլֆը:

-Խեղճ երեխա, խեղճ Գիլի,- հառաչեց Տրոտերը և ազատեց Գիլիին:

-Գիլի, ձեզ ի՞նչ է պատահել,- տագնապած հարցրեց Ռենդոլֆը:

Գիլին վեր կացավ, թափ տվեց վրայի փոշին և բռնեց կույր ծերունու ձեռքից:

-Եկեք, ես ձեզ կուղեկցեմ դեպի ձեր մահճակալը:

Մինչև Գիլին հետ վերադարձավ, Տրոտերը հասել էր բազմոցի մոտ: Նա հենվել էր բարձին ու հայացքը չէր կտրում սփրթնած անծանոթուհուց:

-Բա ասում էիր` տանն ուրիշ մարդ չկա,- հանդիմանանքով ասաց նա Գիլիին:

-Ես կարծում եմ լավ կլինի՝ գնամ,-ասաց նա վեր կենալով,-ես հավանաբար ճիշտ ժամանակ չէի ընտրել այցի համար:

Գիլին նրան ուղեկցեց մինչև դուռը:

-Ուրախ էի ծանոթանալ,- ինչքան հնարավոր է քաղաքավարի ասաց Գիլին:

Չէր ուզում, որ կինը վատ մտածի իր մասին: Ինչ էլ լինի, համենայնդեպս այդ կինը Կորտնիի մայրն էր:

Կինը դռների մեջ կանգ առավ, հետո շրջվեց ու անսպասելի համբուրեց աղջկա այտը:

-Դու այստեղ շատ չես մնա, ես քեզ խոստանում եմ,-շշնջաց նա:

Հոգնածությունից Գիլիի ուղեղը չէր աշխատում: Նա գլխով արեց և փակեց դուռը: Եվ հետո, երբ Տրոտերին պառկեցրեց անկողնում, հնդկահավը մտցրեց ջեռոցը, նոր հասկացավ, թե ինչ էր ասում կինը:

-Աստված իմ:

Կարևոր չէ, թե ինչ մտածեց այդ կինը, որդեգրման գրասենյակում նրան ամեն ինչ կբացատրեն, թե ինչ էր այստեղ կատարվում: Ոչ ոք չի կարող Գիլիին ստիպել լքել այդ տունը, հատկապես հիմա, երբ ինքը այդքան պետք է տան բոլոր անդամներին: Եվ հետո… Տրոտերը թույլ չի տա իրեն այս տանից տանել: «Երբեք, երբեք, երբեք»,- ասաց ինքն իրեն: