Բանսարկուն կենաց է առաջարկում

Քլայվ Ս. Լյուիս
«Բանսարկուի նամակները» գրքի վերջաբանը

Քլայվ Սթեյփլս Լյուիսը անցյալ դարի ամենահայտնի բրիտանացի գրողներից է: Ընդ որում հավասարապես հայտնի է և իր գիտական մենագրություններով (որպես միջնադարյան գրականության պատմության մասնագետ կյանքի մեծ մասը դասավանդել է Օքսֆորդում ու Քեմբրիջում), և որպես գիտաֆանտաստիկ վեպերի հեղինակ ու պոետ, և որպես մանկագիր ու քրիստոնեության ջատագով (շատերի կարծիքով` լավագույնը 20-րդ դարում): Իսկ «Բանսարկուի նամակները» նրա առավել հայտնի ստեղծագործություններից է:

Բանսարկուն կենաց է առաջարկում

Դժոխքում, գայթակղիչ դևերի ավարտական երեկոյին, ուսումնարանի ռեկտորը` դոկտոր Ստորը, առաջարկեց խմել հյուրերի կենացը: Բանսարկուն` երեկոյի պատվավոր հյուրը, վեր կացավ, որպեսզի պատասխան կենաց ասի:

«Ձերդ անսրբություն և դուք` անողորմ պարոնայք,

Սովորություն է դարձել այսպիսի ճաշկերույթների ժամանակ առաջին հերթին դիմել նրանց, ովքեր նոր են ավարտել դասընթացը և շուտով կսկսեն գայթակղողի իրենց աշխատանքը: Սիրահոժար հնազանդվում եմ: Հիշում եմ, թե ինչ հուզմունքով էի սպասում իմ առաջին նշանակմանը, և հուսով եմ, ոչ, համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն էլ մի փոքր հուզվում է այսօր: Ճանապարհը բաց է: Դժոխքը ձեզ օգնական: Մենք մեծ ակնկալիքներ ունենք ձեզանից: Եթե չարդարացնեք մեր սպասումները, ինքներդ գիտեք, թե ինչ կլինի:

Ոչ մի դեպքում չէի ուզենա մարել այն օգտակար, առողջ վախը, այն համառ սարսափը, որը միայն կխթանի ձեզ: Հաճախ եք դուք նախանձելու մարդկանց, որոնք լավ թե վատ, բայց մոռացության են մատնվում քնած ժամանակ: Այնուամենայնիվ, ես մի փոքր կոգևորեմ ձեզ՝ նկարագրելով ներկա իրավիճակը:

Մեր մեծաստոր ռեկտորն իր ճառի մեջ կարծես ներողություն էր խնդրում մեզնից` աղքատիկ ճաշացանկի համար: Իհարկե, նա մեղավոր չէ, բայց անհնար է ժխտել, որ հոգիները, ում տառապանքով մենք սնվում ենք, ամենացածրորակ տեսակի են: Մեր բազմահմուտ խոհարարներն անգամ անզոր են գոնե չնչին համ հաղորդել դրանց:

Ո՞ւր է Հենրիխ VII-ը, ուր է Ֆարինատան, գոնե Հիտլերը: Այ, այն ժամանակ կերակուր կար, հոշոտելու բան կար: Ինչ չարություն, ինչ դաժանություն, ինչ եսասիրություն` մեզնից ոչնչով չէին զանազանվում: Եվ ինչպես էին դիմադրում… Այրող կրակ էր…

Իսկ ի՞նչ ենք տեսնում մենք հիմա: Ահա ուտում էինք մենք մի կաշառակեր քաղաքապետի: Չգիտեմ, թե դուք ինչպես, ես անձամբ չտեսա այն վայրի, կրքոտ ագահությունը, որը աննման համ է տալիս անցյալ դարի չարագործներին:

Ես համոզված եմ, որ նա մանր մարդ էր, ով հիմար կատակներ էր անում կաշառք վերցնելիս, և հիմարաբար դատափետում էր անազնվությունն իր ճառերում, ուստի անաղմուկ սահեց այստեղ` մեզ մոտ, ինքն էլ դա չնկատելով, պարզապես այն պատճառով, որ «դե, բոլորն են կաշառք վերցնում»:

Այստեղ կային նաև շոգեխաշած շնացողներ: Դե, ասացեք ինձ խնդրեմ, որտե՞ղ է սրանց մեջ բոցաշունչ, կատաղած, կրակոտ կիրքը: Ըստ իս, սրանք անսեռ հիմարներ են, ովքեր հայտնվել են ուրիշի անկողնում գովազդի ազդեցության տակ, վախենալով հետամնաց երևալ, ինչ-որ մեկին ապացուցելու համար, թե իրենք «նորմալ» են, կամ պարզապես պարապությունից դրդված:

Անկեղծ ասեմ, ես, ով համտեսել է Մեսալինային և Կազանովային, քիչ մնաց փսխեմ:

Այ, արհմիության առաջնորդը դեղին թանձրուկի մեջ, ուրիշ բան. նա, համենայնդեպս, ավելի մեծ վնաս է հասցրել: Այսպես թե այնպես, նրա պատճառով արյուն է թափվել, մարդիկ սովի են մատնվել, բռնապետությունը փոխարինել է ազատությանը, բայց ի՞նչ օգուտ: Նա համարյա չէր էլ մտածում այդ վեհ նպատակների մասին: Ինքը դրանցով չէր ապրում: Կուսակցական գիծը, սեփական կշիռը, իսկ մնացյալը`  դատարկություն:

Բայց հարցը դա չէ: Այո, կշտանալու բան չկա, բայց հուսով եմ, դուք որկրամոլության գերի չեք: Իսկ հիմա տեսնենք, թե կա՞ն արդյոք այլ, ավելի ծանրակշիռ նվաճումներ:

Նախ և առաջ, նայեք, թե ինչքան շատ բան կա այստեղ: Որակը` ավելի վատ հնարավոր չէ պատկերացնել, բայց փոխարենը հոգիների քանակը (եթե իհարկե, դրանք կարելի է հոգի համարել) երբեք այսքան շատ չի եղել:

Ավելին, կարող է թվալ, որ այսպիսի հոգիները, չէ, ինչ հոգի, ես կասեի` հոգու մնացուկները, անգամ չարժե կործանել, բայց չգիտես ինչու, Թշնամին որոշել է, թե դրանք արժանի են փրկության: Հավատացեք, որոշել է: Երիտասարդ, անփորձ գայթակղիչները չեն էլ կարող պատկերացնել, թե մենք ինչքան ենք ջանացել ու տքնել, որպեսզի որսանք դրանց:

Դժվարությունը հենց այն է, որ դրանք ոչնչության չափ փոքր են: Նրանք, այդ ստոր արարածները, այնքան բութ են, այնքան պասիվ, այնքան կախված են միջավայրից: Բառացիորեն չես կարողանում մղել նրանց ընտրության այն ազատությանը, որի առկայությամբ է մեղքը դառնում մահացու: Նկատի առեք. նրանց պետք է մղել, և վերջ. ավելին անել չի կարելի, որովհետև այլ վտանգ էլ կա` նրանք կարող են զղջալ: Իսկ եթե չհասցնես, ապա մեռնելուց հետո կհայտնվեն լիմբուսում, քանի որ ոչ դրախտ, ոչ դժոխք գնալու արժանի չեն: Ինչպես ասում են. մարդ չդառաք, դե ինչ, իջեք մարդուց ավելի ցածր մակարդակի: Շատերին դա նույնիսկ դուր է գալիս:

Ընտրելով այն, ինչը Թշնամին համարում է «վատ», այս արարածները գրեթե (կամ ամբողջովին) պատասխանատու չեն իրենց գործողությունների համար: Նրանք չեն հասկանում, թե որտեղից են գալիս և ինչ են նշանակում իրենց կողմից խախտված պատվիրանները: Իհարկե, մենք ամեն ջանք գործադրել ենք, որպեսզի լեզուն ամեն բան ավելի խառնի. ասենք, կաշառքը նրանք կոչում են «թեյավճար» կամ «նվեր»: Գայթակղիչը պետք է նախ և առաջ նրանց ընտրությունը վերածի սովորության (դրան կարելի է հասնել կրկնողությամբ), իսկ հետո, ինչը շատ կարևոր է` սկզբունքի, որը նրանք պատրաստ են պաշտպանել: Այդ ժամանակ ամեն բան շատ հարթ կընթանա: Հասարակ կախվածությունը շրջապատից նրանց համար դառնում է հավատամք, իդեալ. կարո՞ղ է արդյոք դոնդողը դիմակայել: «Ոնց բոլորը, այնպես էլ ես»: Սկզբում նրանք պարզապես չէին տեսնում պատվիրանը, իսկ հիմա ունեն համոզմունքի պես մի բան: Պատմությունը նրանք չգիտեն և Թշնամու բարոյական օրենքը համարում են «պուրիտանություն» կամ «բուրժուական»: Այդպես ամենախորքում առաջանում է մի խիտ, կոշտ թանձրուկ, և նրանք միտումնավոր գնում են այնտեղ, ուր գնում են, ու մերժում են գայթակղությունները: Թանձրուկը այնքան էլ մեծ չէ, նրանք դրա մասին ոչ մի բան չգիտեն (նրանք առհասարակ քիչ բան գիտեն), դա ինչ-որ կրակի բոց չի (ուր էր թե` զգացմունքները չեն հերիքի, երևակայությունն էլ), այն անգամ քարի նման կոկիկ, համեստ է: Սակայն այդ թանձրուկը իր գործն անում է. վերջապես նրանք սեփական կամքով մերժում են այսպես կոչված, շնորհը:

Եվ այսպես, մենք իրավունք ունենք կատարելու երկու լավատեսական եզրահանգում. 1. որսը շատ է` այն համ չունի, բայց սովից չենք մեռնի, և 2. մեր գայթակղիչների վարպետությունը իսկապես դարձել է վիրտուոզ: Բայց կա նաև երրորդը, միգուցե ամենակարևորը:

Հոգիները, որոնց քայքայման ու կորստի շնորհիվ մենք հնարավորություն ունենք եթե ոչ խրախճանք կազմակերպել, ապա գոնե սովի չմատնվել, կրկնում եմ, այդպիսի հոգիներն ավելի ու ավելի են շատանում, բայց ահա ակնառու մեղավորները գնալով քչանում են: Պակասում են հզոր կրքերի տեր մարդիկ, ովքեր իրենց կամքի ողջ ուժով ձգտում են նրան, ինչը չի սիրում Թշնամին: Մեր որսն աճում է, բայց առաջ նման աղբը մենք կթափեինք Կերբերուսի առաջ: Թվում է, թե սա ցավալի իրողություն է. իրականում ամեն ինչ փոխվել է դեպի լավը: Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն մեթոդների վրա, որոնցով մենք դրան հասել ենք:

Նշանավոր (համեղ) մեղավորները ճիշտ նույն խմորից են, ինչ որ այդ ստոր արարածները` մեծ սրբերը:

Ճիշտ է, ահա այսպիսի մանրուքը նույնիսկ չես ուզում բերանդ տանել: Բայց պատկերացրեք, թե ի՞նչ է զգում Թշնամին: Արդյո՞ք սրա համար է Նա ստեղծել մարդկանց, դարձել նրանցից մեկը, չարչարվել ու մեռել, որպեսզի բազմանան այս լիակատար մարդ չդարձած արարածները, որոնք միայն լիմբուսի են արժանի: Նա ուզում էր տեսնել աստվածների նոր սերունդ, սրբեր, ինչպիսին Ինքն է: Ճիշտ է, սրանց համը մեզ տհաճ է, բայց ինչ ուրախալի է: Չէ, դուք միայն պատկերացրեք, Նրա փորձը չհաջողվեց: Ավելին, մեծ մեղավորները հիմա շատ ավելի օգուտ են տալիս: Ցանկացած բռնակալ, անգամ դեմագոգ, կինոյի կամ էստրադայի աստղ, իր հետևից հազար հազարներին են տանում: Ժամանակակից մանրաձկները այն ամենը, ինչ մնացել է իրենցից, նվիրաբերում են նրանց, հետևաբար` մեզ: Հավանաբար շուտով մենք կկարողանանք զբաղվել հաշվված թվով մարդկանցով:

Գիտե՞ք, թե ինչպես է մեզ հաջողվել այսքան մեծ թվով մարդկանց վերածել ոչնչության: Սա պատահականություն չէ: Սա պատասխանն է մեր առջև երբևէ ծառացած ամենամեծ մարտահրավերին:

Թույլ տվեք հիշեցնել, թե ինչ էր կատարվում անցյալ դարի երկրորդ կեսին (հենց այդ ժամանակ ես թողեցի մասնավոր գայթակղիչի գործս և անցա ղեկավար աշխատանքի): Ազատության ու հավասարության ձգտումը սկսել էր էական պտուղներ բերել: Ստրկությունը վերացավ: Աճեց կրոնական հանդուրժողականությունը: Պետք է ասել, որ այդ շարժումների մեջ ի սկզբանե արդեն կային բարենպաստ տարրեր` աթեիզմ, հակակղերականություն, նախանձ, վրեժի ծարավ, նույնիսկ հեթանոսությանը հարություն տալու փորձեր (բավականին հիմար):

Մենք իսկույն չկողմնորոշվեցինք, թե ինչպես վերաբերվել այդ ամենին: Մի կողմից` մեզ համար զզվելի էր, հիմա էլ է զզվելի, որ սովածներին կկերակրեն, գերյալներից կհանեն շղթաները: Բայց մյուս կողմից, հաճելի է տեսնել այսքան անհավատություն, աշխարհիկություն և ատելություն: Ինչպե՞ս չսատարես դրանք:

Դարավերջի տասնամյակների ընթացքում ամեն ինչ ավելի հստակացավ, բայց և առավել սրվեց: Անգլիական հատվածում, որտեղ ես հիմնականում աշխատում եմ, տեղի ունեցավ մի սարսափելի բան. Թշնամին համարյա իր ձեռքն առավ: Առաջադեմ և ազատական ​​շարժում` ի շահ իրեն: Քրիստոնեության հանդեպ նախկին թշնամանքից շատ քիչ բան էր մնացել: Ամենուր տարածվեց գարշելի մի երեւույթ, որը կոչվում էր քրիստոնեական սոցիալիզմ: Հին բարի ժամանակների գործարանատերերին, ովքեր շահույթ էին ստանում ուժից վեր աշխատանքից, բանվորները չէ, որ սպանում էին. դա հրաշալի կլիներ, այլ դատապարտում էին հենց իրենց դասի ներկայացուցիչները:

Գնալով ավելի ու ավելի հաճախ հարուստներն իշխանությունն ու փողը տալիս էին ոչ թե վախից դրդված, ոչ թե բռնության սպառնալիքի տակ, այլ իրենց խղճի թելադրանքով: Իսկ աղքատներն իրենց ուղղակի զզվելի էին պահում: Մենք ողջամտորեն հույս ունեինք, որ ազատություն ստանալով նրանք մի կարգին կթալանեն, կսպանեն, գոնե հարբեցողության կտրվեն, բայց այդ գարշելիները դարձան մաքրակենցաղ, խնայող, ավելի կրթված, ինչ ասեմ` ավելի պարկեշտ: Չեք հավատա, պարոնայք, թե որքան մոտ էր բարոյական, առողջ հասարակություն ստեղծելու սպառնալիքը:

Մեր հոր` Ստորագույնի շնորհիվ, մենք կանխեցինք վտանգը: Հակահարվածն իրականացվեց երկու մակարդակով:

Խորքային մակարդակում մեզ հաջողվեց բացահայտել ու զարգացնել այն, ինչ թաքնված էր շարժման մեջ հենց սկզբից ՝ ատելությունը անձնական ազատության հանդեպ: Առաջինը դա հայտնաբերեց Ռուսոն, ով իսկապես անգին է: Ինչպես հիշում եք, նրա կատարյալ ժողովրդավարության մեջ թույլատրվում է միայն պետական ​​կրոնը, ստրկությունը պահպանվում է, և անհատին ասում են, որ նա, ըստ էության, ուզում է այն, ինչ ուզում են իշխանությունները: Ելնելով դրանից ՝ Հեգելի (մեկ այլ անգնահատելի օգնական) միջոցով մենք նրանց հեշտությամբ ուղղորդեցինք դեպի նացիզմ և դեպի կոմունիզմ: Անգամ Անգլիայում մենք քիչ բան չենք արել: Երեկ ես լսեցի, որ այնտեղ անհատն առանց հատուկ թույլտվության չի կարող իր կացնով իր սեփական ծառը կտրել, ոչ էլ իրավունք ունի այն սղոցելու և իր այգում ցախանոց կառուցելու:

Խորքային հակագրոհի էությունը սա է: Սակայն ձեզ` սկսնակներիդ ոչ ոք չի վստահի աշխատել այս մակարդակում: Ձեզ կկցեն առանձին անհատների: Դրանց դեմ (կամ դրանց միջոցով) դուք այլ կերպ պետք է գործեք:

Այստեղ բանալի բառը «ժողովրդավարությունն» է` դեմոկրատիան: Մեր բանասերները լավ աշխատանք են տարել մարդկային լեզվի հետ, և կարծում եմ կարիք չկա ձեզ զգուշացնելու՝ թույլ չտաք, որպեսզի այս բառը գործածվի հստակ, հասկանալի իմաստով: Նրանք դա չեն էլ անի: Նրանց մտքով չի էլ անցնի, որ դա քաղաքական համակարգի, ավելի ճիշտ, քվեարկության համակարգի անվանում է, որը շատ հեռավոր աղերս ունի այն ամենի հետ, ինչը դուք եք փորձում նրանց հրամցնել:

Իհարկե, ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ նրանք Արիստոտելի պես հարցնեն. ի՞նչ է նշանակում «վարվել ժողովրդավար կերպով»`  «սիրաշահե՞լ ժողովրդավարությանը», թե՞` «օգնել ժողովրդավարության պահպանմանը»: Եթե ​​հարցնեն, մեկ էլ տեսար, գլխի կընկնեն, որ դա միևնույն բանը չէ:

Այսպիսով, գործածում ենք հիմնաբառը որպես հմայիլ, թե կուզեք` որպես պիտակ: Նրանք դա շատ են սիրում: Ի վերջո, նրանց երազանքն է, որպեսզի ամենքի հետ միանման վարվեն: Պետք է աննկատ կերպով նրանց գիտակցության մեջ լծակը տեղաշարժել` երազանքից, իդեալից դեպի հավատն առ այն, որ իրականում բոլորը միանման են, հատկապես ձեր խնամարկյալը: Այդ դեպքում նա իր սիրելի բառով կսրբացնի մարդկային զգացումներից ամենահոգեկործանը (և ամենացավոտը): Առանց ամաչելու, ինքն իրենից գոհ, նա կհամարձակվի ասել մի բան, որն այլ պարագայում կդատապարտեր: Ինչպես կռահեցիք, ես նկատի ունեմ այն զգացումը, որը ծնում է «Իսկ ես քեզանից ոչնչով պակաս չեմ» արտահայտությունը:

Նախ և առաջ՝ արդեն լավ է, որ նա անկյունաքար է դարձնում ակնհայտ, անամոթ սուտը: Հարցը միայն այն չէ, որ դա ճիշտ չէ, որ ինքը ոչ ավելի լավն է, ոչ ավելի բարի, ոչ ավելի խելացի մյուսներից. բանն այն է, որ ինքը նույնպես չի հավատում դրան: Այդ արտահայտությունն անելիս՝ ոչ ոք դրան չի հավատում: Եթե ​​ինչ-որ մեկը հավատար, այդպես չէր ասի: Սենբեռնարը դա չի ասի լապդոգին, գիտնականը` տգետին, գեղեցկուհին` տգեղ կնոջը: Քաղաքականությունից դուրս, հավասարությանը հղում են անում միայն նրանք, ովքեր զգում են, որ իրենք ավելի վատն են:

