Արզականի լուսեղեն խաչը

Լուսանկարը` Վիկտորիա Թադևոսյանի

Լուսանկարը` Վիկտորիա Թադևոսյանի

Փետրվարի 2-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական վարչական տարածքի չորս երիտասարդների՝ եղբայրներ Արծրուն և Արտյոմ Հովհաննիսյանների, Արման Խաչատրյանի և Աբգար Իսահակյանի նախաձեռնությամբ գյուղի սկզբում՝ բարձունքի վրա տեղադրվել է 5 մետր երկարությամբ և 2-3 մետր լայնությամբ լուսեղեն խաչ: Խաչն ունի շուրջօրյա՝ 24-ժամյա լուսավորություն և առավել տեսանելի է երեկոյան ժամերին։

Այս մասին զրուցեցի լուսե խաչը տեղադրող եղբայրներից մեկի՝ Արտյոմ Հովհաննիսյանի հետ: Նա ասաց, որ խաչի ընդհանուր մտահաղացումն իր մեծ եղբորինն է՝ Արծրուն Հովհաննիսյանինը, նաև նշեց, որ Արծրունը որևէ խորհրդանշական երազ չի տեսել, այլ ուղղակի իր մտքով անցել է այսպիսի հետաքրքիր խաչ պատրաստել։

Լուսանկարը` Վիկտորիա Թադևոսյանի

Լուսանկարը` Վիկտորիա Թադևոսյանի

-Իսկ մեզ մնում էր միայն աջակցել և օգնել…

Արտյոմ Հովհաննիսյանն ասաց, որ իրենց աջակցել է նաև Արզականի վարչական տարածքի ղեկավար Լիպարիտ Մարգարյանը, որից շնորհակալ են ամեն ինչի համար:

Արտյոմ Հովհաննիսյանը նշեց նաև, որ երկու-երեք ամիս տարվել են նախապատրաստական աշխատանքներ, աշխատանքների ընթացքում անընդհատ ինչ-որ մի բան պակասում էր կամ խանգարում՝ մասերի հետ կապված։

-Ավելի քան երկու ամիս աշխատել ենք, մեկ օրում հավաքել խաչը։ Այդ օրը ինչ-ինչ պատճառներով չկարողացանք տեղադրել, բայց հաջորդ օրը՝ փետրվարի 2-ին, 23:00-24:00 ընկած ժամանակահատվածում չորս հոգով տեղադրել ենք խաչը:

-Հետագայի հետ կապված էլի՞ անելիքներ ունենք, թեկուզ հենց մեր միջոցներով, կավելանա՞ն խորհրդանշական եռագույն լույսերը՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն:

-Չգիտե՛մ, պետք է, որ լավ լինի…

Իսկ իմ հարցին, թե արդյոք խաչն ունի որևէ խորհրդանշական անվանում, Արտյոմ Հովհաննիսյանն ասաց․

-Խորհրդանշական անվանում չունի, փոխարենը, երբ մեզ հարցնում են՝ ո՞ւր եք, ասում ենք՝ խաչի մոտ, ինչն էլ հստակ մատնանշում է մեր տեղը..

Լուսանկարը` Վիկտորիա Թադևոսյանի

Լուսանկարը` Վիկտորիա Թադևոսյանի

Ահա այսպիսի երիտասարդություն ունի Արզականը, որի նպատակներից մեկը տեսանելի դարձավ փետրվարի 2-ին՝ լուսեղեն խաչի տեսքով։