Անծանոթ բարեկամը…

Եռաբլուրում շատ Հերոսներ կան… Բոլորն էլ հարազատ են, սիրված ու չմոռացված, բայց հազարավորների մեջ կա մեկը, ում մասին ուզում եմ խոսել:

Եռաբլուր գնալուց միշտ այցելում եմ Նրան ու ժամերով խոսում: Ուղղակի այնքան ուշ-ուշ եմ գնում նրա մոտ, որ Եռաբլուրում էլ ավելի շատ Հերոսներ են ավելանում, ու նրան գտնելն ինձ համար էլ ավելի դժվար է լինում: Առանց այդ էլ այնտեղ գնալն ինձ համար միշտ դժվար է, որովհետև ես զգացմունքներս ցուցադրել չեմ սիրում, ամեն կերպ պահում եմ ինձ, բայց Եռաբլուրն այդ վայրը չէ: Այնտեղ անգամ ամենաուժեղ մարդիկ են ցավի ու հպարտության առաջ ծնկի գալիս… Էլ ուր մնաց` էմոցիաները կարողանան թաքցնել կամ չարտասվել:

Այնտեղ միշտ շատ մարդիկ են լինում, ովքեր ինձ նման նստում և ժամերով խոսում են նրանց հետ, պատմում ամեն ինչի մասին կամ ուղղակի լռում ու մտածում, թե` հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, կփրկեին նրան, չէին թողնի, որ գնար, նրա տեղը կգնային…

Պատմում են եղանակի մասին, որ նրանց հեռանալուց հետո դրսում ինչքան էլ տաք լինի, արևն ինչքան էլ ջերմացնի, մեկ է՝ սկսում ես դողալ, մրսել ու չտաքանալ:

Այցելում են իրենց երեխաների, քույրերի, եղբայրերի հետ, ում ծնվելը նրանք այդպես էլ չհասցրեցին տեսնել, այցելում են ավարտական շորերով ու դիպլոմներով. կյանքի կարևոր օրերը պետք է, ախր, անցկացնել հարազատ մարդու հետ, կապ չունի նրա գտնվելու վայրը:

Նայելով այդ ամենին, զգացմունքներս խառնվում են իրար: Սկսում եմ ժպտալ, ուրախանալ, բայց հանկարծակի տխրել, որովհետև գնալով մոտենում էի Նրան…

Վերջապես… Գտա նրան, ում փնտրում էի: Տեսա, որ թարմ ծաղիկներ են դրված, հասկացա, թե ինձանից առաջ այստեղ ով է եղել…

Ձեռքիս ծաղիկները դրեցի ու նստեցի դիմացի նստարանին ու անթարթ սկսեցի նայել նրան, նայելով այնքան հարազատ բան էի զգում, չգիտեմ, թե դա ինչի հետ էր կապված:

Սկսեցի խոսել ու պատմել, թե այս ընթացքում, երբ իրեն չեմ այցելել, ինչեր են փոխվել, ովքեր են եկել իմ կյանք, ովքեր հեռացել, ինչքան ցավ են պատճառել, բայց իր օրինակին հետևելով ոչ ոքից չեմ նեղացել, չեմ չարացել: Շատ խոսեցինք տարբեր թեմաներից, բայց վերջում ամենակարևորն էի թողել՝ ներողություն խնդրելը, բայց դա ապրել կամ չապրելու, ուրախանալու կամ տխրելու, բարձր երաժշտություն լսելու կամ հեռավորությամբ ուրախանալու համար ներողություն չէր դա. ավելի խորն էր, ամեն ինչ այլ էր….

Ներողություն էի խնդրում, որովհետև երբ վերջին անգամ այցելել էի Նրան, խոսք էի տվել, բայց այդպես էլ խոստումս պահել չկարողացա, բայց չսկսեցի արդարանալ, խոսելով հանգամանքների մասին, ուղղակի շարունակեցի ներողություն խնդրել, որ ընկերոջը միայնակ եմ թողել, վիշտը չեմ կիսել, չեմ օգնել: Կամ միգուցե օգնել եմ, կամ միգուցե չստացվեց: Այդ այն հարցն է, որի պատասխանը դժվար էլ կարողանամ իմանալ, բայց մեկ կարևոր բան կար. նա երբեք չէր մեղադրի, նա կհասկանար…

Նրա մասին խոսելուց անցյալի ու ներկայի մեջ խճճվում եմ: Չէ՛, նա ինձ համար միշտ ներկա կլինի, ուղղակի չգիտեմ ճիշտը անցյալո՞վ խոսելն է, թե՞ ներկայով, իսկ  միգուցե այս հարցում ներկա ու անցյալ չկա, ճիշտ ու սխալ չկա:

Չգիտեմ…

Նրանից ներողություն խնդրելը շատ դժվար էր, ոչ թե որ ես այդ բառը չեմ սիրում, կամ ներողություն խնդրել չեմ սիրում, կամ ինձ մեղավոր էի զգում, ուղղակի ոնց էր կարելի Նրան տված խոստումը չպահել, բայց չէ՞ որ մենք սխալների վրա ենք սովորում, իդեալական մարդիկ չկան, չվրիպող մարդիկ չկան:

Դժվար էր մի բանը երկրորդ անգամ անելը, բայց ես ուժեղ եմ, չէ՞…

Հավաքեցի ինձ ու ցաքուցրիվ եղած մտքերս: Նայեցի ուղիղ իր նկարին ու խոստացա…

Խոստացա, որ այս կյանքում, անգամ եթե լքեմ ես, կամ լքեն ինձ, նա կմնա միակը, ում ես չեմ լքի Երբեք…