anna gasparyan aragats

Արագածի չարիքը

Երբ գյուղում սկսվում են հողամասի ոռոգումները, գյուղացիները սկսում են դժգոհել ոռոգման ջրից: Բոլոր գյուղացիներն անխտիր պնդում են, որ հէկ-երը պետք է շտապ հանվեն շահագործումից: Ես և դասընկերս որոշեցինք ինքներս գնալ և տեսնել այն, ինչի մասին բազմիցս լսել էինք: Հասնելով Գեղարոտ գետի մոտ՝ մենք ականատես եղանք ահավոր տեսարանի: Այն, ինչ պատմել էին գյուղացիները, մեր տեսածի համեմատ ոչինչ էր: Հիմա արդեն շատ պարզ էր գյուղացիների բողոքի պատճառը: Եվ մենք էլ, բնականաբար, անցանք նրանց կողմն ու սկսեցինք պայքարել:

aragaciChariqy

Գետի ջուրն ունի դեղին գույն: Ի՞նչն է ջուրը դարձնում այդ գույնի, և արդյո՞ք այդ ջուրը վնաս չի հասցնում գետի կենդանական և բուսական աշխարհին: Ես և դասընկերս որոշեցինք զրուցել այն մարդկանց հետ, որոնք ապրել են գյուղում նախքան հէկ-երի կառուցումը: Որոշեցինք պարզել, թե երբ է կառուցվել հէկ-ը, ում հովանավորությամբ, արդյո՞ք գյուղացիները քայլեր արել են, որպեսզի դադարեցնեն դրա շահագործումը:

aragaciChariqy1

Գեղարոտ գետը սկիզբ է առնում Արագածի լանջից և հանդիսանում է ոռոգման միակ աղբյուրը Արագած համայնքի և շրջակա գրեթե 7 համայնքների համար: Հէկ-երը կառուցվել են 2007-2008 թվականներին: Հէկ-երի սեփականատերը այս տարիների ընթացքում մնացել է անհայտ, միայն գիտենք, որ մեծահարուստ է և փորձում է գյուղացիների չարչարանքի դիմաց շահույթ ստանալ:

aragaciChariqy2

Պարզեցինք, որ նախքան հէկ-ի կառուցումը՝ գետն ունեցել է հարուստ կենդանական աշխարհ: Ասում են, որ գետում եղել է նույնիսկ կարմրախայտ, իսկ հիմա չես կարող գտնել ոչ մի կենդանի, անգամ գորտերն են վերացել, չորացել են այգիները: Հէկ-երի շահագործումը դադարեցնելու համար գյուղացիները բողոքի ցույց են արել, և այդ ցույցի մասին տեղյակ է նաև կառավարությունը:

2017թ. հունիսի 14-ին համայնքապետարանում տեղի է ունեցել ժողով, որին ներկա են գտնվել գյուղացիները և տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը: Նա անձամբ գյուղացիների հետ բարձրացավ և իր աչքով տեսավ հէկ-ի մոտակայքում հոսող ջուրը և հէկ-ից վերև՝ իր բնական հունով հոսող ջուրը: Այդ ամենը տեսնելուց հետո Դ. Լոքյանը հեռացավ համայնքից այն խոստումով, որ 7 օր հետո նորից կվերադառնա և կզրուցի գյուղացիների հետ: Բայց նրանից ոչ մի լուր չստացանք, Լոքյանը գնաց, իսկ գյուղացիների հարցերը մնացին անպատասխան: Հէկ-ի շահագործման արդյունքում ծառերը սկսում են չորանալ, իսկ կարտոֆիլը, որը գյուղացիների ապրուստի միակ միջոցն է, վարակվում է տարբեր հիվանդություններով: Գյուղացիները նշեցին նաև, որ գետի ջուրը ուղարկում են լաբորատոր փորձաքննության, բայց ռեալ պատասխան չեն տալիս: Նրանք պնդում են նաև, որ ամեն բան կեղծված է, որովհետև տեսածդ ու լաբորատոր փորձաքննության պատասխանը հակասում են իրար: Գյուղում կա երկու հէկ: Չբավարարվելով դրանով, ուզում են կառուցել նաև երրորդը: Եվ այս բոլոր խնդիրներն ու պրոբլեմները միայն ու միայն այդ չարիքի պատճառով է: Գյուղացիները տանջվում և չեն կարողանում հավաքել նորմալ բերք, ծառերն էլ չեն տալիս պտուղներ: Դրա հետ մեկտեղ՝ որոշել են ոռոգման ջրերը դարձնել վճարովի: Հերիք չի կործանում են գյուղացիների կյանքը, հիմա էլ ուզում են գյուղացիների տանջանքի ու չարչարանքի դիմաց եկամուտ ստանալ: Հերի՛ք է: Մի քիչ էլ գյուղացիների մասին մտածեք. այդքան աշխատանքի դիմաց ոչինչ չեն վաստակում:

Ես չեմ ուզում, որ Արագածը դառնա անապատ: