mane tonoyan

Ավագը լինելու ծանր բեռը

Մեր ընտանիքում ես մեծ զավակն եմ: Ես շատ եմ սիրում իմ ծնողներին և քույրիկիս: Սակայն ինձ երբեմն թվում է, որ նրանք ինձ այնքան էլ չեն սիրում… Հանձնարարությունները չկատարելու համար ինձ հանդիմանում են, իսկ քրոջս` ոչ: Քույրս հաճախ օգտվում է այս դրությունից, նա երբեք չի լսում և երբեք չի ենթարկվում ինձ: Մեծը ես եմ, սակայն միշտ մեղավորը ես եմ: Չեմ հասկանում` ինչու է այդպես…

Ն.Հ.

Շնորհակալություն եմ հայտնում անկեղծ նամակիդ համար:

Մեծ զավակ լինելը բավականին «դժվար գործ է», մանավանդ` երբ  պատասխանատվության առյուծի բաժինը, իսկ երբեմն էլ ողջ պատասխանատվության կրողը համարում են մեծ զավակին:

Սկզբում դա կարող է հաճելի թվալ քեզ. չէ՞ որ «մեծը դու ես» և ինչ-որ առումով դու ստանձնում ես ծնողի դերը: Սակայն մեծ լինելը հաճախ ծնողները նույնացնում են միայն պատասխանատու լինելու  հետ: Երբ քեզ ընդունում են որպես մեծ, դու ինքդ էլ ես սկսում համարել, որ դու մեծն ես և քրոջիցդ էլ սպասում ես, որ նա քեզ պետք է ընդունի որպես իր ծնողի, պետք է լսի և ենթարկվի քեզ: Բայց քրոջդ տեսանկյունից ամեն ինչ այդքան էլ նման չէ քո պատկերացրածին. նա ունի ծնողներ, որոնց պահանջները փորձում է կատարել, և գուցե նրա համար անիմաստ է թվում ունենալ երրորդ ծնողը, կատարել երրորդի պահանջները ևս:

Քո ներկայացրածը նման է իրավիճակի, երբ հրամանատարը  չունի զինվորներ: Իսկ ցանկացած անհաջողություն վերագրում են հրամանատարին և ոչ թե զինվորներին:  Գուցե սրա մասին կռահում է նաև քույրդ` հասկանալով, որ դու ես ցանկացած իրավիճակի միակ պատասխանատուն:

Ի՞նչ է տալիս քեզ այդ կարգավիճակը:

Փորձիր մտածել դրա մասին. ո՞րն է քեզ համար նպաստավոր` լինել հրամանատար և չունենալ զինվորնե՞ր, թե՞ լինել պարզապես քրոջդ գործընկերը` միևնույն ժամանակ, նրանից ակնկալելով աջակցություն և նրա հետ կիսելով պատասխանատվությունը, նրան ևս հնարավորություն տալով լինել պատասխանատու: Եթե կնախընտրես երկրորդը, գուցե կարելի է պայմանավորվել քրոջդ հետ` զրուցելով որպես հավասարը հավասարի հետ: