satine sakanyan

Գունազարդ Երևան

Այ թե օր էր՝ այնքան տարբեր գույներ կային, որ կարծես ամբողջ Հանրապետության հրապարակը ողողված լիներ գունազարդ մառախուղով… Դե, իսկ բարձր տրամադրությունն էլ՝ անպակաս:

Վերջերս պարապ մնալու հետևանքով սկսել եմ շատ մտածել, ու այս անագամ մտածելուս թեման ինձ տարել էր երիտասարդության պասիվության ուղղությամբ: Ես էլ այս ամառ մի քիչ պասիվ եմ, և այդ օրն էլ որոշեցի ինձ համար մի հետաքրքրիր զբաղմունք գտնել: Համացանցը երկար ժամանակ փորփրելուց հետո մեկ էլ աչքովս ընկավ «Yerevan Color Run 2017» ծրագրի կամավորների հայտադիմումը: Ժամանակ չկորցրի և արագ լրացրի այն, որովհետև մնացել էր ընդանմենը երեք րոպե դիմելու համար: Մի քանի օր անց, երբ ես արդեն անգամ մոռացել էի այդ ծրագրի մասին, ինձ զանգեցին և տեղեկացրին, որ ես ընտրվել եմ որպես այդ ծրագրի կամավոր: Ուրախացա, որ այս ամառը նույնպես ջերմ ու դրական հիշողություններ կնվիրի ինձ:

Շատ մարդիկ կարծում են, որ «Yerevan Color Run»-ը կապ ունի հնդկական տոնի հետ, և վերջերս, երբ բրոշյուր էի բաժանում, մի պապիկ ինձ ասաց.

-Աղջիկ ջան, որ դու սրանք բաժանում ես, էդ տոնին հավատո՞ւմ ես:

Իսկ ես զարմացած հարցրի.

-Ի՞նչ տոնի եմ հավատում, պապիկ ջան:

-Դե էդ հնդկական տոնին, էլի:

-Պապի ջան, «Yerevan Color Run»-ը ամենաուրախ և զվարթ հինգ կիլոմետրերն են: Սա վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի 35 երկրներում, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Չինաստանը: Այն ընդհանրապես կապ չունի հնդկական տոնի հետ:

-Հա՜, ինչ լավ ա, ես էլ ասեցի՝ բացի կինոներ նայելուց՝ հիմա էլ դրանց տոներն եք նշում:

Ըհն, պապիկն էլ ապատեղեկացված էր, հուսով եմ՝ հավատաց ասածներիս:

Երիտասարդների ակտիվությանը վերադառնամ: Այն, որ ասում էի՝ ակտիվ երիտասարդություն չունենք, փոշմանում եմ, սխալ էի, իմ այդ կարծիքը լիովին հերքվեց՝ այդ ծրագրին մասնակցելով: Ինչ երիտասարդություն ունենք՝ աշխույժ, ուրախ, սպորտասեր, թռչող, վազող, հաղթող, մրցող, մի խոսքով՝ մեր երիտասարդների մեջ կյանքը եռում է ամռան տապի հետ միասին: Եթե դրսում 38 աստիճան է, ապա երիտասարդների հոգում՝ 80 աստիճանից բարձր:

Գունազարդ տոն էր Հանրապետության հրապարակում, որը կոչվում է «Գունազարդ վազք 5 կմ», շատերին հայտնի է նաև «Yerevan Color Run 2017»:

Ինչ հետաքրքիր օր էր. նոր մարդկանց հետ ծանոթացա, ովքեր լավ ընկերներ դարձան: Մենք՝ կամավորներս, տարբեր խմբերի էինք բաժանված և ամենքս ունեինք մեր անելիքը: Օրինակ՝ իմ խումբը վերցնում էր մարդկանց իրերը, որպեսզի վազելիս նրանց չխանգարի, և իրերի ապահովությունն էր հսկում: Մյուս խմբերը գույներ, ջուր էին բաժանում:

Ես ինքս սպորտի սիրահար չեմ, բայց այս «Գունազարդ վազքը» սեր է արթնացնում սպորտի, վազքի հանդեպ, խրախուսում առողջ ապրելակերպ: Կարծում եմ, որ այսպիսի ծրագրերը պետք է շատ լինեն: Ինչպես կասեն ծրագրի կազմակերպիչները. «Սա վազք է, որտեղ սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի: Մեր նպատակն է միավորել դրական մարդկանց և երջանկացնել Հայաստանը»:

Այնքան մարդ կար, ու տարիքը կապ չունի, փոքր՝ դեռ նոր քայլող երեխաներից մինչև մեծահասակներ, բոլորը եկել էին մասնակցելու: Երեք տղա և երեք աղջիկ առաջինը հասան վազքուղու ավարտին, և հայտնվեցին լավագույն վեցնյակի մեջ: Նրանք ծրագրի հովանավորների կողմից արժանացան նվերների:

Օրը տոն դարձրին հայտնի դիջեյները, երգիչները, հեքիաթի հերոսները և իրենց ներդրումն ունեցան այդ միջոցառմանը:

Ա՜հ, ամենակարևորն էի մոռանում ասել՝ ծրագիրն ունի բարեգործական նպատակ: Ամեն տարի այն մի ուղղություն է ունենում: Օրինակ՝ 2015թ.-ին միջոցառման մասնակիցների շնորհիվ բարեգործական նպատակների համար գումարը ուղղվել է ծանր առողջական խնդիրներ ունեցող մի փոքրիկի բուժմանը: Իսկ 2016 թվականին բարեգործությունն արվել է Գյումրիի անօթևան ընտանիքների երեխաների համար:

Այս տարի կայացվելու են երկու բարեգործական ծրագրեր: «Yerevan Color Run»-ից ստացված միջոցների մի մասը կուղղվի Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակի կառուցմանը Երևանի կենտրոնում, որտեղ կկարողանան անվճար մարզվել բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են զբաղվել սպորտով: Իսկ 2-րդ բարեգործական ծրագիրն աջակցելու է մասշտաբային բարեգործական ծրագրի՝ Թերեզա Մխիթարյանի «Կյանքի ճանապարհ» 34 կմ անվտանգ ճանապարհի կառուցմանը (Իջևան-Բերդ), որը միացնում է Բերդը ամբողջ Հայաստանին:

Վազելն առաջացնում է երջանկության հորմոն, իսկ երբ շուրջդ բազմազան գույներ են, երջանկությունը քառապատկվում է: