lusine israyelyan

Գունավորիր աշխարհը

Յուրաքանչյուր մարդ էլ ունի իր սիրած զբաղմունքը: Ես նույնպես: Իմ հոբին նկարելն է: Գլուխ գովել չլինի՝ վատ չեմ նկարում: Այդ շնորհը ժառանգել եմ իմ մայրիկից, իսկ մայրս՝   իր հայրիկից, իր հայրիկն էլ՝ իր մայրիկից… Ուստի ժառանգական կապը ես չեմ կարող խախտել և կուզենամ, որ շարունակվի  սերնդեսերունդ… Ես հաճախում եմ Ներքին Կարմիրաղբյուրի նկարչական խմբակը, որը դասավանդում է իմ մայրիկը:

Անկախ նրանից, թե որտեղ եմ ես, եթե ձեռքիս տակ կա թուղթ և մատիտ կամ գրիչ, սկսում եմ նկարել:

2014թ. ապրիլին Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի սաների համար Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանի հոգածությամբ բացվեց Կիրակնօրյա դպրոցի նկարչական խմբակը: Այս նախաձեռնությանը աջակցեցին «Վոլդ Վիժն» և « Հայ Օգնության Ֆոնդ» կազմակերպությունները: Ամեն ինչ պատրաստ էր, որ սահմանում ապրող մանուկներս գունավորենք մեր աշխարհը ավելի պայծառ գույներով: Երեխաները սկսեցին իրենց առաջին քայլերը: Արդյունքը օր-օրի դառնում էր նկատելի: Բերդ քաղաքում հաճախ կազմակերպվող միջոցառումների ժամանակ ցուցադրվում են մեր աշխատանքները, ինչից ավելի ենք ոգևորվում և ավելի մեծ ջանասիրությամբ ենք աշխատում: Այդ է վկայում մեր խմբակի սաների հաղթանակը Տավուշի մարզի շրջանակներում, երբ Հնդկաստանի հայաստանյան դեսպանատունը մրցույթ էր հայտարարել «Իմ երևակայության Հնդկաստանը» խորագրով: Դրանով չեն սահմանափակվում փոքրիկ նկարիչների ձեռքբերումները: ՀՕՖ –ի միջոցով  ընտրվել են նկարներ և ուղարկվել ԱՄՆ՝ ցուցահանդեսի նպատակով:

2015թ. մայիսի 20-ին ցուցահանդես է կազմակերպվել Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրում, որտեղ ներկա էին Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Սևադան և այլ հյուրեր: Մինչև հիմա երեխաները չեն մոռանում կրթահամալիրի ողջ անձնակազմի հոգատար վերաբերմունքը և երախտագիտությամբ հիշում են կրթահամալիրի տնօրեն պարոն Ա .Ալիխանյանին, ով անձամբ ընդունեց յուրաքանչյուրին՝ նվիրելով Լ.Նազարյանի հեղինակած «Անանիա Շիրակացի» գիրքը: Փոքրիկ նկարիչների  հուզմունքը աննկարագրելի էր, երբ կրթահամալիրի կողմից  առաջարկվեց ամառային արձակուրդի  տասներկու օրը վայելել Հանքավանի  «Հեքիաթ»  ճամբարում: Դրանք անմոռանալի, բարի, անկրկնելի օրեր էին բոլորի համար …

Երբ լինում են նման մարդիկ, աջակից ընկերներ և կազմակերպվող ցուցահանդեսներ, փոքրիկ նկարիչները ստեղծագործում են ավելի եռանդով, ստեղծում հրաշքներ, երբ լինում են գնահատված, արժևորված… Իսկ բոլորից առավել այդ ամենից ոգևորվում է փոքրիկ նկարիչների ուսուցչուհին, մայրս՝ Ժաննա Բաբայանը, ով իր եռանդն է ներդնում փոքրիկների հոգում գեղագիտական ճաշակ ձևավորելու համար:

Մայրիկիս ոգևորությունը տեսնելով հասկանում եմ և համոզվում. Եթե մի գործ անում ես սիրով և նվիրումով, անպայման հաջողության ես հասնում: