erik alexsanyan

Բաբոն

Մեզանից մոտ մեկ դար առաջ Հացառատում ծնվեց մի մանուկ, ով ոչ մի բանով չէր տարբերվում մյուսներից: Մեծանալով աստիճանաբար սկսեց տարբերվել իր հասակակիցներից և մոտ քսան տարեկանում` մի արտասովոր երազ տեսավ, որտեղ նրան էր մոտեցել սպիտակ մորուսով ու սպիտակ հագուստով ծերունի, փոխանցել էր մի թալիսման ու ականջին շշնջացել, որ թալիսմանը նրան ուժ կտա: Վերգինեն` նույն ինքը այդ երիտասարդ կինը, ուշադրություն չդարձրեց երազին: Անցան շաբաթներ և մի սովորական առավոտ` բակը ավլելիս, Վերգինեն գտավ այն թալիսմանը, որը երազում փոխանցել էր իրեն ծերուկը: Նա մի պահ կանգ առավ, չհավատալով գտածին, բայց վերցրեց այն և պահեց իր մոտ: Գյուղում լուրերը շատ արագ էին տարածվում: Մի քանի ժամ հետո ամբողջ գյուղը Վերգինեի մասին էր խոսում:

Բաբոն` նույն ինքը Վերգինեն, ամուսնացավ: Առաջին չորս երեխաներին կորցրեց մանկահասակ տարիքում: Ոչ ոք չէր հասկանում, թե ինչու են նրանց երեխաները մեկը մյուսի հետևից մահանում: Երիտասարդ մայրը հուսահատության մեջ հիշեց թալիսմանը, կապեց այն թևին և մինչև կյանքի վերջը այն անբաժան մնաց իրենից: Շարունակեց ապրել: Ապրել որպեսզի ապացուցի բոլորին, որ ինքը ուժեղ կին է, և դեռ կծնվեն երեխաներ, ովքեր նրան մայրիկ կկանչեն: 
Անցան տարիներ: Բաբոն արդեն վեց երեխա ուներ ու քսանմեկ թոռ:
Արդեն ծեր հասակում երազում նորից այն ծերունին էր եկել և ասել, որ իրենց տան բակի սև մեծ քարերը չի կարելի տեղից շարժել: Նաև փոխանցել էր, որ իրենց բակում գանձեր են թաղված:
Երբ մեծ թոռներն իմացան այդ մասին, սկսեցին փորել ամբողջ բակը, որտեղ հնարավոր էր փորել, բայց ապարդյուն: Գանձերը չգտնվեցին: Թոռներն ուզում էին մեծ քարերը տեղաշարժել դրանց տակ փորել, սակայն Բաբոն արգելեց թոռներին քարերը շարժել: 
Ու մինչև այսօր, թեև Բաբոն արդեն մոտ տասը տարի է չկա, իր երեխաները պահում են իրենց տված խոստումը իրենց մահացող մորը և չեն թողնում ոչ մեկին մոտենալ դրանց: 
Բաբոյի երեխաները մոր պես առեղծվածային ուժ ունեն և ապրում են, որպեսզի իրենց սերունդներին պատմեն մեծ կնոջ ու հիասքանչ մոր մասին: Ես չգիտեմ, թե ինչ է թաղված սև քարերի տակ, գուցե ոչ մի բան: Ինձ համար Բաբոյի գանձը մայրական մեծ սերն է, որ ուժ է տվել իրեն և իր սերունդներին ապրել:
Բաբոն մորս տատն էր…