anna gasparyan

Արագածի չարիքը

Նոյեմբերի 10-ին Արագած գյուղում եկել էին «Էպիկենտրոնի» լրագրողները` նկարահանելու Արագածում գործող հէկ-երը: Բոլորի պահանջը մեկն էր: Նրանք պահանջում էին դադարեցնել հէկ-երի շահագործումը: Գյուղացիները լրագրողներին ցույց տվեցին վարակված կարտոֆիլները, նրանց հետ բարձրացան դեպի հէկ-երը: Ցույց տվեցին ժանգոտված ջրերը, ցույց տվեցին, որ հէկ-երի պատճառով ժանգոտել են նաև քարերը: Արդեն 7 օր է, ինչ Ապարանի տարածաշրջանի 7 գյուղերի գյուղացիները բողոքի ցույց են անում` փակելով Ապարան-Երևան կենտրոնական ճանապարհը:

Գյուղացիները ասում են, որ հոգնել են անիմաստ տանջվելուց ու ոչինչ չվաստակելուց: Գյուղացիներից մեկը` Սամվել Գասպարյանը, հէկ-երի դեմ պայքարում է դեռ շատ վաղուց: Երբ իմացա, որ գյուղում լրագրողներ են եկել և նկարահանել են հէկ-երը, որոշեցի գնալ և զրուցել Սամվել Գասպարյանի հետ: Ուզում էի հասկանալ, թե ինչո՞ւ են թույլ տվել կառուցել հէկ-երը, եթե հիմա բողոքի ցույցեր են անում և ուզում են անպայման դադարեցնել շահագործումը:
-Ո՞րն էր գլխավոր պատճառը որ համաձայնվեցիք կառուցմանը:
-Հէկ-երի կառուցմանը համաձայնեցինք, որովհետև մեզ «ոսկե սարեր» էին խոստացել:
-Իսկ ի՞նչ էին խոստացել:
-Մեզ խոստացել էին, որ ջուրը ֆիլտրման կենթարկվի, խոստացել էին, որ խմելու ջուրը իր բնական հունով կհոսի 60%, բայց իրականում հոսում է ընդամենը 30%:
Դե, էդքան բան խոստացան, ամեն մի նախադասություն ասելուց շեշտում էին, որ ինչ անում են` մեր գյուղի համար են անում: Ու համաձայնվեցինք, որովհետև մտածում էինք` գյուղացիներից շատերը աշխատանք կունենան: Հիմա արդեն, երբ բացվեց գյուղացիների աչքերը, հասկացանք, որ ինչ անում են` իրենց համար են անում, չեն էլ մտածում մեր և մեր ապագայի, մեր երեխաների մասին: Չեն մտածում, որ հէկ-երի պատճառով թունավորում ենք հենց մեզ` ուտելով վարակված ուտելիքը: Նշեմ նաև, որ թունավորվում են ոչ միայն բերքը, մենք, այլ նաև անասունները:
-Եթե ձեր այսքան պայքարելը անիմաստ լինի և ոչ մի լուծում չլինի, հէկ-երն էլ չդադարեն շահագործվել, ինձ հետաքրքիր է, ինչի՞ են պատրաստ գյուղացիները:
-Գյուղացիները ամեն ինչի էլ պատրաստ են հանուն իրենց հետագա կյանքի, հանուն իրենց զավակների: Անգամ կանենք անհնարինը: Եթե մեր համբերությունը հատի, անգամ մենք մեր ձեռքով ամեն ինչ հողին կհավասարեցնենք: Ես չեմ պատրաստվում գյուղից գնալ ու հաստատ իմ ու իմ երեխաների կյանքը չեմ պատրաստվում կործանել: Ամեն ինչ մեր ձեռքերում է, ու մենք հաստատ կանենք այն ամենը, ինչը կօգնի այս հարցի լուծմանը:
Հասկացա, որ գյուղացիները շատ լուրջ են տրամադրված: Նրա հետ խոսելուց հետո դուրս եկա տանից: Ճանապարհին նկատեցի, որ երկու պապիկ քննարկում էին հէկ-երը: Որոշեցի նրանց էլ հարցնել, թե ինչո՞ւ են թույլ տվել, որ կառուցեն այդ հէկ-երը:
-Բալա ջան, մենք չիք իմացե, որ ետ հէկ-երը բդի սարքին: Եդրա տերն մինագ խոսացեր ա մեր նախկին գյուղապետի` Գագիկ Պողոսյանի հետ: Գյուղապետն էլ ամբողջ գյուղին չտեղեկացրե, ըսեր ա` մինագ էն ակտիվ մարդկանց, ովքեր կերթան ետ ժողովներին: Մենք բանից անտեղյակ ինք եղե: Գյուղապետն ու ետ կառուցողն լվացեր ին ետ մարդկանց ուղեղն: Մինչև սաղ խելքի եգան, արդեն ուշ էր: Մըգա էլ ելե` ցույց ա կենին: Են վախտ, օր մըզի էլ սեն, մեծի խոսքն լսեն, մըգա սօր ես օրին չեղնեն:
Հէկ-երը չեն թողնում մարդիկ հանգիստ ապրեն և իրենց տանջանքի դիմաց փոխատուցում ստանան:
Հ.Գ. Ուզում եմ նշել, որ արդեն մի քանի  օր է` մեր լույսերը անջատել են: Եվ դա արել են, որպեսզի գյուղացիները հետ կանգնեն իրենց որոշումից և չխոչընդոտեն հէկ-երի շահագործմանը: