Sabina Davtyan

Բարև՛, տատ

Գիտե՞ս, ես շատ խիզախ աղջիկ եմ, բայց մեծ դժվարությամբ այսքան տարի հետո եկել եմ քեզ այցի: Դժվար է գիտակցել, որ մահվանիցդ ուղիղ 12 տարի է անցել: Ես արդեն 23 տարեկան եմ, իսկ դու հավերժ 60 մնացիր… Ցավոք սրտի, այսօր քո մասին միայն հիշողություններ ունեմ, ու ամեն անգամ քեզ հիշելով մանկությունս գալիս է դիմացս, թե ինչպես էաի վազվզում հիվանդանոցում, թե ինչպես էի հիվանդասենյակի կահույքի դռները բացում ու փակում, իսկ դու անգամ չէիր էլ բարկանում. ուղղակի ինձ նստեցնում էիր քո սեղանի մոտ, թուղթ ու մատիտներ տալիս ու ժպտում: Իսկ երբ հիվանդներ էին գալիս, անգամ սենյակից դուրս չէիր հանում, այլ ասում էիր՝ նայիր, միգուցե մի օր որոշես ինձ նման բուժքույր դառնալ, բայց… Բայց ո՞վ կմտածեր, որ դու այդքան շուտ ինձ միայնակ կթողնես, ու ես կսկսեմ ատել հիվանդանոցները ու սպիտակ խալաթները, ու անգամ 7 թիվը, որը տեսնելուց միշտ փշաքաղվում եմ… Ախր, այնքան շուտ հեռացար ինձանից, չհասցրեցի անգամ հրաժեշտ տալ: Մի գիշերում ամեն ինչ կանգ առավ, սիրտդ կանգ առավ:

Տատ, գիտե՞ս, բոլորին ստում եմ, որ այդ օրվանից ոչինչ չեմ հիշում, իսկ նրանք կուրորեն հավատում են, որովհետև դժվար 12 տարեկան փոքրիկ աղջնակը գիտակցեր, թե ինչ է մահը, իսկ ես գիտակցել եմ, տատ: Ես այդ օրը մեծացել եմ, հավատո՞ւմ ես:

Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ սարսափելի է, երբ կորցնում ես մեկին, ով դեռ ողջ է, բայց հակառակի մասին ոչինչ գրած չկար: Միգուցե հաջորդը դրա մասին գրեմ: Օրինակ՝ ինչպես համակերպվել հարազատի կորստի հետ, ինչպես չվախենալ մահից և այլն: Տատ, ես չեմ վախենում, ես էլ վաղուց չեմ վախենում մահից, բայց ի՞նչ գին վճարեցի դրա դիմաց` ոչ ոք չգիտի: Տատ, հոգնել եմ մահերից: Մահը շողքս է դարձել, ուր գնում եմ` հետապնդում է, բոլորին խլում է ինձնից՝ հարազատներ, ընկերներ, ծանոթներ, անծանոթներ: Երևի էլ ոչ մեկին չսիրեմ կյանքում, որ մահը հանկարծ նրան էլ չխլի:

Գիտե՞ս, մահվանդ նախորդ գիշերը ննջասենյակում փոքրիկ աղջիկը ծնկի էր եկել ու նրա դառն հառաչանքները ու աղոթքները ճախրում էին դեպի երկինք՝ հրաշքի ակնկալիքով: Ես չէի աղոթում, ես աղաչում էի: Աղաչում էի Աստծուն` փրկել քեզ անգամ իմ կյանքի գնով: Աստված չլսեց, չօգնեց, չխղճաց: Նա քեզ խլեց ֆիզիկապես, բայց հոգեպես մնացիր ինձ հետ, իմ կողքին: Տատ, գիտեմ, ինչ հիմա ասեմ, դրա համար բոլորի քննադատությանը կարժանանամ, բայց ոչ քո: Տատ, ես մահվան օրվանիցդ էլ Աստծուն չեմ հավատում: Գիտե՞ս, մարդիկ անհիմն մեղադրում են, բայց եթե մինչև վերջ ինձ լսեն, դատելու փոխարեն միգուցե ցանկանան գրկել: Տատ, դու արդեն 12 տարի է, ինչ չկաս, բայց ես դեռ չեմ համակերպվել քո կորստի հետ ու դժվար էլ համակերպվեմ: Սիրտս ցավում է, ուզում եմ լալ, բայց արցունքներս վաղուց չորացել են, երբ ես դեռ 12 տարեկան փոքրիկ երեխա էի…