artyom safaryan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Առաջ, Ծյոմ, առաջ

Ինչ մեղքս  թաքցնեմ, սպասումներս շատ էին   ճամբարից: Դեռ անցած ճամբարից երեխաները պատմում էին և խոսակցության ժամանակ անընդհատ հնչում էր այս արտահայտությունը. ՚«Տյո՚մ,  չես պատկերացնի, թե ինչ լավ էր, դու մեծ բան ես բաց թողել»: Ախ՜, որքան ցավալի էր, որ ես՝ Արտյոմ Սաֆարյանս, որն ուղղակի չի կարող առանց  հետաքրքիր իրադարձությունների, բաց է թողել այս ճամբարը: Չէ՚, ստոպ, սենց  չեղավ, պետք է շտապ մի բան ձեռնարկել…

Պարզվեց, որ ճամբար գնալու համար պիտի ակտիվ թղթակից լինել:

Ճիշտն  ասեմ, դժվար էր, բայց անքուն գիշերները տվեցին ցանկալի արդյունքը: Եկավ մի պահ, որ մոռացա ճամբարի մասին, քանի որ արդեն գրում եմ, որովհետև թղթակցելն ինձ համար հաճելի ու կարևոր զբաղմունք է դարձել:

Եվ ահա նստած նայում եմ «Batman vs Superman»-ը, ու ամենահետաքրքիր պահին հեռախոսս գցեց իր վայնասունը: Ես, սովորությանս համաձայն, նյարդայնացած վերցրի հեռախոսս ու լսեցի Լիլիթի՝ հարազատ դարձած ձայնը, որը, չգիտեմ ինչու, ինձ իմ մանկությունն է հիշեցնում: Եվ այդ խոսքերը. «Արտյոՙմ,  դու անցել ես»: Օլիմպիական հանգստությամբ ես վայր դրեցի հեռախոսս, վերջացրեցի ֆիլմը և կանգնելով հայելու առաջ ասացի «Тем, ты красавчик!» (դե սա կատակ է):

Եվ ահա Դիլիջան, «Մանանայի» մեդիա ճամբար, նոր ծանոթություններ, լիքը  երեխեք, որոնք լցված են աշխատանքից ստացվող հաճույքի սպասումներով:

Լավ, այ քո ցավը տանեմ, գլուխդ ինչ ցավեցնեմ, միանգամից կասեմ, թե ինչ ձեռ քբերումներ եմ ունեցել այս երկու օրվա ընթացքում: Հա, մի զարմացիր, այստեղ ամեն ժամը մեկ մի նոր բան ես իմանում, մի նոր բան ես սովորում:

Ինձ համար ձեռքբերումներն ունեն կարևորության սանդղակ,  որով ես սիրում եմ դրանք դասակարգել:

Դե քանի որ առաջին օրը եղել էր ծանոթություն, ուրեմն կսկսեմ հենց ծանոթություններից: Առաջինը սենյակակիցս է ՝ Վահեն: Վահեն կարգին տղա է և գրում է 17.am- ի ամենահամով- հոտով հոդվածները, նա եկել է կամավոր ու կիսում է ինձ հետ  «06» համարի սենյակը: Վահեն Մալիշկայից է, 17 տարեկան է, շատ հումորով տղա է:

Ժողովուրդ, որ մեր սենյակը տեսնեք, իսկական գրողի սենյակ է, այսպես ասած, արվեստագետի խառնաշփոթ, բայց այդպես ավելի հետաքրքիր է:  Դե, էլ ինչ մեդիա ճամբար, որում չլինեն դասընթացներ մեդիա ոլորտի մասին: Չնայած շատ ծանր գրաֆիկ է, բայց այդ հոգնածության դիմաց դու ստանում ես շատ կարևոր ինֆորմացիա և փորձ, նաև հմտանում եմ ֆոտոյի…

Հոպ, իսկ սա արդեն մյուս հոդվածիս նյութն է: