Աշխարհի ամենահարուստ մարդը՝ տատս

Այսօր որոշեցի հարցազրույց անցկացնել տատիկիս` Ֆատիմա Սարոյանի հետ:

-Տա՛տ, պատմիր մի քիչ քո ծնողների մասին: Ո՞վքեր են եղել և ինչո՞վ են զբաղվել:
-Ես ծնվել եմ ավանդապաշտ, բայց սովորական մի ընտանիքում: Հայրս` Զասլավ Սարոյանը, սովորական գյուղացի տղա էր, ով աշխատում էր գյուղում որպես տրակտորիստ, և միշտ զբաղված էր այդ գործով: Իսկ մայրս`Ժենյա Սաֆարյանը, իր կյանքի ողջ ընթացքում աշխատել է մանկապարտեզում:

-Գիտեմ, որ ձեր տան առաջին երեխան դու ես եղել: Պատմիր, թե ինչպե՞ս են դրել քո անունը, և բացի քեզնից քույր կամ եղբայր ունեցե՞լ ես:
-Հա, բալե՛ս, տան առաջին երեխան ես եմ եղել: Ծնվել եմ հազար ինը հարյուր վաթսուն թվականի հոկտեմբերի իննին: Նախքան իմ ծնվելը ծնողներս դեռ անունս չէին որոշել, և երբ ծնվեցի, մի օր առանց անունի մնացի: Հաջորդ օրը, երբ եկել էին մորս տեսնելու, մեր հարևանը` Անժիկ տոտան, առաջարկել էր իմ անունը դնել Ֆատիմա՝ մի թուրքական կինոյի հերոսուհու անունով, ասելով՝ այդ աղջիկը լավ դեր է խաղում էդ կինոյում:

Ինձնից բացի մեր ընտանիքում ծնվել են ևս երեք երեխա` երկու աղջիկ և մի տղա, բայց եղբայրս քսանութ տարեկանում մահացավ, հիմա մենք մնացել ենք երեք քույրերով:

-Տատ՛, իսկ ձեզ գյուղում ճանաչո՞ւմ են:
-Էդ քեզ կճանաչե՞ն, մեզ չէ՞: Բա ճանաչում են, բա ոնց: Անբողջ գյուղում մեզ ճանաչում են որպես «Սարոյան լալաներ»:

-Դե ինձ ուրիշ բանի համար են ճանաչում, ձեզ՝ ուրիշ: Լավ, տատի՛, շարունակենք: Հիմա ինձ պատմիր քո կյանքի մասին:
-Ի՞նչ պատմեմ: Էն թվերին բոլորը շուտ կպսակվեին, իսկ հիմա՝ չէ: Պսակվել եմ տասնութ տարեկանում: Իմ մարդը եղել ա մեր թաղից՝ Ճռոյի Վազգենի տղա Նորիկը: Առաջնեկս եղել ա քո քեռին, հետո մորքուրդ, նոր վերջում քո մաման: Ամենափոքրը քո մաման ա եղել, բայց առաջինը ինքն ա ամուսնացել: Տասնյոթ տարեկանում ունեցել ա քեզ: Դու եղել ես իմ առաջին թոռնուհին: Երկու տարի հետո ծնվեց քո եղբայրը` իմ երկրորդ թոռը: Քսանհինգ տարեկանում ամուսնացավ մորաքույրդ, իսկ քեռիդ` իմ երեխեքից ամենաթամբալը, ամուսնացել ա երեսունհինգ տարեկանում: Անցած տարի էլ ծնվեց քեռուդ երեխեն` իմ երրորդ թոռը`Ժենիս: Ու սենց անցնում են իմ կյանքի տարիները երեխեքիս ու թոռներիս հետ:

-Տատի՛, իսկ դու գո՞հ ես քո ապրած կյանքից:
-Հա, գոհ եմ: Ճիշտ ա, ես շատ փող չունեմ, բայց աշխարհի ամենահարուստ մարդկանցից եմ:

-Էդ ո՞նց:
-Մեծանաս, երեք երեխա ունենաս, երեք թոռ` նոր ես քեզ կասեմ, թե ոնց: