Լուսանկարը՝ Լեւոն Մանուկյանի

Աշնան կտավը

Լուսանկարը՝ Լեւոն Մանուկյանի

Լուսանկարը՝ Լեւոն Մանուկյանի

Աշնան լիաթոք արտաշունչը գունազարդել է բնության դրախտը: Վերևից գահավիժող ջրվեժները ավելի գեղեցիկ են դարձնում եղանակի գունագեղ պատկերը: Երկնքի անափ կապույտը ջերմ գրկել է չքնաղագեղ ու դրախտային կտավը:

Մտովի հոգիս շրչում է եդեմային պատկերի անեզր գեղեցկության մեջ ու յուրաքանչյուր տերևից մի գույն է վերցնում ու դնում է գրպանը, անհագ խմում ջրվեժների ու աղբյուրների կենսատու ջրերից, որ ինքն էլ դառնա գեղատեսիլ պատկերի մի մասը: Աչքերը հառած` կլանում է երփներանգ գույների հիանալի խաղը: Մերկ ոտքերն ընկղմում է սառնորակ ջրերի մեջ: Ու խաղաղության կապույտը շոյելով նրա ճերմակ ոտքերը, կանչում են դեպի իրենց ակունքները, և ոտքերով զգում նրա սրտի զարկերը, որոնք գնալով ավելի ուժգին են դառնում: Դրախտային պատկերը գիրկն էր առել ինձ: Մեղմ զեփյուռը ծառից մի տերև էր պոկել ու պարում էր, գրկում նրա գունազարդ մարմինն ու պտույտներ տալիս։

Լուսանկարը՝ Լեւոն Մանուկյանի

Լուսանկարը՝ Լեւոն Մանուկյանի

Հասած ու կարմրած մասուրները թփից պոկվելով ընկնում ու խառնվում էին ջրվեժների կապտաթուշ ջրերին ու կարմիրով ներկում:

Ամպերը հավաքվեցին ու անձրև մաղեցին երանության վրա:Կարծես թարմության շունչը սփռվեց ամենուրեք:Անձրևի յուրաքանչյուր կաթիլն իր տեղն էր գտնում կտավի վրա. մեկը տերևի ծայրին էր կանգնում, մյուսը մասուրի այտն էր խուտուտ տալիս, մի քանիսն էլ խառնվում էին ջրերին ու շտապում հեռուներ: Հետո հետզհետե անձրևն ավելի ուժեղացավ ու սկսեց մաքրել կտավի փոշին:

Անձրևից հետո երևաց ծիածանի երփներանգ գունապնակը: Որը կարծես գունավոր թելերից հյուսված պարան լիներ, որ բնությունը թռչում էր վրայով:

Էլեոնորա Բալյան

Գեղարքունիքի մարզ, գ. Կալավան