նարեկ բաբայան

Բողոք, բողոք ու նորից բողոք

Ոնց էլ չլինի, ձեր կյանքում գոնե մի անգամ ինչ-որ բանից բողոքած կլինեք։ Ու չփորձեք հակառակը համոզել, ես գիտեմ, որ հաստատ բողոքած կլինեք։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ քարերից հետո բողոքն է իշխում։ Բոլորը միշտ, ինչ-որ բանից բողոքում են։ Կրակն ես ընկնում՝ մեկին հարցնում ես. «Ո՞նց ես»։ Լավագույն դեպքում դուք կստանաք` «Էլ ո՞նց պիտի լինեմ, ինչպես միշտ»։ Իսկ վատագույն դեպքում դուք մի երկու ժամով «ընկղմվում եք» այդ մարդու կենսագրության սև էջերի մեջ։ «Էս վատ ա, էն վատ ա, երկիրը երկիր չի», և այլն։ Հիշում եմ, երբ հայրս իր ծանոթներից մեկին հարցրեց. «Ո՞նց ես»։

-Ի՞շթար ես է, պատմի` շկամ…

-Էն ընչի՞ խարցուցիր, մկը լալը-շիվանը կտնեմ՝ կմնաս ծեռս շիվար։

Իրոք, ես արդեն հոգնել եմ։ Դպրոցականները դասերից են բողոքում, մեծահասակները՝ աշխատանքից, ծերերը՝ թոշակից։ Դե ես էլ սկսեմ բողոքել, տեսնեմ` դուրներդ գալի՞ս է, որ այդքան բողոք եք լսում։

«Գարունը ցեխ ա, ամառը շոգ ա, աշունն անձրև ա, ձմեռը` ցուրտ։ Սենց ո՞նց ապրենք»։ Այս խոսքերով սկսելու եմ բոլորին զզվացնել, որ հասկանան՝ ոչ ոքի հաճելի չի բողոքներ լսել, հերի՛ք է։  Վերջերս մի հետաքրքիր բան եմ տեսել համացանցում։ Հզոր մեքենայի վարորդը ուղղաթիռ էր ուզում, որ առանց խցանումների այստեղ ու այնտեղ գնար։ Ավելի համեստ մեքենայի վարորդը ավելի լավն էր ուզում։ Հեծանվորդը մեքենա էր ուզում, թեկուզ ամենավատը։ Հետիոտնը հեծանիվ էր ուզում… Եվ այդ ամենին հետևում էր մի հաշմանդամ, ով ուղղակի քայլել էր ուզում։ Ասածս ի՞նչ է։ Շուրջներդ նայեք, ուրախացեք նրանով, ինչ կա։ Հետևեք եղբորս օրինակին։ Նա «Ո՞նց ես» հարցին միշտ պատասխանում է` «Շատ լավ»։ Եվ ես նրան դեռ տխուր վիճակում չեմ տեսել։ Լավատես եղեք, ու ամեն ինչ լավ կլինի… էհ, հոգնել եմ նյութեր գրելուց։ Ուզում եմ տնօրեն դառնալ։