Առկայծող ճրագ

Հյուրասեր  ընտանիք,  բարի մարդիկ և փոքրիկ հրաշք:

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Այս մտքերը վաղուց էի ուզում հանձնել թղթին, սակայն դժվարանում էի, քանի որ քիչ տեղեկություններ ունեի այս ընտանիքի մասին: Այս ընտանիքի մարդիկ կարծես թե պապենական դաշինք ունեն իմ ընտանիքի հետ կնքած: Յուրաքանչյուր ժառանգի  մեկը քավոր է կանգնում: Մեր գյուղի «երգչուհին»  այս ընտանիքի փոքր զավակի առաջնեկն է՝ Ռաիսան: Մեր ընտանիքների մեջ եղած ջերմությունը անտարբեր չանցավ իմ ու Ռաիսայի կողքով: Մենք ընկերներ ենք, հարազատ մարդիկ, քույրեր: Հարցազրույցը վարել եմ  տան ավագ ներկայացուցչի հետ: 

-Ռայա տատիկ, պատմիր, թե ինչպես ստեղծվեց ձեր ընտանիքը: Ինչպե՞ս ծանոթացար Սեյրան պապիկի հետ: 

-Հունց կարգն ա` նենց ալ ծանոթացալ ենք: Գի՞դմ ես` հունց եմ ծանոթացել պապիկի հետ: Պապիկի, մին ալ մեր տունը իրար մոտ ա իլալ: Ես քիմ ի իրանց տոն, ինքը` մեր տոն, միասին մի թաղի խոխերք ինք, խաղմ ինք: Եդավ սկսեցինք խոսալ, 18 տարեկանմ ալ ամուսնացանք: Սեյրանը ամուսնանալուց հետո քինաց բանակ,  3 տարի ծառայեց, եկավ աշխատանքի անցավ դպրոցմ` տեխնոլոգիայի դասատու:

-Բա որ Սեյրան պապին գնաց բանակ, ո՞ւմ մոտ էիր մնում դու, իր ծնողների՞: 

-Ես մանցալ եմ կիսուրիս մոտ: Իրա, մին էլ իմ պապան պատերազմի ժամանակ են մհացել:

-Լսել եմ, որ ձեր երեխաները շատ փորձությունների միջով են անցել: Կարո՞ղ եք պատմել: 

-Վրույրիս հետ ավտովթար ա իլալ, Ծաղիկիս մատերը մնացալ ա ստանոկի տակ, սաղ ոսկորնին ջարդվել ա, բայց փառք աստծու, հիմա լավ ա: Գալուստս նախանցած տարի մահացավ, դժբախտ պատահարից:

Փորձությունները աննկատ չանցան Մանգո հոպարի կողքով: Նա` ծառայելով Օմարի սարում, կորցրեց ձեռքի 4 մատը: Պատճառը ավելի ցավալի է: Ձմեռ օրով,  ռազմի դաշտից փորձել է դուրս բերել մահացած ընկերոջը: Ցրտահարությունից կորցրել է մատերը: 

-Իսկ ե՞րբ մահացավ Սեյրան պապին: 

-Պապիս մահացել ա 2001 թվականի մարտի 1-ին, երբ ես 4 ամսական էի: Ասում են ինձ օրորելուց է մահացել: Այնքան եմ լացել, որ երգելու շնորհքն եմ ձեռք բերել,- միջամտեց թոռնիկը:

Այս փորձությունները ավարտվեցին Մանգո հոպարի երկար սպասված զավակի՝ Սեյրանի ծնունդով: 

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

-Ռաիսա, շատ եք չէ՞ սիրում ապերին,- դիմեցի փոքր Ռաիսային: 

-Անչափ շատ: Գիտես, արդեն նախընտրած երգ էլ ունի: Հենց պապիտոն լսում ա, սկսում ա թռվռալ, պարել:

-Այ բալա, Սեյրանս իրա ծնունդով մեղմացրեց կորուստները,-ասաց Ռայա տատին:

-Ինչի՞ Սեյրան, ոչ այլ անուն: 

-Որովհետև ուզում ենք պապիկի արժանի հետնորդը դառնա, փոքրիկ ընկեր Մաթևոսյան:

Ճրագը ծնվում է տան մեջ, առկայծելով ջերմություն տալիս: