Գիտե՞ս` ինչ է կորստի ցավը

Պատերազմից արդեն անցել է համարյա 7 ամիս, ու շատերը հավանաբար մոռացել են, որ պատերազմ է եղել, որ 18-20 տարեկան տղերք են անմահացել։ Նրանք, ինչպես մինչ պատերազմը, այնպես էլ հիմա, մեքենաների երաժշտության ձայնը բարձրացրած անցնում են Երևանի փողոցներով` չմտածելով սգացող մայրերի, քույրերի հոգեվիճակի մասին։

Գիտեք, արդեն 6 ամիս է անցել, ինչ եղբայրս մեզ հետ չէ։ Բայց ես չեմ համակերպվում այդ մտքի հետ, չեմ ուզում հավատալ, որ նա էլ չկա, չի գալու, չի ժպտալու ու չի խոսելու ինձ հետ։ Մինչև հիմա ես ինքս ինձ չեմ կարողանում խոստովանել, որ Սևակս էլ մեզ հետ չէ, որ թողել է մեզ և բռնել է հավերժի ճամփան։

Գիտեք, ինչքան դժվար է, որ դու չես կարողանում համակերպվել այդ մտքին, որ արդեն 6 ամիս է անցել, ու դու չես գնացել եղբորդ գերեզմանին, խունկ չես վառել ու ծաղիկներ չես խոնհարել։ Ինչքան դժվար է, երբ լսում եմ էդ անիծյալ «պատերազմ» բառը ու ինքնաբերաբար ամբողջ ներսս տակնուվրա է լինում, երբ լսում եմ Սևակ անունը, աչքերիցս արցունքները  գնում են։

Երբ դու քո մեջ ուժ չես գնում գնալ, դու ինքդ քեզ չես կարողանում խոստովանել, որ ինքը էլ չկա, որ դու ինքդ քեզ համոզում ես, որ կզանգի, կասի, թե ողջ է էսքան ամիս անց, կգա կասի, որ  փախել էր, թաքնվել էր, ապաստարան էր գտել իր համար, որ կազդուրվել է, ամեն ինչ հիշել է, տուն է վերադարձել։ Բայց չկա, չէ, ինքը չկա։ Արդեն ժամանակն է ինքս ինձ խոստովանելու։ Գիտեք, ինչքան դժվար է ցավը սրտում պահել և ինքդ քո մեջ տառապել, չկիսվել ոչ մեկի հետ, չասել ոչ մեկին ոչինչ, թե ինչ ես զգում, ինչ է կատարվում հոգումդ, որ չկարողանաս գոռալ ցավից, չկարողանաս լացել,  չկարողանաս հավատալ իրականությանը։ Հավատով սպասես, որ եղբայրդ կզանգի քեզ ու կասի, որ ինքը չի մահացել, բայց ամեն անգամ նայելով հեռախոսիդ, սիրտդ փշուր-փշուր է լինում, հոգիդ մղկտում է ցավից։

Սևակ… Դու գնացիր ու քեզ հետ տարար մեր դեմքի ժպիտը, տարար մեր ուրախությունը, մեզ դարձրեցիր սառնասիրտ, դարձրեցիր քար, անզգացմունք ու կյանքից հիասթափված։ Գիտե՞ս, Սև, երբ կուրսընկերս պատմեց, թե ոնց է փրկվել այդ պահին, երանի է տալիս, որ դու էլ փրկվեիր, դու ֆիզիկական ցավից գոռայիր ու չթողեիր, որ մեր հոգիները ցավից գոռային։ Թող ոտք, թև չունենայիր, Սև, բայց մեզ հետ լինեիր։ Մենակ թե իմանաս, թե ինչքան եմ քեզ կարոտել, թե ինչպես է կարոտը խեղդում կոկորդս, իսկ սիրտս ցավից կուչ է եկել։

Իմ հավերժ հերոս, դու միշտ ինձ հետ կլինես, իմ Սևակ։