SusanaPetoyan

Գտնելով պատասխանը

Ես ձգտում եմ դառնալ կատարյալ, չնայած՝ գիտեմ, որ կատարելությունը սահմաններ չունի ու հատկապես անհասանելի է նրանց համար, ովքեր ամեն օր փոքր կամ մեծ մեղքեր են գործում: Ու ինձ համար դժվար է անգամ մտածել կատարյալի մասին այն միջավայրում, որտեղ ամեն քայլափոխի հանդիպում եմ մեղք գործելու գայթակղությանը: Ես դեռ մանկուց սովորել եմ դիմադրել ու անտեսել այն, բայց միշտ չէ, որ հաջողվում է գործադրել իմ սովորածը: Ես շատ անգամ եմ զգացել, թե ինչպես է վատը ինձ հետապնդում ու ստիպում հեռանալ իրականությունից: Այս ամենի պատճառով ես գտա այն հարցի պատասխանը, որ մանուկ հասակում փնտրում էի՝ ինչու են մեծերը քիչ ժպտում: Հարցի պատասխանը տրտմեցրեց, բայց պարզվեց, որ սխալվել եմ:

Մի սովորական օր, երբ դպրոցից տուն էի վերադառնում, մտածում էի այս ամենի մասին ու սկսեցի լաց լինել: Ես շարունակում էի քայլել ու տեսա, թե ինչպես մի կին կանգ առավ, որ հանգստանա: Երևում էր, որ շատ գնումներ էր արել: Որոշեցի օգնել: Տիկինը չհրաժարվեց: Նա նայեց աչքերիս ու հարցրեց.

-Ինչո՞ւ ես տխուր:

Ես չէի ուզում պատասխանել, բայց չէի կարող լռել: Ուզում էի մեկի հետ խոսել և պատասխանեցի.

-Չգիտեմ, ուղղակի երբ նայում եմ մարդկանց ու հասկանում, որ երջանիկ չեն, տխրում եմ:

-Ա՜խ, պարզ է: Ես էլ եմ տխրել, երբ քո տարիքին էի: Բայց ի վերջո հասկացա, որ մենք չգիտենք սիրել, ու այդ պատճառով ենք տխուր: Այ, եթե սիրենք իրական սիրով, ոչինչ չի խանգարի մեզ ժպտալ:

-Բայց ինչպե՞ս հասկանալ սիրո՝ իրական լինելը:

-Իրական սերը ամբողջ աշխարհի հանդեպ սերն է, որը սիրողը կհասկանա:

-Իսկ դուք կարողացա՞ք սիրել:

-Կարելի է ասել՝ այո: Բայց շատ դժվարություններից հետո:

-Դժվարություննե՞ր:

-Արդեն հասանք: Շնորհակալ եմ շատ,- ասաց նա ու մտավ շենք:

Երկար մտածեցի ու որոշեցի սիրել: Բայց սերն անհասանելի էր ինձ: Շատ դժվար է սիրել իրական սիրով: Ես հասկացա, որ մեծերը չեն ժպտացել, որովհետև չեն հասկացել սիրո գեղեցկությունը: Ես նույնպես չեմ հասկացել: