Ani Ghulinyan

Անհավանական, պատմական ու հրաշալի

95-րդ րոպե, մեկ բալանոց երկրաշարժ, խելագարված մարզիչ ու իրենց աչքերին չհավատացող երկրպագուներ: Այս օրերին ամբողջ ֆուտբոլային աշխարհն է անորոշ վիճակի մեջ` Բարսելոնայի երկրպագուները,ՊՍԺ-ի երկրպագուները ու պարզապես ֆուտբոլասերներ:

Բարսելոնա – ՊՍԺ խաղի, ինչպես ցանկացած մեծ իրադարձության մասին շատ է խոսվել, ու դեռ էլի կխոսվի: Փաստեր, թվեր, մրցավարական սխալներ, վիճակագրություններ: Բայց իմ իմացած միակ փաստն այն է, որ երկրպագուների զգացածը ոչ մի թիվ ու ոչ մի վիճակագրություն բացատրել չի կարող: Կփորձեմ այս ու դրան նախորդող խաղի մասին պատմել ոչ թե թվերով, այլ պարզապես երկրպագուի աչքերով:
Առաջին խաղում Բարսելոնան Փարիզում պարտվեց 4:0 հաշվով: Ցավալի պարտություն էր (չնայած ոչ բոլորի համար), շատ էր խոսվում, որ ոչ մի թիմի չի հաջողվել եվրագավաթներում հաշվի այդպիսի տարբերությունը հետ բերել: Փարիզում իրենց հաջորդ փուլ անցնելու շանսերը 100 % էին գնահատում, իսկ Բարսելոնայում դեռ ուշքի չէին եկել կրած պարտությունից: Տանը, դպրոցում, ճանապարհին ու ցանկացած վայրում հանդիպում էին մարդիկ, ովքեր հարցնում էին.
-Տեսա՞ր Բարսան ոնց պարտվեց:
Չգիտեմ, տրամաբանական կլիներ , որ ասեի. «Չէ, գիտեք, քնել եմ ու չեմ տեսել, կպատմե՞ք»: Հաշվել եմ: Ուղիղ 13 հոգի ինձ տվել են նույն հարցը: Ու իմ համոզմանը , որ հաստատ հաջորդ խաղին լավ կխաղանք ու կանցնենք, պատասխանում էին. «Ի՞նչ ես ասում, հնարավոր չի»: Դե, փաստորեն հնարավոր էր: Որքան մոտենում էր երկրորդ խաղի օրը, այնքան մոտակա խաղի կարևորությունը ու յուրահատկությունն ավելի էր մեծանում` զգացվում էր ֆուտբոլիստների մարտական տրամադրվածությունը, վստահությունը սեփական ուժերին ու նաև երկրպագուների լավատեսությունը:Եվ իրոք, մեկ շաբաթ առաջ Բարսելոնայի հաջորդ փուլ անցնելուն թվում էր միայն հրաշքը կարող էր օգնել: Ու պարզվեց այդ հրաշքը ոտքեր ու ձեռքեր ունի, ու նաև անուն է` Սերխիո Ռոբերտո:
Վերջին, վճռորոշ գոլից հետո Բարսելոնայում վերջին տարիների ամենաուժեղ երկրաշարժն էր գրանցվել: Դե, որ 96 հազարից ավելի մարդ միասին ուրախությունից թռվռան, հաստատ երկրաշարժ կլինի: Շատերն ասում են, որ այս խաղը կարելի է դարի comeback-ը համարել, իսկ որ այն պատմական հանդիպում էր, միանշանակ է: Ես ինքս մի քանի տարի է, ինչ սկսել եմ ֆուտբոլ դիտել: Գուցե սրանից ավելի հետաքրքիր խաղեր են եղել, բայց ես չեմ կարող պարզապես միացնել YouTube-ը, նայել այդ խաղերը ու զգալ այն, ինչ հիմա եմ զգում: Շատ բաներ են խոսում խաղի մասին, քննարկում են հաղթանակի նախադրյալները, պարտության պատճառները, մրցավարական վրիպակները, բայց հիմա խաղն ավարտվել է, պատմությունն էլ կերտվել: Հարցնում են, թե ինչո՞ւ ենք սիրում ֆուտբոլը, անքուն գիշերներ անց կացնում հեռուստացույցի դիմաց, երկրպագում անծանոթ մարդկանց, ուրախանում ու տխրում նրանց համար: Ֆուտբոլը սիրում են հենց այսպիսի խաղերի համար, նրա համար, որ աչքիդ առաջ կարող է պատմություն կերտվել, իսկ դու էլ կարող ես դառնալ դրա մի մասնիկը:

Ֆուտբոլը շատ նման է կյանքին: Պարզապես, եթե կյանքում հնարավոր է հույսը դնել սեփական ուժերի վրա ու անհատական հաջողությունների հասնել, ֆուտբոլում այդպես հազվադեպ է պատահում: Այս խաղը ոչ միայն 109×90 չափերով կանաչ դաշտ է, 22 միլիոնատերեր, մեկ գնդակ ու բուքմեյքերական անթիվ գրասենյակներ, այլև ուսուցիչ, որից ցանկության դեպքում, կարելի է օգտակար ինչ-որ բաներ սովորել:
Եթե մի օր հիասթափվեք, ու ձեզ թվա, որ անհաջողակ եք, հիշեք ՊՍԺ-ին, ու եթե մի օր էլ համարձակվեք «անհնարին» բառը օգտագործել, հիշեք Բարսային:
Երբ 17-ի Վանաձորյան դասընթացի ժամանակ հայտարարեցին ճամբար գնացողների անունները, ու այդ անուններում ես իմը չհանդիպեցի, առաջին վայրկյանի հիասթափությունից հետո ինքս ինձ ասացի, որ ժամանակն է կյանքում ինչ-որ քայլ անելու, քայլ դեպի առաջ, սեփական ուժերով մի քայլ: Ու այդ ժամանակ իմ մտածածի լրջությանը հավատացի այնպես, ինչպես մարտի ութի երեկոյան` 95-րդ րոպեին հավատում էի հաղթական գոլին: Աշնանը ես արդեն Սևանի մեդիա ճամբարում էի: Եթե առաջին դեպքում ամեն բան ինձնից էր կախված, ապա երկրորդի ժամանակ բացի հավատալը, ուրիշ ոչինչ անել չէի կարող: Ու այս ամենը ստիպում է ինձ մտածել, որ ինչպես Նեյմարն է ասում. «Քանի դեռ կա 1% հնարավորություն, մենք կունենանք 99% հավատ»: