milena araqelyan

Աշնանացավ

Նորից աշուն է: Կարծում եմ այս անգամ սառը օդն ու ամպամած երկինքը ամենից շուտ այցելեցին մեզ: Հա, անձրևի մասին մոռացա: Մեկ-մեկ ներսդ ու դրսում միաժամանակ է անձրևում: Կաթիլների ձայնը հազարավոր երաժշտական հնչյուններին հավասարազոր է թվում: Երկինքը անձրևից առաջ կարծես մարդու մտքերի հավաքույթ լինի: Լինո՞ւմ է, չէ՞, մտածում ես, խոժոռվում ես, բայց չես կարողանում արտահայտվել: Դու ամպամած մռայլ երկինքն ես, որը դեռ այդքան էլ պատրաստ չէ «արտահայտվելու» համար: Լինում է, որ ամեն ինչ տաքացած դուրս է պրծնում միջիցդ, դա այն արագ ու մեծ կաթիլներով անձրևն է, այն շուտ է դադարում, ինչպես քո տաք գլուխն է սառչում, և նոր գիտակցում ես ասած կամ արած խոսքեր-գործողություններդ: Իսկ այն հանգիստ, փոքր կաթիլներով անձրևը հենց քո ներաշխարհն է, որտեղ անվերջ տարբեր կաթիլներ պայքարում են ու խոնավեցնում հոգիդ, ինչպես հողն է թրջվում անձրևից հետո:

Մի աղջնակ ասում էր, որ իրեն ներսում անձրևներ են պետք: Կարծում եմ` յուրաքանչյուր մարդու ներսում ժամանակ առ ժամանակ անձրևներ լինում են, և երևի դրանք սկսվում են օդի, ինչու չէ, նաև մարդկանց սառելու հետ: Ասում եմ, հենց դրա հետ էլ աշնանացավը անցնում է ներսիդ կիսաթաց հատակի միջով:

Միգուցե արդեն թրջվե՞լ ես: