Sargis մելքօնյան

Առաջին հազար դրամը

Ընդամենը մեկ տարի առաջ էր: Ամառ, շոգ, կիզիչ արև, անտանելի դատարկություն… Բոլորս էլ գիտենք ամառային +40 աստիճանի հասնող եղանակային խաղերի արդյունքները: Ընդամենը մեկ տարի առաջ էր, որ սկսվեց մեր տան նոր մասնաշենքի շինարարությունը: Բոլորս շահագրգռված էինք նոր տուն ունենալու գաղափարով, և ամեն ինչ անում էինք, ամեն կերպ օգնում վարպետներին: Ոգևորությունն այնքան մեծ էր, որ բոլորս մոռացել էինք, որ առջևում նոր ուսումնական տարին է: Երբ գալիս է սեպտեմբերը… Բոլորիս է հայտնի, թե ինչ ծախսեր է բերում այդ սեպտեմբերը:

Երևի օգոստոսի երեքն էր: Երեկոյան, երբ պառկեցի քնելու, սկսեցի մտածել սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի օրվա մասին: Ինքս ինձ հետ մոտ քառասուն րոպե խոսում էի:

«Սեպտեմբերի մեկի հագուստ ունեմ՝ անցած տարվանից դեռ մնացել է, բայց կոշիկ, սպորտային հագուստ չունեմ: Հարկավոր է մի բան մտածել, սակայն ի՞նչ… Ծնողներիս չեմ կարող դիմել, քանի որ այդ շինարարությունը, այդ ծախսերը, ամեն ինչ խանգարում է, նաև իմ այս միտքը… Ոչ ոք պարտավոր չէ կատարել իմ քմահաճույքները, և եթե ես կոշիկ եմ ուզում, պետք է ինքս գնեմ իմ գումարով:

Մինչ այս երբեք չէի մտածել խնայելու մասին: Դե իհարկե, փափուկ բամբակի մեջ մեծացած տղան ինչո՞ւ պիտի մտածեր մի բանի մասին, որ երբևիցե պետք չի եկել իրեն, որովհետև ծնողները ամեն ինչով ապահովել են:

Առավոտյան, երբ արթնացա, իջա այգի: Նայեցի հասուն եգիպտացորեններին, ու ահա գաղափարը: Ամեն ինչ մեր կողքին է, սակայն մենք չենք կարողանում տեսնել ապագա փողը:

Գնացի հորս ու մորս հետ զրուցելու: Պատմեցի իմ մեջ հանկարծակի առաջացած գաղափարի մասին: Սկզբում կարծես թե համաձայն չէին, սակայն հետո մտքերը փոխվեցին: Երբ սենյակից դուրս եկա, լսեցի նրանց շշուկները, որ ինձնից հետո մնացին:

-Մեր տղան կարծես թե մեծացել է…

Հաջորդ օրը մեկ կաթսա խաշած եգիպտացորեն տարա մայրուղի, որտեղ գյուղատնտեսական ապրանքների վաճառքով զբաղվում էին մեր համագյուղացիները: (Մեր գյուղը գտնվում է Երևան- Գյումրի մայրուղու հարևանությամբ): Մեկ ժամ էր, ինչ կանգնած էի, սակայն ոչ մի առևտուր: Մարդիկ գալիս էին, գնում, սակայն ոչ մի առևտուր…

Ես հուսահատվել էի: Ես վաճառում էի խաշած եգիպտացորեն, սակայն ոչ ոք չգիտեր դրա մասին բացի ինձնից, ծնողներիցս ու իմ հարևանությամբ առևտուր անողներից: Հարկավոր էր տեղեկացնել մարդկանց, բայց ինչպե՞ս: Ամեն ինչ իմ ձեռքերում էր: Ես պիտի ինքս գովազդեի իմ վաճառած ապրանքը:

Հանկարծ մի սև մեքենա եկավ ու կանգնեց: Ըստ երևույթին, նրան Օֆելյա տատիկի սուջուխից էր պետք, որովհետև նրա սուջուխներն ամենահամեղն են: Նրանք գնեցին իրենց անհրաժեշտը և երբ ուզում էին հեռանալ, ամոթխածությունս հաղթահարելով կամաց ասացի.

-Խաշած, համեղ, էկոլոգիապես մաքուր եգիպտացորեն չե՞ք ցանկանա:

Նա կամաց շրջվեց դեպի ինձ, և ամեն ակնթարթի հետ ես ավելի էի հույսով լցվում:

-Կցանկանամ:

-Իրո՞ք:

-Այո՛, իրո՛ք…

Իմ ուրախությանը չափ ու սահման չկար:

-Իսկ քանի՞ հատ:

-Հինգ:

Ես հինգ եգիպտացորեն հանեցի կաթսայի միջից: Համեմեցի աղով ու տվեցի պարոնին:

- Շնորհակալություն, – ասաց նա և տվեց ինձ հազար դրամ, ճիշտ այնքան, որքան պայմանավորվել էինք:

Այսպես ամեն օր ես սկսեցի գալ մայրուղի և եգիպտացորեն վաճառել, բայց լինում էին օրեր, երբ ամեն բան այսպես հարթ չէր ընթանում: Ես ստիպված դրանք բերում էի տուն, հավաքվում էինք թաղի երեխեքով, նստում- ուտում…

Օգոստոսի վերջին ես գնեցի կոշիկներն իմ գումարով, գնեցի նաև սպորտային համազգեստը: Հաճույքով ու մեծ հպարտությամբ եմ կրում դրանք:

Այժմ ես խնայում եմ: Իմ դրամատուփը ամեն օր մի քիչ լցվում է: Ես չեմ ծախսել իմ առաջին հազար դրամը, առաջին ԻՄ վաստակած գումարը: Այժմ այն խնամքով դրված է դրամատուփիս ամենաներքևում, իբրև հիմքն իմ առաջին ինքնուրույն քայլերի…

Հիմա նորից ամառ է, և իմ հասակակիցներն էլ, փոխանակ ծնողներից գումար պահանջելու, կարող են արձակուրդներին աշխատել: Հավատացնում եմ. Եթե ցանկություն ունենաք, աշխատանք կգտնվի: