Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Արտահերթ

-Մա՜մ, ջերմաչափը տուր, էլի՜…
-Ամայի մոտ ա, վերջացնի՝ կբերեմ:
-Ամայից հետո ես եմ չափելու:
-Հոպ, առաջ ես եմ ասել:

Ահա մի շաբաթ է՝մեր տանն այս վիճակն է. ջերմություն չափելու հերթ է: Դե, ո՞ւմ տանը տասնհինգ հոգի լինի, տասնհինգն էլ հիվանդ, ու այսպիսի վիճակ չստեղծվի: Այսքանից հետո ես միայն մի բան կարող եմ ասել՝ խե՜ղճ ջերմաչափ…

Ընդհանրապես մեր տանը հերթեր շատ են լինում՝ լողանալու հերթ, սեղանի շուրջ նստելու ու հաց ուտելու հերթ, սիրած հեռուստաալիքը դիտելու հերթ, էլ չեմ խոսում համակարգչի դիմաց նստելու հերթի մասին, որի մենաշնորհը կարծես Վովա պապային է տրված. ամբողջ օրը նորություններ, նարդի, նորություններ, ֆիլմ, նորություններ ու էլի նորություններ: Մի հարցնող լինի, թե ա՛յ մարդ, չե՞ս հոգնում:

-Վովա՛ պապա, mail-ով քննությանս հարցաշարն են ուղարկել…
-Պա՛պ, մի հատ նոր հզոր ծրագիր ա դուրս եկել, ուզում եմ քաշել…
-Վովա՛ պապ, նոր նյութ եմ գրել, թող ուղարկեմ, խնդրում եմ…

Ահա այսպես բոլորս հերթով գնում ու փորձում ենք Վովա պապային համակարգչի առջևից պոկել: Երբ ոչինչ չի ստացվում, երեխաներով մեկ-մեկ խորամանկության ենք դիմում:

-Դրսում քեզ են կանչում, Վովա՛ պապ:
-Անո մաման ասում ա՝ արի հաց կեր:
-Եթե չայ բերեմ, որ խմես, վեր կկենա՞ս:

Աչքերիս չեմ հավատում, ինձ հաջողվեց դա անել: Ահա ես վերցնում եմ մկնիկը, փորձում եմ խեղճ համակարգչին «ուշքի բերել» (համակարգիչը տարիքով ինձանից էլ մեծ է, Վովա պապայից հետո էլ անպայման թարմացնելու կարիք է առաջանում, էլ չեմ խոսում այն մասին, որ մեծ եղբայրս ամեն շաբաթ ստիպված է լինում համակարգչի ծրագիրը փոխել): Հինգ րոպե, տասը րոպե, հիմա կվերջացնեմ նյութս ու…

-Աստղի՛կ, վե՛ր կաց:
-Ա՜խր, նոր էի նստել, թող գոնե վերջացնեմ…
-Հինգ րոպեով եմ նստում:

Ես ասեմ հինգ րոպե, դուք հասկացեք դրա տասնապատիկը: Իսկ այսքանից հետո ես կարող եմ միայն ասել՝ է՜հ: