Astghik Ghazaryan

Ապրես, կարդացինք, շատ լավն էր

-Ի՜նչ լավն էր նյութդ, ապրե՛ս, Աստղի՛կ ջան,-ոգևորում են ինձ համագյուղացիներս, երբ 17.am-ում տեղադրվում են իմ նոր նյութերը: Իսկ ես չեմ կարողանում համեստությամբ թաքցնել ժպիտս, որն արտահայտում է իմ մեծ ուրախությունը: Ի՞նչ էի անելու ես, եթե չլիներ 17.am-ը. չէ՞ որ մեր գյուղում ոչ ոք չէր կարողանա կարդալ նյութերս և ընդհանրապես չէր իմանա, որ կարողանում եմ ստեղծագործել:

Չծիծաղես, բայց ինքս էլ չգիտեի, որ ստեղծագործելու ընդունակություն ունեմ մինչև «Մանանա» կենտրոնի՝ Իջևանում դասընթաց անցկացնելը: Դա երեք տարի առաջ էր, և այդ ժամանակից սկսեցի ինձ բացահայտել: Կենտրոնում սովորեցրին ստեղծագործելու արվեստի նրբությունները: Այնտեղի սան դառնալուց հետո սկսվեցին իմ հաջողությունները. կենտրոնի և նրա մի քանի սաների օգնությամբ ես իրականացրի երազանքս. նկարեցի ֆիլմ տասնհինգ հոգանոց ընտանիքիս մասին: «Մանանան» ինձ օգնեց նաև մասնագիտական կողմնորոշման հարցում. չէ՞ որ բանասիրությունը ինչ-որ չափով առնչվում է լիագրության հետ: Կարծում եմ՝ լրագրողը պարտավոր է անթերի իմանալ մայրենի լեզուն, ուստի ես՝ որպես պատանի լրագրող, ձգտում եմ հայոց լեզվի իմացությունս կատարելագոծել, և դա կարծես ինձ հաջողվում է. այս տարի հայոց լեզվի օլիմպիադայում 2-րդ կարգի դիպլոմ եմ ստացել, գերազանց հանձնել եմ հայոց լեզվի քննություններս և ընդունվել համալսարան: Հուսով եմ, որ հաջողություններիս այս շարքը դեռ պիտի երկարի:

Անչափ երախտապարտ եմ «Մանանա» կենտրոնին և 17.am-ին, որ սկիզբ դրին իմ հաջողություններին և ինձ պարգևեցին հաճախ լսել մի անսպասելի արտահայտություն, որին ամեն մի ստեղծագործող իր մտքի մի փոքրիկ անկյունում միշտ էլ անհամբեր սպասել է.

-Ապրե՛ս, շատ լավն էր…