nazik galstyan

Ապրիլի երկուս

Ապրիլի երկուսը սովորական մի շարքային օր էր բոլորիս համար, կամ հերթական չգիտես` ում հորինած, հիմար տոներից մեկի օրը՝ մազ քաշելու, «յուբկա» բարձրացնելու..

Սովորականի նման մի կերպ արթնացա, գնացի դպրոց: Դպրոց գնալը մի մեծ արարողություն էր իրենից ներկայացնում. շենքի բոլոր դպրոցականները հավաքվում էին մեր տան մուտքի մոտ, ու գնում էինք դպրոց։ Էլի մարմնամարզությունից ուշացել էինք: Տղաները որպես պատիժ վազում էին դպրոցի շուրջը, իսկ ինձ ու Եվային ինչպես միշտ, ներում էին: Եվային ճանաչում եմ մոտ 15 տարի, նույն բակից ենք, նույն մուտքից, իրար հետ կռվեցինք հաշտվեցինք ու մեծացանք, իր խոսքով, ես էի կռիվների հովանավորը, բայց ես նման բան չեմ հիշում: Հիմա Ամերիկայում է, հզոր խելքի տեր, նպատակասլաց աղջիկ է։ Զանգը տվեց, ու ամեն մարդ «նազ ծախելով» կամ ոգևորված իր դասին գնաց։

Մի դասաժամ անցավ, երկու: Հանրահաշվի դաս էր, ուսուցչուհուն զանգեցին, թե բա՝ կրակոցներ է սահմանին: Ամեն մարդ իր «փայ» հայհոյանքը ասաց. մեկը՝ մտքում, մյուսը՝ բարձրաձայն։ Մտածեցինք՝ կհանդարտվի, բայց չէ, ապրիլի 2-ը դաջվեց մարդկանց հիշողության մեջ… Կամավորներ, կրակոցներ:
Ամեն րոպե համացանցը ողողվում էր պատերազմի լուրով։ Ցուցամոլները իրենց առաջ են գցում, դե, իրենց համար կարևոր չի՝ ինչ է կատարվում: Կարևորը ամեն բանի ներկա լինելն է։ Ֆեյսբուքի նկար են փոխում, ստատուս են գրում, լացող սմայլիկ են դնում… Զինվոր են թաղում, լաց ու կոծ անում, իսկական ցավը սքողը մի անկյունում ատամները իրար սեղմած լուռ լաց է լինում…
Անցավ մի տարի: Նորից ֆեյսբուքի նկարները փոխվեցին, նորից հարգեցին զոհվածներին, նորից մեդալներ տվեցին, հիշեցին ծնողին…
Անցնելու են տարիներ, նորից նկար են փոխելու, նորից մեդալ, նորից… Նորից անձրև է գալու, նորից մտածելու ենք՝ երկինքն է ողբում: