Seroj araqelyan

Բարդ ընտրություն

Ի՞նչ եմ ուզում դառնալ ես: Օֆ~, այնքան էս հարցը ինձ տվել եմ, արդեն ամեն անգամ մտածելուց սթրես եմ տանում: Սկսեմ ամենաառաջին մասնագիտությունից: Ես ուզում էի դառնալ սպա: Սիրում էի վիլիս, զինվորական համազգեստ և «բատինկա»: Մի օր բախտ վիճակվեց զինվորական համազգեստ հագնել, թե դպրոցում հանդեսի ժամանակ, թե քեռուս համազգեստը: Երբ բանակից եկել էր, դեռ իրեն չտեսած, գլխարկը վերցրեցի, դրեցի գլխիս, հետո նոր տեսա իրեն: Մի անգամ խոսք գնաց զինվորական կյանքից: Համարյա մեծ մասը բողոքեց: Անընդհատ լարված իրավիճակ և անըդհատ տագնապ հրամանի տակ: Խորհուրդ չտվեցին: Իսկ համազգեստ հագնել, զինվորական ծառայության մեկ է, մեկնելու եմ, կհասցնեմ թե հայրենիքին ծառայել, թե հրաման կատարել: Ես էլ փոքր երեխա՝ շուտ համոզվեցի և առանց դժվարության փոխեցի որոշումս:

Հիմա էլ ուղեղս կենտրոնացա նկարչության վրա: Հա, մոռացա ասել, որ նկարչությունը իմ մեջ է եղել, ինձ չեն պարտադրել, որ սովորեմ: Փոքր ժամանակ, երբ Ռուսաստանում էինք ապրում, այսօրվա նման հիշում եմ. մեր տան լուսամուտից երևում էր կիսակառույց հսկա մի շենք, որի մոտ միշտ կանգնած էր վերամբարձ կռունկ: Ու մինչ ռուս ընկերներ ունենալը այդ վերամբարձ կռունկը իմ անբաժանելի մասն էր թե առօրյայում, թե նկարների մեջ: Չկար էնպիսի մի օր, որ ես չնկարեի այդ կռունկը: Ու միշտ ինձ հետաքրքրում էր, թե ինչպես է կռունկը ամուր կանգնած մնում գետնին: Անընդհատ շինարարության կողքով անցնելիս ցանկապատի անցքերից նայում էի, թե ինչպիսին է կռունկի կառուցվածքը: Եվ երբ ինձ թվաց, որ արդեն բավական ուսումնասիրել եմ, նոր անուն դրեցի՝ «առանց ակների կռան»: Ու էլի ու էլի սկսեցի նկարել, բայց արդեն նկարում էի ամբողջությամբ, նկարում էի նաև այդ առանց ակների հատվածը: Ու այդ նկարները ինձ հետ եկան Հայաստան: Մինչ հիմա ես դրանք պահում եմ, որովհետև իսկապես դա է իմ մանկության մի հատվածը՝ լուսամուտի առջև Մոսկվայում և շատ զարմանալի մի մեքենա, որը ինձ ընկեր էր դարձել:

Հայաստան վերադառնալուն պես իմ նկարները տեսավ իմ ներկայիս կերպարվեստի ուսուցիչը: Նկարները նայելուց հետո ծնողներիս ասել էր, որ պետք է անպայման նկարչության դասերի մասնակցեմ: «Սերյոժան մեծ երևակայություն ունի»: Ընդունվեցի գեղարվեստի դպրոց: Սկզբում դժվար էր, այնտեղ վերամբարձ կռունկ չկար՝ կար միայն կարաս, գունավոր կտորներ և արհեստական մրգեր: Բայց մինչ այդ ես մեծ փուլ անցա՝ նկարի կառուցում և մշակում: Անգամ վերամբարձ կռունկն էի մոռացել, թե ինչ է: Անընդհատ ուրվագծում և կառուցումներ: Ես հաղթահարեցի այդ փուլը: Վերջ, ես արդեն նկարիչ եմ, սա իմ վերջնական որոշումն է: Այսօր արդեն 5 տարի է, ինչ զբաղվում եմ նկարչությամբ, սա է իմ վերջնական որոշումը:

Բայց մի բան էլ: Երբ իմ կյանք մտավ 17.am-ը՝ անկեղծ ասած, մեծ շրջադարձ կատարվեց, այնպիսի շրջադարձ, որ սկսեցի կասկածել. Գուցե նկարչությունը թողնեմ, խորանամ լրագրության մե՞ջ, բայց մյուս կողմից էլ. չեմ կարող հինգ տարվա աշխատանքս կիսատ թողնել: Իսկ 17-am-ը, որն արդեն իմ անբաժան ուղեկիցն է և նրա շնորհիվ ես կարողանում եմ գրել, լուսանկարել, ֆիլմեր նկարահանել, միշտ կուղեկցի ինձ. Ես շարունակելու եմ մնալ 17-ի թղթակից:
Երևի նյութերից մեջ կարդացած կլինեք, որ սպորտի հանդեպ էլ սեր ունեմ: Հիմա էլ զբաղվում եմ սպորտով: Սպորտի գծով չեմ շարունակի, ուղղակի դա առողջ ապրելակերպի անհրաժեշտ բաղադրիչ եմ համարում:

Եվ այսպես, մի քանի ամիս, և ես կսկսեմ ընդունելության քննությունները: Ինձ հաջողություն մաղթեք: