Աշնանային ձանձրույթ

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Մեկ շաբաթից կգա աշունը։ Ահա թե ինչպես եմ ես այն պատկերացնում։ 

Սեպտեմբերի մեկին կգնանք դպրոց։ Ամեն տարվա նման մեզ կխոստանանք, որ լավ ենք սովորելու։ Կբաժանեն գրքերը։ Տանը կուսումնասիրենք դրանք։ Հաջորդ օրը բոլոր ուսուցիչները կհարցնեն, թե ինչպես ենք հանգստացել։ Բնականաբար մենք էլ իրենց կպատասխանենք, որ լավ։ Կբացենք գրքերը, կկարդանք դասը, մեկ անգամ էլ ուսուցիչը կբացատրի, կտա հանձնարարություն, դասը կավարտվի։ Կգա մյուս ուսուցիչը, տեղի կունենա նույնը, ինչ-որ անցած դասին եղավ։ Եվ այդպես յոթ դաս շարունակ։ Հետո կգնանք տուն, հաց կուտենք, տասը րոպե կհանգստանանք և կանցնենք տնայինների կատարմանը։ Սկզբից դասը կսովորենք, հետո գրավորները կանենք։ Ավարտելուց հետո կգնանք մյուս դպրոցները կամ խմբակները։ Մեկը կգնա պարի, մեկը՝ երաժշտական դպրոց, մեկը՝ լողի, մեկը՝ անգլերենի։ Հետո հոգնած կգանք տուն, էլի մի քանի րոպե կհանգստանանք և կանցնենք խմբակի կամ դպրոցի հանձնարարությունների կատարմանը։ Կանենք ամեն ինչ, կնայենք ժամին և կտեսնենք, որ մեկ ժամից պետք է քնել։ Դրսում անձրև կսկսվի։ Մի մասը կտխրի, մյուս մասը՝ կուրախանա։ Մի ժամը արագ կանցնի։ Ստիպված կգնանք քնելու, որ կարողանանք առավոտյան շուտ արթնանալ։ Կսկսվի նոր օր։ Մեկի մոտ միգուցե մի բան փոխվի, մյուսի մոտ մնա նույնը։ Կանցնի մեկ շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ։ Մեկը կձանձրանա, մյուսը՝ ոչ։ Կսկսենք անհամբեր սպասել աշնանային արձակուրդին։ Եղանակը կցրտի, այգիները կդատարկվեն։ Բակերից այլևս չի լսվի երեխաների խաղի ձայնը։ Վերջապես կանցնենք արձակուրդի։ Մեկ շաբաթ տունը կմնանք։ Հետո նորից կգնանք դպրոց, ու հաստատ դասարանում որևէ մեկը հիվանդ կլինի։ Բոլորը հերթով կսկսեն հիվանդանալ։ Կանցնի մեկ ամիս։ Կմոռանանք սեպտեմբերի մեկին մեզ տված խոստումը։ Կսկսենք ծուլանալ։ Մի խոսքով, կյանքը մի տեսակ ձանձրալի կանցնի ու անհետաքրքիր։
Ահա այսպես՝ ես ամեն օգոստոսի վերջին տխրում եմ, սկսում եմ մտածել սպասվող ձանձրալի և անհետաքրքիր աշնան մասին։
Բայց իրականում սրանք միայն պատկերացումներ են, որոշ չափով իրական, որոշ չափով էլ ՝ոչ։ Մենք երևի բոլորս էլ այսպես ենք մտածում, քանի որ բոլորս շատ ենք սիրում ամառը և դժվար ենք համակերպվում նրա ավարտի հետ։
Իրականում աշունը կարող է անցնել շատ ավելի հետաքրքիր, քան ամառը, եթե կարողանանք ամեն ինչի մեջ տեսնել լավը և ուրախանալ կյանքով։