nane eghiazaryan

Գաղտնի հարցազրույց

Ես փորձեցի հարցազրույց վերցնել հայրիկիցս՝ Սերգեյ Եղիազարյանից, բայց ինչքան էլ համոզեցի՝ չհամաձայնվեց: Ու քանի որ գիտեի, շատ հետաքրքիր ու զարմանալի գաղտնիքներ ունի, որոշեցի գաղտնի հարցազրույց պատրաստել: Այդ մասին հայրս միայն վերջում իմացավ, իսկ մայրս՝ Նաիրա Վարդանյանը, տատիկս՝ Ռոզա Պողոսյանը օգնեցին իրականացնել զրույցը:

-Պապ, դու ինչպե՞ս ես ընտրել մերսողի մասնագիտությունը:

-Ես… Մինչև մերսող լինելը, արդեն բուժական ֆիզկուլտուրայի մեթոդիստ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ էի, հետո պապիկդ ասաց. «Սովորել, սովորել ես, գնա մերսողի մասնագիտությունն էլ սովորի»: Ես էլ, գնացի:

-Հիմա դու ամբողջ Ջերմուկում որպես մերսող հայտնի ես, գո՞հ ես:

-Դե, եթե կարողանում եմ մարդկանց օգնել, ուրեմն գոհ եմ, էլի:

-Ինչքան գիտեմ, էդ ժամանակ պատերազմ էր, իսկ դու ի՞նչ ես հիշում այդ ժամանակներից:

-Հիշում եմ, որ դեռ ծառայում էի, ու երբ արձակուրդ էի գալիս, ինձ տանը միայն քնելուց էին տեսնում: Հետո Ժորա հորեղբայրս ինձ տանում էր զորամասի դիմաց, որ գնամ ու ծառայությունս շարունակեմ: Տուն հասնելով` զանգում էր Սոս պապին, որ ասեր, թե Սերգեյին տարել եմ: Ու հենց էդ պահին դռան զանգի ձայնն էին լսում ու երկուսով գրազ գալիս, որ ես եմ… Ու իսկապես ես էի լինում:

-Պա, այսինքն դու չես ուզե՞լ ծառայել:

-Աղջիկս, որ չուզենայի, կգնայի՞ Ղարաբաղ` կռվելու, իհարկե ուզել եմ, ուղղակի… Տղա էինք, էլի, ուրախանում էինք:

-Իսկ, երբ կամավոր գնում էիր կռիվ, պապին, տատին ի՞նչ էին ասում:

-Դե… Տատիդ վա՜յ-վո՜ւյ էր անում, պապդ էլ ասում էր. «Եթե սրտիցդ ա գալիս, գնա, տղա ջան, բայց հետ գալուց չմոռանաս, հետդ Ղարաբաղի հող կբերես»: Պապիկիդ էդ խոսքերը մինչև հիմա հիշում եմ: Հետո… Հո մենակ ե՞ս չէի գնում, մեր շենքից 4-5 հոգի էինք. մեր հարևան Ահարոնի եղբայրն էլ՝ Մխիթարը, հենց մարտի դաշտում զոհվեց: Երբ պատերազմը վերջացավ ու տուն եկանք, պապիդ հետս մի ամիս չէր խոսում:

-Ինչո՞ւ չէր խոսում:

-Մոռացել էի հող բերել:

-Պապ, իսկ ի՞նչ ես հիշում քո մանկությունից:

-Միայն հիշում եմ, որ շատ էինք ուրախացել մանկապարտեզից մեզ հասած նվերների՝ շոկոլադների, տիկնիկների համար: Տատիդ պատմում ա, որ մանկապարտեզում, ում կողքով անցնում էի, էդ երեխան լաց էր լինում, մեկի ոտքին էի կանգնում, մյուսին՝ հարվածում էի…

Մի անգամ գնացել էինք ձուկ բռնելու, շա~տ մանր ձկներ էին, ու ես` էդ ձկներից մեկին կուլ տվեցի: Փորիս մեջ պոչը թափ էր տալիս:

Հիշում եմ, երբ փոքր էինք, ես, հորաքույրդ՝ Գոհարը, հորեղբայրդ՝ Կարոն, խաղի ժամանակ պատահական շրջեցինք հորաքրոջդ օրորոցն ու դուրս փախանք: Տանն էլ մարդ չկար… Լավ է, որ Ստեփան պապիս ինչ-որ բան էր զգացել ու եկել, հորքուրիդ օրորոցի տակից դուրս էր հանել:

Վերջ… Հայրիկիս գաղտնիքներից միայն այսքանը հաջողվեց իմանալ, բայց դա էլ բավարար էր` լավ տրամադրություն ունենալու, և չարաճճիություն անելու համար…