mushegh kyurekhyan

Անցում դպրոցից համալսարան

Տասնմեկ տարի դպրոցում սովորելուց հետո անցնել միանգամից համալսարան, դժվար է: Դժվար է հիշել, որ դասատուն դարձել է դասախոս, դասարանը ` լսարան, դասղեկը ` կուրսղեկ, տնօրենը ` ռեկտոր և այսպես շարունակ: Տասնմեկ տարվա ընկերներիդ կփոխարինեն կիսածանոթ ընկերներ: Ոմանք` հեշտ , իսկ ոմանք դժվար կհարմարվեն նոր միջավայրին: Դպրոցում հեշտ էինք ընդհանուր հայտարարի գալիս, քանի որ մենք` աշակերտներս, քիչ էինք, իսկ համալսարանում դժվարություններ կառաջանան: Հեշտ չէ յոթանասունից յոթանասունհինգ ուսանողի բերել մեկ հայտարարի: Իհարկե, դժվար ու բարդ կողմերը շատ են դպրոցից դեպի համալսարան անցման ժամանակ, ուղղակի ժամանակ է պետք, ինչպես ժամանակ է պետք հարմարվելու ժամին, երբ փոխում ես ժամային գոտին: Բայց եկեք հիշենք, որ սա կյանքի հերթական փուլն է, որը ունի ինչպես դժվար, այնպես էլ հեշտ ու անմոռաց էջեր: Ուսանողական կյանքը ավելի հետաքրքիր է. հետաքրքիր է իր ակտիվությամբ, իր նոր ծանոթություններով, ընկերներով, նոր բացահայտումներով և նորանոր գիտելիքներով:

Հաշված ժամեր են մնացել սեպտեմբերի մեկին, և ցանկացած առաջին կուրսեցու մեջ վախ կա. կհարմարվի՞ նոր միջավայրին, կգտնի՞ ընկերներ, ինչու չէ, նաև կդիմանա՞ «համալսարանական ծանրաբեռնվածությանը»:
Այս տարվա առաջին կուրսեցիներից մեկը ես եմ: Սովորելու եմ մայր բուհի ինձ ամենահոգեհարազատ ֆակուլտետում` ժուռնալիստիկայում: Երևի ես, ավելի ճիշտ, մեր կուրսը մնացած կուրսերից տարբերվում է նրանով, որ որոշ չափով ճանաչում ենք ու արդեն փոքր ինչ հարմարվել ենք իրար ու որոշ չափով գիտենք մեկս մյուսի բնավորությունը, բայց դե առաջին հայացքից պետք չէ դատել. կհանդիպենք ու ավելի լավ կճանաչենք:

-Դե ինչ, առաջի′ն կուրսեցի, քե′զ հետ եմ, չվախենա′ս ու համարձակ կգնաս քո բուհ ու կմտնես քո լսարան ու կծանոթանաս քո կոլեգաների հետ: Ի՞նչ գիտես, որ նրանք չեն վախենում նրանից, ինչից դու: Նրանք էլ են քեզ պես, դո′ւ, դարձիր այն առաջինը, ով ծանոթանալու ձեռք կմեկնի ու կկոտրի ստեղծված լարվածությունը:

Ուսանող լինելը շատ լավ բան է, ափսոս, դասերը խանգարում են: