Արվեստը կարող է միավորել բոլորիս

Հայարփին ու Նունեն լավագույն ընկերներ են, և մեկն առանց մյուսի արդեն դժվարանում է պատկերացնել կյանքը։ Ուղղակի Հայարփին նման չէ մյուսներին, իսկ Նունեն նրա հետ շփվելու համար փորձել է հնարավոր բոլոր եղանակները, հետո՝ սովորել ժեստերի լեզուն ավելի արագ, քան որևէ մեկը կարող էր ցանկացած այլ լեզու սովորել։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Նրանց ու նման այլ պատմություններ ոգեշնչել են մի խումբ երեխաների նկարելու ֆիլմեր իսկական ընկերության, սիրո ու ուրիշ մնայուն արժեքների մասին, որոնք մեծերը հաճախ չեն էլ նկատում։

«Մանանա» կենտրոնի սաների ֆիլմերը՝ նվիրված ներառականությանը և հաշմանդամություն ունեցող անձանց, ներկայացվեցին «Նարեկացի արվեստի միությունում»՝ «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի 3-րդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնի շրջանակներում։

Գաղափարը Մշակույթի նախարարությանն է, իրականացվում է արդեն երրորդ անգամ: Այս տարի այն կազմակերպում է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան: Ասոցիացիայի տնօրեն Արմեն Մանասյանը նշում է, որ կազմակերպչական աշխատանքների ընթացքում և հետո իրենք համագործակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միության, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՄԱԿ-ի և այլ մեծ ու փոքր կազմակերպությունների հետ:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

«Արտկոնցեպտ»-ը զբաղվում է մշակութային ձեռնարկների, միջոցառումների կազմակերպմամբ և ոչ միայն: Կազմակերպությունը ինքնաարտահայտվելու ու սեփական արվեստը Հայաստանում և արտերկրում ներկայացնելու հնարավորություն է տալիս հայ ստեղծագործողներին։ Միաժամանակ կազմակերպությունը արվեստի տարբեր ճյուղերը միավորող գործառույթ ունի: Արմեն Մանասյանը նշում է, որ իրենց ծրագրերի մեծ մասն այդ սկզբունքով են իրականանում:

-Մեր հիմնական պրոդուկտներից մեկը` «Օպուս» միջազգային փառատոնը, որն արդեն ունեցել է չորս համերգաշրջան՝ Մոսկվայում, Փարիզում, Երևանում, համարվում է երաժշտական փառատոն, բայց սկզբունքի համաձայն իր մեջ ներառում է արվեստի այլ ճյուղեր ևս: «Ձեռք ձեռքի» փառատոնն էլ բացառություն չէ. այստեղ ունենք կերպարվեստ, լուսանկարչություն, կինո, երաժշտություն և փորձում ենք արվեստի համադրման համար հարթակ ստեղծել: Մենք չենք ցանկանում շեշտել ներառականության սկզբունքը։ Ցանկանում ենք, որ մասնակցեն բոլոր երեխաները՝ անկախ առողջական խնդիրներից ու այլ պայմաններից: Նրանք այստեղ հնարավորություն կունենան արտահայտվելու, իրենց տաղանդն ու ընդունակությունները ցուցադրելու, բեմ դուրս գալու»:

Փառատոնն անցկացվում է արվեստի 7 ճյուղերը ներկայացնող ոլորտներում` երաժշտություն, նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, լուսանկարչություն, թատերարվեստ, կինոարվեստ:

Փառատոնի ընթացքում արդեն իսկ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ` արվեստի տարբեր ոլորտներում։ Կինոդիտումներ, թատերական ներկայացումներ, ինտերակտիվ հանդիպումներ ու վարպետության դասեր․ սրանք հնարավորություն կտան երեխաներին բացահայտելու սեփական ու արտաքին աշխարհը, ճանաչելու միմյանց ու գնահատելու։

Երեխաների՝ աշխարհը ճանաչելու փորձերից մեկն էլ նրանց նկարահանած ֆիլմերն են։ «Մանանա» կենտրոնի սաները իրենց վավերագրական ֆիլմերում հաճախ են անդրադարձել հաշմանդամություն ունեցող անձանց, բայց ոչ միայն նրա համար, որ ցույց տան նրանց խնդիրները, այլ որովհետև նրանք ոգեշնչման աղբյուր են եղել երեխաների համար։

«Մանանա» կենտրոնի ֆիլմերի ցուցադրությունը երկրորդ կինոդիտումն է փառատոնի շրջանակներում։

«Ձեռք-ձեռքի» մանկապատանեկան արվեստի փառատոնը կշարունակվի հաջորդ շաբաթ ևս։ Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրը, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում տեղի կունենա փառատոնի փակման արարողությունը։

Անի Ավետիսյան

Անի Հարությունյան