iza Astsatryan

Առօրյա կյանքի և հրաշքի արանքում

Արդեն  տոներն  ավարտվում  են, սկսում  ենք  անցնել  առաջվա  ռեժիմին (սկսում  ենք քիչ  սնվել): Բայց  անգամ տոների  ավարտը  չի կարող  մեղմել`  առավոտյան շուտ  արթնանալու  ցավը…

Արձակուրդներին   կարոտում  ենք  դպրոցը, ընկերներին, դասերն ու  ամեն  վայրկյանը, որը   կապված  է դպրոցի հետո (ինչը  չես  կարող  ասել  դասերն  սկսվելու  ժամանակ):

Ինչ  խոսք, արդեն  մեկ   շաբաթ  է, որ  կրկին դասի ենք, սակայն,  ամեն առավոտ  մեծ  դժվարությամբ  եմ  արթնանում, աչքերս  մի  կերպ  բացում  և  գնում դպրոց: Դասարան  մտնելուն պես, նկատում  եմ  կիսաքուն  ընկերներիս, որոնք  հորանջելուց  հետո, մի կերպ  կարողանում  են  խոսել, զրուցել  երեկվա  իրադարձությունների  մասին:
Հաճախ  ասում  են.
-Եթե  ամեն օր  նույն  բանն  անես,  այն  պայմանական  ռեֆլեքս  կդառնա:
Սակայն  ես  մասամբ  եմ համամիտ  դրա  հետ: Հետաքրքիր է, եթե  ամեն  առավոտ  նույն ժամին  ենք  արթնանում, ապա  ինչո՞ւ  դա  նույնպես  ռեֆլեքս  չի դառնում, ինչո՞ւ  ենք  ամեն անգամ  արթնանալուց  վերապրում  առաջին  անգամն  ու  փորձում  մեզ  համոզել, որ  ամեն ինչ լավ է:

Այս  ամենը  մի  կողմ  դնենք, փորձենք  խոսել  զարմանահրաշ  եղանակից: Ես   մտածում  էի, որ   փափուկ  ձյուն  պիտի  գա, հավեսով  ձնագնդիկ  պիտի  խաղանք, կարճ  ասած` նորմալ  ձյուն  կտեսնենք, բայց  այս տարի  ցեխոտ  ձյանն էլ կարոտ  մնացինք: Այս տարի  այնքան էի  սպասում  ձյանը, որ  մտածում  էի  Ձմեռ պապիկից  ձյուն  նվեր  ուզելու մասին:

Անգամ, երբ  մեր  բարեկամներից  մեզ  հյուր  էին եկել, երեխաներից  մեկին  ասացի, թե  ինչ նվեր  է ուզել  Ձմեռ  պապիկից,  և  նա  պատասխանեց.
-Դեռ  ձյուն չի  եկել, որ  ձյուն գա, Ձմեռ  պապիկն  էլ կգա, հետո  նվեր կուզեմ:
Յուրաքանչյուր  երեխա  էլ  այդպես  է մտածում, նույնիսկ ես  եմ փորձում ինձ  համոզել այդ  հարցում: Չկորցնելով  հույսս, ես  դեռ  սպասում  եմ ձյանը…