Shushan nersisyan

Բարձրակրունկներով աղջիկը

Մի քանի րոպե անշարժ նստած ես հայելու դիմաց: Նայում ես աչքերիդ, հետո՝ քեզ, հետո էլի աչքերիդ. տեսքդ արսափելի է, պիտի շպարվես։

Դիմացդ՝ հայելու պահարանի վրա, անփութորեն մեկը մյուսի վրա են ընկած շպարիդ պարագաները, որոնք պիտի օգտագործես արդեն որերորդ անգամ թաքցնելու համար սարսափելին: Դրանք քեզ միշտ փրկել են անելանելի իրավիճակներից, ընկերակցել ամենատխուր պահերին, հատկապես, երբ տրամադրություն չես ունեցել:

Դու լուրջ փոփոխություններ չես նախատեսում, միայն մի քանի շտկումներ: Սկսում ես հյուսել սարսափելին թաքցնելու գեղեցիկ հեքիաթը: Շպարվում ես թեթև, առանց ավելորդ ջանք գործադրելու, շպարվում ես մակերեսորեն, անփույթ: Ձեռքդ ես վերցնում առաջին պատահած դիմափոշին ու նույն անփութությամբ լցնում ես դեմքիդ: Թարթիչներդ ներկում ես ամենասև ներկով, որ աչքերիդ սառնությունն ավելի արտահայտիչ լինի, որ չթողնի՝ կրակ փնտրեն աչքերիդ մեջ: Հանկարծ այդ սառնության միջից մի կաթիլ արցունք, առանց թույլտվության, գլորվում է դեմքիդ վրայով ու փչացնում շպարդ՝ սև հետք թողնելով այտիդ վրա: Չես շտապում մաքրել արցունքը, որը հասել էր շրթունքիդ, որի դառնությունն արդեն հասցրիր զգալ: Հետո մաքրում ես, կատարում վերջին շտկումները: Ուզում ես ժպտալ: Չի ստացվում: Նմանվում է ծամածռության: Ինչ-որ բան է պակասում, հա՜, ամենակարևորը՝ շրթներկը: Հիմա կանգնած ես կարևոր ընտրության առաջ. քեզ մնացել է ընտրել ամենակարևորը՝ էլեգանտ կարմիր, թե եթերային վարդագույն: Երևի կարմիրը թողնես հետոյի համար, երբ կողքիդ տղամարդ կլինի, հիմա դու մենակ ես, շուրթերդ ներկիր բաց վարդագույնով, որ ժպիտդ հեքիաթային լինի: Հիմա կրկին փորձիր ժպտալ: Ժպտո՜ւմ ես: Կարծես թե ստացվում է։

Հագուստի ընտրության հարցում չես երկմտում, եթե կարմիր շրթներկ չկա, ուրեմն բացառվում է նաև սև զգեստը: Պիտի ընտրես շրջազգեստներից ամենաթեթևը, որ պարելիս պտտվի, քեզ բարձրացնի երկինք, դու էլ աչքերդ փակես ու ժպտաս, իսկ երբ պտույտը դադարի, կարողանաս դանդաղորեն իջնել երկնքից: Բլուզդ պիտի լինի թափանցիկ, որ սրտիդ աշխատանքը երևա, որ երբ պարելիս աչքերդ փակես, պտտվես ու բարձրանաս երկինք, սիրտդ տեղից դուրս թռչի, իջնելիս էլ քամին ներսուդուրս անի, որ սրտիդ հետ վերնաշապիկդ էլ թրթռա քամուց: Բարձրակրունկներից՝ ամենահարմարները, որ պարելիս չշփոթվես, ոտքդ չսայթաքի, որ թռչունի նման պարես՝ դանդաղ, թեթև: Ընտրելու ես ամենահարմար բարձրակրունկները, որ ժպիտդ ավելի ինքնավստահ լինի:

Տնից դուրս գալիս քեզ օծում ես ունեցածդ ամենաթանկարժեք օծանելիքով, որ գրավիչ լինես, որ կարողանաս ուրիշ աղջիկներին վերևից նայել, հատկապես, որ բարձրակրունկներով ես: Դուրս գալուց առաջ մի վերջին անգամ հետ ես դառնում, կանգնում հայելու դիմաց, մի քանի աննպատակ շարժում ես անում, պտտվում ես։

Վերջ, դու պատրաստ ես։

***

Նստած ես մենակ: Չես ծիծաղում: Միայն թեթևակի ժպտում ես, որ գան, հարցնեն՝ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես տխուր: Չեն գալիս: Մի տարբերակ էլ կա. արհեստական մի քանի արցունք ես գլորում: Տեսնում են: Էլի չեն գալիս, չեն հարցնում, բայց չես ընկճվում, հիշում ես, որ բարձրակրունկներով ես ու թանկարժեք օծանելիքով:

Մեկ էլ զգում ես, որ երաժտությունն իր իշխանությունը տարածում է: Առաջին անգամ աչքերդ փակում ես ինքնաբերաբար, կտրվելու համար իրականությունից, մտքով հարյուրավոր կիլոմետրեր հեռու տեղափոխվելու համար: Սկսում ես երաժշտության ձայնը այլևս չլսել, մտքումդ հեծկլտում ես, մտքումդ ինքդ քեզ սպանում, մտքումդ բարձրակրունկներով չես, շրթներկդ մաքրվել է, մտքումդ ինքդ քեզ հետ ես, ավելի հանգիստ, ոչ ոքի ապացուցելու ոչինչ չունես, մեկ էլ հանկարծ զգում ես քեզ պարզված օտարի ձեռքը.

-Պարե՞նք…

Չես ուզում, բայց ստիպված ես, որովհետև բարձրակրունկներով աղջիկները պիտի պարեն: Փորձում ես փախցնել մատներդ, հետո չես նկատում, թե ինչպես ձեռքդ հայտնվեց օտարի ձեռքում: Չմերժեցիր, էլի՜: Թեթևակի ժպտում ես (դե հա, նման դեպքերում այդպես են անում): Վայրկենական հայտնվում ես պարահրապարակում: Սկսում ես շարժվել, ու ձեռքդ հանգչում է օտարի ուսին: Չես նայում նրա աչքերին. այդպես ազնիվ չէ: Գլուխդ թեքում ես մեկ աջ, մեկ՝ ձախ: Չես նայում շուրջդ պարողներին, որ ոչինչ չհարցնեն, որ չսխալվես, որ արցունք չգլորվի, չէ՞ որ դու բարձրակրունկներով ես: Մեղեդին չես զգում, երաժշտությունը չես լսում: Պարում ես անհաղորդ, պարում ես ստիպված, բայց ախր, ստիպված չեն պարում: Շարժվում ես մի կերպ, քարշ ես տալիս ինքդ քեզ: Դե հա՜, օտարը էդքանը չի հասկանում, պետք էլ չի, բայց դու հո գիտե՜ս, գիտե՜ս, որ այդպես չեն պարում, դու հո գիտե՜ս, որ պարելիս պիտի աչքերդ փակես ու ժպտաս, պիտի պտտվես ու բարձրանաս երկինք, պիտի պարդ վայելես, բայց զգում ես, որ չես կարողանում:

Երաժշտությունը չի վերջանում: Օտարի ձեռքը քեզ մի քանի անգամ պտտում է, բայց երկինք չի բարձրացնում: Հանկարծ զգում ես օտարի ձեռքի հպումն իրանիդ. սարսափելի է: Էդ մղձավանջից կտրվելու համար աչքերդ փակում ես, որովհետև աչքերդ պիտի փակ լինեն, որ ուզածդ պատկերները կարողանաս տեսնել: Փակում ես, հայտնվում միլիոնավոր կիլոմետրեր հեռվում: Փակ աչքերով տեսնում ես քեզ ժպտալիս: Ա՜յ, ա՜յ, պտտվում ես, բարձրանում երկինք, քամին ներսուդուրս է անում մարմնովդ: Չես բացում աչքերդ: Պատկերներն իրար հերթ չտալով գալիս են, գնում: Զգում ես հարազատիդ ձեռքի հպումը, դու նրա գրկում ես, հարազատիդ ժպիտները պարուրում են քեզ, դու պտտվում ես մի քանի անգամ խելագարի նման, ֆիլմերի ցնորված հերոսուհիների նման, գլխապտույտ առաջանալու աստիճան շատ ես պտտվում ու հասկանում ես, որ արդեն երկնքում ես, որ քամին արդեն թափանցիկ բլուզիդ մեջ է: Ու չես իջնում երկնքից:

Մի վայրկյան կտրվեցիր էդ երանությունից, իսկույն իջնում ես երկնքից, ժպիտդ ցնդում է, ու նորից շարունակվում է ընդհատված թվացող մղձավանջը: Սկսում ես նորից ստիպված շարժվել, ինչը պար անվանելը սխալ կլինի:

Ախր, պարելը խաղ ու պար չի, էդ անտերը վայելք է, պիտի տրվես էդ վայելքին, պիտի թափանցիկ բլուզիդ տակից սրտիդ թրթիռը երևա, ոչ թե զգացվի, այլ երևա, պիտի պարը ապրվի, որ ավարտից հետո դու երկնքից չիջնես, որ հետո՝ գիշերը, երբ գլուխդ թեքես բարձին, չուզենաս քնել, աչքերդ փակես ու դրանից հետո դեռ շարունակես պարել։
Բայց ախր, դրա համար օտարի հետ պիտի չպարե՜ս…

Քեզ պիտի հարազատդ գրկի, որ հետո, երբ պարն ավարտվի, քեզ երևակայելով ասես, որ ուզում ես մենակ մնալ: Չթողնի, հետևիցդ գա, քայլի կողքովդ, որ էդ թափանցիկ, բարակ շորով սկսես մրսել, որ ինքն էլ իր շորը հանի գցի վրադ, որ բարձրակրունկներիդ տված ինքնավստահությունը զրոյանա, որ հարազատիդ շորը քեզ ավելի ինքնավստահ դարձնի, ավելի, քան կարող էին դարձնել բարձրակրունկներն ու օծանելիքը միասին: Հա՜, հարազատների հետ դու բարձրակրունկների, թանկարժեք օծանելիքների կարիք չունես: Քեզ բավական է քո թափանցիկ բարակ բլուզը ու նրա շորը, որ չես հագնելու, այլ գցելու ես ուսերիդ, որ սրտիդ թրթիռը ոչ թե զգացվի, այլ երևա:

Երաժշտությունն աստիճանաբար դանդաղում է: Քեզ ուղեկցում են քո տեղը, միաժամանակ ավարտվում է և՛ հեքիաթը, և՛ մղձավանջը: Աչքերդ արդեն բացել ես…

Հետո քեզ այլևս չեն օգնում ո՛չ բարձրակրունկները, ո՛չ թանկարժեք օծանելիքը, ո՛չ եթերային շրջազգեստդ: Ժպիտների հրավառության մեջ աչքերդ հարազատ հայացքներ են որոնում ու չեն գտնում, ստիպված նորից ես փակում, որ գտնես: Անիմաստ է…

***

Քեզ չեն ուղեկցում, որովհետև չեն ուզում, իսկ դու ձևացնում ես, որ կարիք չկա, որ դու ինքդ կհասնես, որ ուզում ես մի քիչ մենակ մնալ, որովհետև սովորաբար այդպես են անում բարձրակրունկներով աղջիկները:

Դու արդեն դրսում ես: Երկնքին ես նայում: Իսկական պարահանդես. աստղերը զույգեր են կազմել ու գլուխները կորցրած պարում են, պտտվում են խելագարի նման, ֆիլմերի ցնորված հերոսուհիների նման, գլխապտույտ առաջանալու աստիճան շատ են պտտվում: Նրանցից շատերն օտարի հետ են պարում, շատերը՝ հարազատի: Մեկը, միայն մեկը՝ քո աստղը, պարում է միաժամանակ և՛ օտարի, և՛ հարազատի հետ:

Իսկ այդ աստղային պարահանդեսից հեռու, հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ երկնքի ուրիշ անկյունում, պարում էին ուրիշ աստղեր: Պարում էին մի աղջիկ ու մի օտար տղա, որ երևի ինչ-որ մեկի հարազատն էր: Այդպիսի դեպքեր հաճախ պատահում են: Օտարներն ու հարազատները տեղերով փոխվում են, խառնվում ու նորից բաժանվում մարդկանց միջև: Ու դու չգիտես՝ հերթական բաժանումից հետո քեզ հարազատդ բաժին կհասնի, թե ինչ-որ օտար, ում հետ նորից ստիպված ես լինելու պարել միայն նրա համար, որ դու բարձրակրունկներով ես…