Ես արդեն հոգնել էի, բայց շարունակում էի վազել, քանի որ գիտեի, թե ինչ կլինի ինձ հետ, եթե կանգ առնեմ: Ուժերս ամբողջովին սպառվել էին, իսկ նրանք չէին հոգնում: Ոտքս սայթաքեց, ես ընկա և գիտակցությունս կորցրեցի:
Հեռախոսիս զանգը լսեցի.
-Ալո:
-Չե՞ս իջնում:
-Հա, Դավ ջան, նոր զարթնեցի: Մի տաս րոպեից դուրսն եմ:
Մահճակալս հավաքեցի, լվացվեցի, հագնվեցի, բրդուճ կերա և դուրս եկա:
-Ի՞նչ կա:
Պաչիկ, պաչիկ:
-Երրորդը ո՞ւր ա:
- Հասնում ա:
Բակում երեխաների ձայները գնալով շատանում էին, հետևաբար՝սկսվեց:
-Երեխեք, եկեք ներքևի բակ, ստեղի պուլպուլակի ջուրը կամաց ա:
-Չէ, էլի, երեխեք, մամաս չի թողնում մեր բակից դուրս գամ:
Ես լսում էի երեխաների խոսակցությունը, հիշելով իմ մանկությունը, մեկ էլ զգացի, որ կողքից սառը ջրով մի փոքրիկ աղջիկ ջրում է ինձ, իսկ նրա տատիկը նկարում է այդ ամենը իր «տելեվիզրի» չափ հեռախոսով: Եվ հենց այդ պահին հինգերորդ հարկից մի կին ջուր լցրեց մեր և երեխաների վրա:
-Է՞ս ով էր: Անշնորհքի մեկը, չես տեսնո՞ւմ հեռախոսը:
-Հա, լավ, հատուկ չարեց մարդը, մի վիրավորեք,- ասացի ես, փորձելով հանգստացնել այդ կնոջը:
-Արի, բալես, էսի զիբիլանոց ա, հայաթ չի:
Վերջապես եկավ մեր երրորդ ընկերը, ով արդեն որոշ չափով թրջված էր:
Այս անգամ մենք որոշել էինք առանց դույլերի, առանց ուրիշ ջրող միջոցների գնալ քաղաք:
Կարապի լճի ջուրը շատ կեղտոտ էր, որոշեցինք գնալ Հրապարակի շատրվաններ:
Համարյա հասել էինք տեղ, երբ ականատես եղանք հետևյալ տեսարանին:
Մի տղա, մոտավորապես իմ տարիքի, արագ հեծանիվ էր քշում, որպեսզի իրեն չջրեն, իսկ մյուս տղան կանգնել էր հեծանվորդի դիմաց, որպեսզի ջրեր նրան: Հեծանվորդը չէր հասցրել կանգնեցնել հեծանիվը, և հարվածի հետևանքով ջրողը դեմքն էր վնասել (բայց լուրջ բան չէր եղել), իսկ հեծանվորդը ընկել էր հեծանիվի հետ: Քառասունից հիսուն տարեկան մի տղամարդ, ով իմ կարծիքով, ջրող տղայի հայրն էր կամ ինչ որ ուրիշ բարեկամ, ապտակում է հեծանվորդին, և նույն տարիքի մի այլ տղամարդ նույնպես ապտակում է այդ տղային: Ապտակներից հետո սկսվեցին հայհոյանքները հեծանվորդի ուղղությամբ, իսկ հեծանվորդը լուռ բարձրացավ գետնից, նստեց իր հեծանիվն ու գնաց: Մենք չհասցրեցինք այդ ամենը կանխել, միայն հասցրեցինք ապտակողների վրա գոռգռալ, բայց դա հեծանվորդին արդեն չէր օգնի:
Զայրացած և ապշած մենք քայլեցինք դեպի շատրվանները և միանգամից տեսանք հետևյալը.
-Էտ ո՞նց ես ջրում ինձ, տեղը չե՞ս բերում ինձ:
Պարապած մարմնով մի տղա այս խոսքերն ասելով հրեց իրենից տարիքով փոքր տղայի, այնուհետև շպրտեց այդ տղայի դույլը և գնաց: Այս անգամ ես չցանկացա խառնվել: Չէ, ես չվախեցա այդ տղայի պարապած մարմնից, ուղղակի հասկացա, որ այսօր այսպիսի տեսարաններ շատ եմ տեսնելու, և ամեն մեկին խառնվելով, խնդիրների մեջ կգցեմ համ ինձ, համ ընկերներիս:
Համենայն դեպս մեր օրը լավ անցավ: Լավ ջրվեցինք, լավ ջրեցինք:
Տուն գալուց ես հիշեցի ուսուցիչներիցս մեկի խոսքերը, որոնք լսելուց հետո միշտ ասում էի, որ սխալվում է.
«Հեղափոխությունը փոխեց երկիրը, բայց մարդիկ մնացին նույնը»: