Գուցե կարիք կա…

Կյանքում դեռ բաներ կան, որ կարելի է սիրել։ Այո’, բնությունը, ծառը, ծաղիկը, կենդանիները, բնության երևույթները, լեռը, քարը, ամեն ինչ…

Ամեն ինչի մեջ սեր կա դեռ, ես նոր եմ հասկացել, կամ գուցե կարիք կար մի քիչ մեծանալու, որպեսզի զգայի ամեն ինչի մեջ թեկուզ չնչին երջանկությունը։ Գուցե կարիք կար մեծանալու, որպեսզի զգայի, թե որքան գեղեցիկ է ամեն բան ստեղծել Աստված։

Այո’, ժամանակի հետ սովորում ես կարևորել ամեն բան քո կյանքում, նույնիսկ այն, ինչ քոնը չէ, այն, ինչին առաջ կարևորություն չէիր տալիս, այն, ինչ մի ժամանակ քեզ մի տեսակ անգույն ու անիմաստ էր թվում։

Կյանքումս ունեցած ամենագեղեցիկ առավոտները հենց այստեղ` իմ հին ու նոր, բայց միշտ ուրիշ, միշտ գեղեցիկ ու տարբերվող գյուղում են բացվել։ Ամեն առավոտ թռչունների երգի ներքո, ամեն առավոտ մաքուր օդ շնչելով, թարմ միրգ ուտելով։ Երևի դա է ինձ համար ամենագեղեցիկ ու երջանիկ առավոտը։ Արթնանում ես, անփութորեն արագ հավաքում մազերդ ու շտապում այգի` թարմ մրգերի ետևից։ Երևի կյանքում գեղեցիկ երևույթներից մեկն էլ հենց դա է, ու երբ չգիտես, թե երբ ես վերջին անգամ լինելու այստեղ` քո փոքրիկ գյուղի ծայրում գտնվող մեծ տանը։ Ու երևի դա էլ է առեղծվածային, հետաքրքիր ու տարբերվող, երբ չգիտես, թե քանի տարի, քանի ամիս, քանի օր ու ժամ է մնացել քեզ վայելելու այս ամենը։

Գուցե կարիք կա այդ ամենը մի քիչ շուտ նկատել, մի քիչ շուտ կարևորել երբեմն չերևացող այդ փոքրիկ երջանկությունները, որ հաճախ այնպե՜ս են լցնում կյանքդ։ Երևի կարիք կա հաճախակի դուրս գալ փողոց ու նայել քո տան պատերին, դուրս գալ այգի ու միրգ հավաքել, դուրս գալ պարզապես քայլելու քո գյուղի փողոցներով, դուրս գալ նայել սարերին, տներին, կենդանիներին, մարդկանց…

Գուցե կարիք կա գնահատել ամեն ինչ ավելի, քան առաջ էր, որ գոնե կյանքը մի քիչ շունչ առնի…

Գուցե կարիք կա…