Անակնկալ հանդիպում Լեյլա տատիկի հետ

Օրեր առաջ Կալավանում էր հյուրընկալվում մեր շատ սիրելի հեղափոխական տատին՝ Լեյլա տատին: Նրան մեզ մոտ՝ Կալավան էր հրավիրել Վահե Դարբինյանն իր հյուրատանը ՝ «Huga Hous»- ում հանգստանալու: Նրանց Դպրաբակ գյուղից դիմավորել էր «Time land» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը:

Գյուղում նրանց դիմավորեցինք մեծ սիրով, փուչիկներով, քաղցրավենիքով: Ուրախ, ժպտերես, էներգիայով լի մի տատիկ, որի աչքերը, կարծես հեքիաթի հերոսուհու աչքեր լինեն, իսկ ձեռքերը նուրբ ու փափուկ:

Տատիկն անչափ ուրախացել էր, ճաշելուց հետո գնաց հանգստանալու: Ի դեպ, մոռացա նշել, որ նա միայնակ չէր, եկել էր իր ազգականի հետ:

Երեկոյան մենք՝ ես, քույրիկս և հարսիկս որոշեցինք այցելել տատիկին:

-Բարև Ձեզ:

-Վա՜յ, բարև Ձեզ, համեցեք նստեք:

-Ինչպե՞ս եք, տատի ջան:

-Լավ եմ, ապրեք, երեխեք ջան: Եկել եք նկարվե՞ք, եկեք, եկեք՝ նկարվենք:

-Ճիշտն ասած, տատի ջան, եկել ենք Ձեզ հետ ծանոթանալու և մի փոքր զրուցելու, բայց անպայման կնկարվենք:

Նստեցինք, երկա՜ր-երկա՜ր զրուցեցինք: Տատիկը մեզ պատմեց դրվագներ իր կյանքից, նաև պատմեց, թե ինչպես է մասնակցել Թավշյա հեղափոխությանը, ժամեր շարունակ կանգնել Հանրապետության հրապարակում:

Տատիկը լսողության հետ մի փոքր խնդիր ուներ, քանի որ փոքր ժամանակ պատվաստում էին արել, և նա զրկվել էր լսողությունից: Երկարատև բուժումների հետևանքով լսողությունը փոքրիշատե վերականգնվել էր:

Մենք երեխաներով տատիկի համար «Դուխովը» երգեցինք, ուրախ ծափ էր տալիս, ոգևորում, նաև հպարտանում, որ նման փոքրիկ գյուղում այսքան հայրենասեր երեխաներ կան:

Մենք էլ մեր հերթին ենք շնորհակալ, թե Լեյլա տատիկին, թե նրա պես հարյուրավոր մարդկանց, ովքեր ոտքի կանգնեցին՝ մտածելով մեր վաղվա օրվա մասին: