Hrayr Axavelyan

Անկեղծ զրույց

Ես Հրայրն եմ Աղավելյան: Ծնվել և մեծացել եմ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Իմ մանկության լուսավոր և անհոգ տարիները անցել են հենց Գորիսում: Ընտանեկան ջերմ մթնոլորտ, ընկերական անկեղծ հարաբերություններ, ինտելեկտուալ, բանավիճային խաղեր, դպրոցական խենթ օրեր:

Ես նկարագրեցի իմ 18 տարիների միայն մի փոքրիկ մասը: Իրականում ես շատ ավելի մեծ ուժով եմ կապված Գորիսի հետ: Եթե կան կարծիքներ, թե Գորիսը քիչ հնարավորությունների, հեռանկարի քաղաք է, ես կժխտեմ. Գորիսը լայն հեռանկար և հնարավորություններ ունեցող քաղաք է: Ուրախ եմ տեղեկացնել, որ թե մշակութային, թե հասարակական կյանքը նոր թափ է ստանում: Կտրվել քո հայրենի քաղաքից, ծննդավայրից, թողնել ամեն ինչ և տեղափոխվել Երևան, այդքան էլ հեշտ չէր: Կցանկանամ իմ ընթերցողի հետ անկեղծ զրուցել իրական փոփոխությունների վերաբերյալ:

Հետպատերազմական շրջանը ինձ համար, կարելի է ասել, վերաարժեվորման մի փուլ էր: Ես սկսեցի ուրիշ կերպ վերաբերվել իմ տանը, իմ քաղաքին, ընտանիքիս, հայրենի լեռներին ու շրջապատող կարևոր մարդկանց:

Կարևորը այն է, ինչ ունես, ոչ թե` ինչքան ունես: Սա թափանցեց իմ գիտակցության մեջ: Սկսեցի արշավների մասնակցել: Իմ արշավական ընկեր Միքայելից շատ բան եմ սովորել վերաարժեվորման այդ փուլում: Արշավների արդյունքում հայրենիքս մտավ իմ սրտի մեջ, իմ մարմնի մեջ, զգացի, որ հայրենիքն իմն է, և այն չեն զիջում: Ամեն մի քարը պատմություն ունի պատմելու մեր Հայաստանում:

Այդ ամենին զուգահեռ ես նաև քննական շրջանում էի. ես պատրաստվում էի այդքան իրադարձություններից հետո իրականացնել տարիների երազանքս և ընդունվել իրավագիտության ֆակուլտետ: Եթե անկեղծ, այս պահին զարմանում եմ, թե ինչպե՞ս եմ այդքանից հետո տրամադրվել և կենտրոնացել նպատակիս վրա:

Բարեհաջող հանձնեցի քննություններս, ընդունվեցի համալսարան: Եկավ ընկերներիցս ժամանակավոր բաժանվելու ժամանակը: Նրանք գնում էին հայրենիքին ծառայելու: Կյանքի ընկերներ, որոնց հետ հաղթահարել ենք մի ամբողջ հետպատերազմական ժամանակաշրջան: Իսկապես, այդքան թանկ մարդկանց հրաժեշտ տալը չափից դուրս բարդ էր ինձ համար: Նրանք մի երկրորդ Հրայր էին:

Այնուհետև եկավ ընտանիքիս և Գորիսին հրաժեշտ տալու ժամանակը: Պատերազմից հետո Գորիսի հանդեպ սերը եռապատկվել էր: Ես մի ամբողջ ժամանակաշրջան թողել եմ այնտեղ և տեղափոխվել մայրաքաղաք (ի դեպ, հեշտ չէր): Ես ընդունում էի փոփոխությունը՝ գիտակցելով, որ ոչինչ էլ առաջվանը չի լինելու: Կփոխվեմ ես, կփոխվեն ընկերներս, կփոխվի և քաղաքը, սակայն հիշողությունները մեզ միշտ կբերեն անցյալ: Գիտակցում եմ, որ թշնամին իրոք սպառնում է Սյունիքին, և հատկապես Գորիսին, ես Երևանում տեղս չեմ գտնում, գիտեմ, որ ընկերներս հայրենիքն են պաշտպանում՝ վտանգելով իրենց կյանքը՝ տագնապում եմ:

Սակայն ես Երևանում ամեն ինչ սկսեցի գրեթե զրոյից: Նոր շրջապատ, նոր առօրյա, նոր մարտահրավերներ, փորձություններ: Ես զգում էի, որ պատրաստ եմ առերեսվելու: Հասկացա, որ փոփոխություններից չպետք է վախենալ, պետք է ընդունել մարտահրավերներն և գնալ հոսանքին հակառակ: Ինձ արդեն շատ ապրումներ են փորձել կոտրել, սակայն երբեք չպետք է թույլ տանք որևէ մեկին կոտրել մեր երազանքը: Ես գիտեմ, հիմա շատերն են վախենում փոփոխություններից, իրենց փափուկ անկյունից դուրս գալուց, սակայն հենց այդ մեծ փոփոխություններն են մեզ մեծ մարդ դարձնում, դրանց միջոցով ենք մենք հասունանում և աճում: Ամիսներ առաջ ես նույնպես վախենում էի, սական նպատակս հաղթեց վախին:

Մեր վճռականությունը դեպի մեր նպատակը ավելի կարևոր է, քան նպատակի ճանապարհին եղած դժվարությունների չափը: