Nane Eghiazaryan

Առաջին շաբաթը

Երբեմն-երբեմն մոռանում ենք, որ փոքր ենք եղել: Մոռանում ենք, որ դեռ անցյալ տարի ամբողջ հոգով ուզում էինք դպրոցն ավարտել, իսկ հիմա՞: Հիմա՝ ճիշտ է, դեռ 11-րդ դասարանում ենք, բայց արդեն հասկանում ու գնահատում ենք այն օրերը, որ անց ենք կացնում դպրոցում:

Դպրոցում մի փոքր զբոսանք կատարելուց հետո հասկանում ես, որ էլ չես կարող մեծ միջանցքներով ընկերներիդ հետ «բռնոցի» խաղալ, էլ չես կարող ասել, թե տետրը մոռացել ես տանը, որովհետև տնային աշխատանքը չես գրել, քանի որ հասկանում ես, որ ուսուցիչն էլ է քեզ նման դպրոց գնացել:

Իսկ ինչպե՞ս եմ սովորել գրել: Այս հարցը ես ինձ տվեցի այն ժամանակ, երբ փորձում էի եղբորս օգնել թեք գծեր գծել: Հետո նայելով նրա առաջին «գլուխգործոցներին»՝ հասկացա ու միևնույն ժամանակ զարմացա, որ փոքր տարիքում միգուցե նաև դժվարացել եմ թեք գիծ գծել:

Առաջին դպրոցական շաբաթն է, ու դու պատկերացնում ես, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ, միգուցե, ուսուցիչը դասարան մտնելուց հետո մի ամբողջ դասաժամ քննարկի քո ու դասընկերներիդ ամառային արձակուրդները, բայց դրա փոխարեն` մի փոքր երկխոսությունից հետո հանկարծ հայտնվում ես գրատախտակի մոտ, տետրերիդ առաջին էջերը լցնում նոր նախադասություններով, ու առաջին ժամն ավարտվելուց հետո գրատախտակի վրա արդեն հայտնված են լինում նոր երկրաչափական գծագրեր ու նոր բանաձևեր, որոնցով արդեն հաջորդ ժամին դու պետք է լցնես գրատախտակի դատարկությունը:

Հիմա, երբ ասում են՝ դպրոց, առաջին հերթին ոչ թե պատկերացնում ես ձանձրալի դասեր, ոչ այնքան սիրելի դասաժամեր, այլ միանգամից մտաբերում ես հարազատ դարձած դասընկերներիդ, ուսուցիչներիդ, որոնց արդեն մեկ-երկու տարի հետո միգուցե էլ չհանդիպես, դասղեկիդ, որ ամեն հարցում քեզ աջակցում է, ու երբ խորհրդի կարիք ես զգում՝ օգնության հասնում:

Ինչ շուտ մեծացանք: Իսկ եթե աչքս մի անգամ էլ թարթեմ ու նույն մտքերով հայտնվեմ արդեն ոչ թե դպրոցի դասարաններից մեկում, այլ համալսարանի լսարաններո՞ւմ, կամ էլ աշխատասեղանի մոտ նստա՞ծ: