anna gasparyan

Գյուղացիների հաղթանակը

«Արագածի չարիք» հոդվածս գրելուց հետո շատ քննադատություններ լսեցի։ Գյուղացիներից մեկը ինձ անվանում էր «ապատեղեկատու»։ Որպեսզի մարդկանց կողմից չլսեի մեղադրանքներ, որ հոդվածս կեղծ է, ես ինձնից եմ հնարել, որոշեցի գյուղացիներից հարցնել, թե ինչ են մտածում այդ խնդրի մասին։

-Դու շատ ճիշտ հոդված ես գրել, քանի որ որպես նոր սերնդի ներկայացուցիչ՝ մտահոգվում ես քո գյուղի ճակատագրով, քո գյուղացիների ճակատագրով և այդ քո մտահոգությունների հիման վրա գրել ես այդ հոդվածը։ Գովելի է այդ արարքը, և քո գրած հոդվածը տեղին է, քանի որ մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր գյուղում, ջրի աղտոտվածությունը տեսնում ենք բոլորս։ Ով կքննադատի քո այդ հոդվածը, կարող ենք իրեն ցույց տալ հենց ջուրը, որը իրոք չարիք է դարձել մեր գյուղում։ Մենք չենք ասում՝ թող չաշխատեն, բայց աշխատելու դեպքում էլ թող աշխատեն այնպես, որ ո՛չ մեզ վնաս լինի, ո՛չ էլ իրենց։

Մեկ ուրիշը պատասխանեց այսպես.

-Հէկ-երը, ճիշտ է, չարիք են մեր գյուղի համար, բայց շահագործումից հանելն էլ հարցի լուծում չի։ Դա կարող է մի որոշ ժամանակ տևել ու դրանից հետո նորից կսկսեն շահագործումը։ Մենք պետք է ուրիշ լուծում գտնենք, որովհետև հասկանում ենք՝ եթե դադարեցնենք շահագործումը, մի շարք մարդիկ կզրկվեն իրեն աշխատանքից։ Այդ իսկ պատճառով պետք է ճիշտ գործի դնեն այդ ամենը։ Պետք է ջուրը ֆիլտրման ենթարկվի, որ մեզ հասնի մաքուր ջուր, չէ՞ որ կյանքի կենարար աղբյուրներից մեկը հենց ջուրն է։ Ուղղակի մարդիկ պետք է իրենց խիղճը չկորցնեն և աշխատեն օրենքի համաձայն, ամեն ինչ պետք է անեն, որպեսզի հա՛մ գյուղացիները գոհ մնան, հա՛մ իրենք։ Թե չէ հիմա ինչ անում են, իրենց համար են անում, չեն էլ մտածում գյուղացիների մասին։

Ժամեր հետո իմացա, որ Արագածոտն մարզի մարզպետը եկել էր գյուղ, որպեսզի լսեր գյուղացիների պահանջը։ Մարզպետի հետ հանդիպման էին եկել նաև կողքի գյուղի բնակիչները։ Մարզպետը լսեց գյուղացիների պահանջը և արեց այն, ինչ պետք է արվեր դեռ տարիներ առաջ։ Մարզպետը ստորագրեց փաստաթուղթը, որում նշված էր գյուղի երկու հէկ-երի շահագործման դադարեցման մասին։ Գյուղացիները ուրախությունից ուզում էին արդեն պարել, նրանց ուրախությանը չափ չկար։ Գյուղացիներից մեկը նույնիսկ ասաց.

-Այ, հիմա կարամ հանգիստ մեռնեմ։

Գյուղացիների պահանջը տեղ հասավ, և նրանք հասան իրենց նպատակին․ հէկ-երի աշխատանքը կասեցվեց։