Այս արտահայտությունը հենց վկայում է, որ մարդը ցավագին կերպով զգում է իր թերարժեքությունը, բայց չի խոստովանում: Ուստի և չարանում է:

Այո, նրան զայրացնում է ուրիշի ցանկացած առավելությունը, ուստի և մերժում ու ժխտում է: Եթե ​​ինչ-որ մեկն այնպիսին չէ, ինչպիսին ինքն է, նա վիրավորվում է: Ոչ ոք իրավունք չունի այլ կերպ խոսել, հագնվել, զվարճանալ, սնվել: «Մի սրան տեսեք, ինչ գրագետ է խոսում: Պարզ է, գոռոզացել է…», «Պահ, պահ, պահ… երշիկ չի ուտում, վերին արտի ցորեն է»: Մի խոսքով, ինչո՞ւ է նա, այդ սրիկան, ինձանից տարբերվում: Սա հակա-դե-մո-կրա-տական է…

Այս երեւույթը օգտակար է, բայց բնավ նոր չէ: Մարդկությունը հազարավոր տարիներ սրան այլ անուն էր տալիս` նախանձ: Նրանք, ովքեր իրենց մեջ տեսնում էին նախանձի դրսևորումներ, ամաչում էին: Նրանք, ովքեր չէին նկատում իրենց նախանձոտ վարքը, դատապարտում էին այն ուրիշների մեջ: Ներկայիս իրավիճակը նրանով է լավ, որ վերոնշյալ կախարդական բառի օգնությամբ դուք կարող եք այն սրբացնել` դարձնել պարկեշտ, անգամ գովելի:

Այդ դեպքում յուրաքանչյուր ոք, ով ինչ-որ հարցում իրեն մյուսներից թերի է զգում, կկարողանա բացեիբաց և հաջողությամբ բոլորին քաշել ցած, իջեցնել իր մակարդակին:

Ավելին, նրանք, ովքեր դարձել են (կամ ունակ են դառնալու) մարդու նման, միանգամից կմտափոխվեն՝ վախենալով, թե դա հակաժողովրդավարական է: Հավաստի աղբյուրներից ես գիտեմ, որ երիտասարդ արարածները հաճախ ճնշում են դասական երաժշտության կամ բարձրարժեք գրականության հանդեպ իրենց հակումը, որպեսզի այն չխանգարի իրենց «լինել ինչպես բոլոր մարդիկ»: Նրանք, ովքեր կուզենային ազնիվ կամ մաքուր դառնալ (իսկ այդ դեպքում Թշնամին կօգներ նրանց) զսպում են իրենց, որպեսզի չտարբերվեն մյուսներից, չառանձնանան, աչքի չընկնեն: Մի տարբերվիր, թե չէ մեկ էլ տեսար անհատ կդառնաս: Ինչ սարսափելի բան:

Այս միտքը շատ դիպուկ արտահայտեց մի երիտասարդ աղջիկ, ով վերջերս աղերսում էր մեր Թշնամուն. «Օգնիր ինձ դառնալ նորմալ և ժամանակակից»: Մեր ջանքերի շնորհիվ դա նշանակում է. «Օգնիր ինձ դառնալ պոռնիկ, սպառող և հիմար»:

Արտադրական թափոնները նույնպես վատ չեն: Նրանք, ովքեր չեն ցանկանում «նմանվել բոլորին», «… մարդկանց նման լինել», «նորմալ դառնալ», «հարմարվել» և այլն (այդպիսիք ավելի ու ավելի քիչ են), ի վերջո դառնում են հպարտ ու խենթ, այնպիսին, ինչպիսին այդպիսիններին միշտ են համարել: Կասկածամտությունը հաճախ է ստեղծում կասկածի առարկա. «Ինչ էլ որ անեմ, ես կհամարվեմ կախարդ (կամ «լրտես»): Այսպես թե այնպես կորչելու եմ, այդ դեպքում ավելի լավ չէ…»: Մենք ստանում ենք քչաթիվ, բայց  չափազանց օգտակար մտավորականություն:

Բայց սրանք թափոններ են, ոչ ավելին: Կարևորն այն է, որ ամենուրեք և անշեղորեն աճում է անվստահությունը, հետևաբար և ատելությունը ցանկացած առավելության հանդեպ:

Մարդիկ տանել չեն կարողանում, եթե ինչ-որ մեկն իրենցից ավելի ազնիվ է, քաղաքավարի, խելացի կամ ավելի կիրթ: Հաճելի է տեսնել, թե ինչպես է ժողովրդավարությունը (հմայությունը) մեր համար անում ճիշտ նույն աշխատանքը, ինչը ժամանակին անում էին հնագույն բռնապետությունները և այն էլ` նույն մեթոդներով: Հուսով եմ՝ հիշում եք, որ մի հույն բռնապետ (այն ժամանակ նրանց բռնակալ էին անվանում) սուրհանդակ էր ուղարկել մյուսի մոտ՝ խորհուրդ հարցնելու՝ ինչպե՞ս կառավարել մարդկանց: Երկրորդ բռնապետը սուրհանդակին տանում է դաշտ և գավազանով տապալում բոլոր այն հասկերը, որոնք մյուսներից բարձր էին: Խրատը հստակ է. թույլ մի տուր ինչ-որ մեկին տարբերվել: Կենդանի մի թող նրան, ով ավելի խելացի է, համարձակ, ավելի լավը, կամ ավելի գեղեցիկ է մյուսներից: Հավասարեցրու բոլորին, թող լինեն ստրուկ, զրո, ոչնչություն: Այն ժամանակ հարկ էր լինում գլխատել, հիմա ամեն ինչ գնում է իր հունով: Ներքևի հասկերն իրենք կպոկեն իրենցից բարձր եղած գլուխները: Ավելին, վերևիններն իրենք կպոկեն իրենց գլուխը, միայն թե չտարբերվեն:

Ես արդեն ասացի, որ այս ոչնչությանը, որին իսկի մարդ էլ չես անվանի, արմատախիլ անելը դժվար և հետևողական աշխատանք է պահանջում: Բայց եթե չխնայեք ձեր ջանքն ու եռանդը, արդյունքը երաշխավորված է: Թվում է, թե մեծագույն մեղսավորներին կորստյան մատնելն ավելի դյուրին է: Բայց այնքան էլ այդպես չէ: Նրանք անկանխատեսելի են: Դուք նրանց հետ զվարճանում եք շուրջ յոթանասուն տարի, և յոթանասունմեկին, խնդրեմ, Թշնամին փախցնում է նրան ձեր քթի տակից: Բանն այն է, որ նրանք կարող են ապաշխարել: Գիտեն, որն է իրենց մեղքը: Նրանք պատրաստ են դրժել բոլոր պայմանագրերը, պայմանականությունները հանուն Թշնամու, ինչպես նախկինում դրժել էին հանուն մեզ: Բոռ որսալն ավելի դժվար է, քան փղին դիմահար սպանելը, բայց եթե վրիպես, փիղն ավելի մեծ վնաս կհասցնի:

Ես ինքս, ինչպես արդեն նշեցի, աշխատում էի հիմնականում անգլիական հատվածում, և մինչ օրս ավելի շատ այնտեղից եմ լուրեր ստանում: Գուցե այն, ինչ ասելու եմ, ձեր գործունեության վայրերին լիովին չհամապատասխանի: Այդ դեպքում տեղ հասնելուն պես կատարեք անհրաժեշտ շտկումներ: Եթե ​​այս ամենը առհասարակ կիրառելի չէ, ապա փորձեք ձեր երկիրը հնարավորինս նմանեցնել Անգլիային:

Այս բազմախոստում աշխարհամասում «Ես քեզնից վատը չեմ» սկզբունքն արդեն ներթափանցել է կրթական համակարգ: Թե որքան խորը` դեռ չեմ կարող ասել, և այնքան էլ կարևոր չէ: Ուղղության տենդենցը հասկանալով, կարող ենք հեշտությամբ կանխատեսել, թե դրանից ինչ դուրս կգա, հատկապես` մեր աջակցությամբ:

Այսօրվա կրթությունը խարսխված է այն մոտեցման վրա, որ հիմարներին ու ծույլերին չպետք է նվաստացնել, այլ կերպ ասած ՝ նրանք չպետք է կռահեն, որ իրենք ինչ որ բանով տարբերվում են խելացիներից և աշխատասերներից: Ինչպիսին էլ լինի տարբերությունը, պետք է թաքցնել: Ինչպե՞ս: Տարբեր մակարդակներում՝ տարբեր ձևերով: Համալսարանում ավարտական ​​քննություններին այնպիսի հարցեր են դրվում, որպեսզի բոլորը կարողանան պատասխանել: Ընդունելության քննություններին այնպիսի հարցեր, որպեսզի բոլորը կարողանան համալսարան ընդունվել ՝ անկախ նրանից՝ մտադի՞ր են արդյոք հետագայում կիրառել բարձրագույն կրթությունը: Դպրոցականներին, ում խելքի բանը չէ քերականությունը կամ թվաբանությունը, թույլ են տալիս զբաղվել նրանով, ինչով տանն էին զբաղվում. ասենք, թխել զատկական բուլկիներ, և այն կոչել «մոդելավորում»: Կարևորը` ոչ մի կերպ չակնարկել, որ իրենք տարբերվում են այն աշակերտներից, ովքեր ջանասիրաբար սովորում են:

Անկախ նրանից, թե ինչ անհեթեթությամբ են զբաղված, պետք է դրան «նույնքան լուրջ» վերաբերվել (Անգլիայում սա հաջողությամբ ներդրվեց): Ավելին, առաջավոր աշակերտներին շուտով կթողնեն նույն դասարանում, որպեսզի մյուսներին չվիրավորեն (անողորմ Բեհեղզեբուղ, տես ինչ են մտածել): Մի խոսքով, հիմարն իրավունք ունի սովորելու իր հասակակիցների հետ, իսկ որևէ պատանի, ով ունակ է հասկանալու Էսքիլեսին կամ Դանթեին, թող լսի, թե ինչպես են վանկերով կարդում. «Կա-տուն պա-տու-հա-նի գո-գին է»:

Մի խոսքով, երբ ժողովրդավարական սկզբունքը («Ես ավելի վատը չեմ…») պատշաճ կերպով ներդրվի, մենք կարող ենք հուսալ, որ առհասարակ կրթություն այլևս չի լինի: Կվերանա սովորելու իմաստը և անկիրթ երևալու վախը: Այն քչերին, ովքեր դեռ ծարավի են գիտելիքի, կնստեցնեն իրենց տեղը, որպեսզի աչքի չընկնեն: Ասենք ուսուցիչներն էլ (ավելի ճիշտ՝ դայակները) ժամանակ չեն ունենա նրանցով զբաղվելու. քանի բթամիտի դեռ պետք է խրախուսեն, քանի հիմարի սփոփեն: Մեզ այլևս պետք չի լինի մարդկանց մեջ ինքնագոհություն և տգիտություն ներարկել: Իրենք գլուխ կհանեն:

Իհարկե, սա կգործի միայն այն դեպքում, եթե բոլոր դպրոցները լինեն պետական: Բայց անհանգստանալու կարիք չկա, հավասարեցումն իր գործը կանի: Հարկերը հաջողությամբ կվերացնեն հենց այն շերտը, այն մարդկանց, ովքեր զոհողությունների էին գնում, որպեսզի իրենց երեխաները որակյալ կրթություն ստանան: Այս շերտի ոչնչացումը սերտորեն կապված է վերը նշված սկզբունքի հետ: Ըստ էության, այս խավից են հիմնականում սերել գրեթե բոլոր գիտնականները, փիլիսոփաները, աստվածաբանները, բժիշկները, նկարիչները, քանդակագործները, ճարտարապետները և բանաստեղծները: Ահա իսկապես առողջ ու բերքառատ հացահատիկի խուրձ: Ինչպես արդարացիորեն նկատել է մի անգլիացի քաղաքական գործիչ. «ժողովրդավարությանը ականավոր մարդիկ պետք չեն»: Պետք չէ հարցնել նրան, թե հատկապես ինչ նկատի ունի. «Ժողովրդավարությունը այդ մարդկանց կարիքը չունի՞», թե՞ «չի ուզում, որ նրանք լինեն»: Բայց մենք ձեզ հետ միասին պետք է դա պարզենք: Չէ որ այստեղ կրկին Արիստոտելի կողմից առաջադրված հարցն է մեջտեղ գալիս:

Մենք դժոխքում շատ ուրախ կլինեինք, եթե վերանար ժողովրդավարությունը բառիս նեղ, քաղաքական իմաստով: Ինչպես կառավարման ցանկացած ձև, այն հաճախ աշխատում է ի շահ մեզ, բայց մյուսներից ավելի հազվադեպ: Բայց մեր, դիվային իմաստով («ինչպես բոլոր մարդիկ …», «քեզնից վատը չեմ»), այն հաջողությամբ կհաղթահարի քաղաքական ժողովրդավարությունը:

Ժողովրդավարությունը բառիս ստորին իմաստով (այսպես կոչված «ժողովրդավարական ոգին») ստեղծում է առանց մեծ անհատների ազգ, կիսագրագետներից, բարոյապես անկայուններից, քանի որ նրանց մանկությունից են աչքաթող արել, բացարձակ կամազուրկներից, քանի որ նրանց ողջ կյանքում դայակություն են արել, ծայրաստիճան ինքնավստահ (տգիտություն + շողոքորթություն) մարդկանցից կազմված ազգ: Սա հենց այն է, ինչ մեզ պետք է: Երբ այդպիսի ժողովուրդը բախվում է մյուսի հետ, որի երեխաները դպրոցում ջանասիրաբար աշխատել են, տաղանդավորները քաջալերվել, տգետներին իրենց տեղն է ցույց տրվել, կարող է միայն մի բան պատահել…

Վերջերս մի ժողովրդավարություն զարմացել էր, որ ռուսներն իրենցից առաջ են անցել տիեզերագնացության մեջ: Մարդկային կուրության ինչ հրապուրիչ օրինակ: Եթե ​​ամեն ինչ ծառայում է համահարթեցմանը, ապա որտեղի՞ց պետք է ի հայտ գան ականավոր գիտնականներ:

Մենք պետք է նպաստենք այն վարքին, այն սովորություններին, այնպիսի մտածողությանը, որոնք այնքան հաճելի են ժողովրդավարության համար, քանի որ հենց դրանք էլ, եթե ազատություն տաս, կոչնչացնեն ժողովրդավարությունը: Դուք գուցե հարց տաք՝ իսկ ինչու՞ մարդիկ չեն տեսնում դա: Լավ, ասենք թե Արիստոտել կարդալը ժողովրդավարական չէ, բայց ֆրանսիական հեղափոխությունը կարող էր հուշել, որ արիստոկրատների սիրելի վարքը ոչնչացրեց արիստոկրատիան: Ներդրեք սա ձեր կառավարման ձևի մեջ և վերջ:

Այնուամենայնիվ, ես չէի ցանկանա ավարտել այս նոտայի վրա: Ոչ մի դեպքում չպետք է ենթարկվենք այն մոլորությանը, որը մենք ջանասիրաբար ներդնում ենք մեր զոհերի գիտակցության մեջ. գաղափարը, թե ազգերի ճակատագիրն ավելի կարևոր է, քան անհատի ​​հոգու ճակատագիրը: Մեզ պետք է, որ ազատ երկրների թիվը գնալով նվազի, իսկ ստրկատիրական երկրների թիվն ավելանա ոչ թե այն պատճառով, որ դա հաճելի է, այլ որովհետև այդպես ավելի մեծ է հավանականությունը, որ բազմաթիվ հոգիներ կկործանվեն:

Միայն առանձին անհատը կարող է փրկվել կամ կործանվել, դառնալ Թշնամու որդի կամ մեզ կերակուր: Հեղաշրջումները, պատերազմները, սովը լավ են միայն որպես միջոց, նպատակը` չարությունն է: «Ես քեզնից ոչնչով վատը չեմ» սկզբունքը հրաշալի կերպով քայքայում է ազատ հասարակությունները, բայց նաև իբրև նպատակ է լավը: Այդպիսի հոգեվիճակը աներկբա բացառում է խոնարհությունը, ողորմածությունը, ուրախությունը, գոհաբանությունը և ակնածանքը: Մի խոսքով, արգելափակում է Թշնամու մոտ տանող գրեթե բոլոր ճանապարհները…

Իսկ հիմա անցնենք ամենահաճելիին: Ինձ պատիվ է վիճակվել ձեր անունից կենաց ասել Ամենաստորագույնի և մեր ուսումնարանի համար: Լցնենք բաժակները: Բայց ի՞նչ եմ տեսնում: Ինչ հիանալի բույր է տարածվել: Չեմ սխալվե՞լ ես արդյոք: Հետ եմ վերցնում բոլոր դժգոհություններս: Ի հեճուկս ամեն ինչի, մեր մառաններում կա փարիսեցիական, ամենաբարձր որակի: Հրաշալի է, հրաշալի… Կարծես հին բարի ժամանակները լինեն: Խորը ներշնչեք այս բույրը, պարոնայք: Պահեք գինին լույսի հանդիման: Գիտե՞ք արդյոք, թե ինչպես են պատրաստում այս գինին: Որպեսզի այսպիսի փունջ ստացվի, մի տակառի մեջ են լցնում տարբեր տիպի փարիսեցիների. նրանց, ովքեր երկրի վրա ամենակատաղի ձևով էին ատում միմյանց: Ոմանք կենտրոնացել էին կանոնների պահպանման վրա, ուրիշները` մասունքների ու տերողորմյաների, մի այլ խումբ` տաղտկալի խստությունների և մանր ծիսական պահեցողության (խաղաքարտերից, գինուց, ներկայացումներից): Փոխարենը ամեն մեկն էլ վստահ էր իր արդարության մեջ, մինչդեռ իրենց հայացքների և Թշնամու կամեցածի միջև տարբերությունը գրեթե անսահման է: Նրանց հավատի մեջ կենդանի էր միայն ատելությունը առ այլադավանները: Հայհոյանքը նրանց ավետարանումն էր, զրպարտությունը` սաղմոսերգությունը: Ինչպես էին նրանք ատում միմյանց այնտեղ, որտեղ շողում էր արևը: Որքան սաստիկ են ատում հիմա, երբ միավորվել են հավիտյանս:

Հայտնվելով միասին՝ նրանք այնքան զարմացան, այնքան զայրացան, անզղջում կատաղությունն այնքան թունավորեց նրանց, որ խմիչքն իսկապես բոցավառվում է: Տեսեք, ինչպիսի խավար բոց է: Մեզ համար վատ կլինի, ընկերներս, եթե երկրագնդի երեսից անհետանա այն, ինչ մարդկանց մեծ մասը կոչում է «կրոն»: Այս երևույթը մեզ ապահովում է առավել հետաքրքիր, անգերազանցելի մեղքերով: Չարության նուրբ ծաղիկը աճում է միայն սրբության ստվերում: Ոչ մի տեղ մենք այնքան չենք հնձում, որքան զոհասեղանի աստիճաններին:

Ձերդ խավարագույններ, անպատվելիներ և դուք, անողորմ պարոնայք, եկեք խմենք մեր դժոխափրկիչ ուսումնարանի կենացը»: