Գրադարանը դպրոցի սիրտն է

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Կրկին հարցազրույց, որը այս անգամ կապված է Լիճքի դպրոցի գրադարանի և գրադարանավարի հետ: Գրադարանն անվանակոչված է Բեգլար Հայրապետյանի անունով: Նա եղել է մեր դպրոցի պատմության ուսուցիչը: 

 Գրադարանում շատ են թե՛ դասագրքերը, թե՛ գեղարվեստական գրքերը՝ տարբեր գրական ուղղություններով, շատ են արկածային և ֆանտաստիկ ժանրի գրքերը, կան նաև այլ աշխատություններ ու գրվածքներ: Գրադարանը հարուստ է նաև հանրագիտարանի 13 մասերով և դեռ Խորհրդային Միությունից մնացած ԼենինիԵրկերի լիակատար ժողովածուի բազմաթիվ հատորներով: Գրադարանում կարելի է հանդիպել նաև արտասահմանյան հեղինակների գրքեր, որոնց մի մասը համարվում են գրադարանի գանձերը:

Գրադարանի անցյալը եղել է շատ «թախծոտ», իսկ ներկան աշխույժ է, և հուսով եմ, որ ապագան կլինի ևս այդպիսին:

 Եվ այս ամենը մեծ հետաքրքրություն առաջացրեց, և ես որոշեցի հարցազրույց վարել մեր դպրոցի գրադարանավարի՝ Մանուշ Հոխիկյանի հետ:

-Ընկեր Հոխիկյան, մի քանի խոսքով կպատմե՞ք գրադարանի մասին: Քանի՞ տարվա վաղեմություն ունի այն, ե՞րբ է հիմնադրվել:

-Արտյոմ ջան, դպրոցը հիմնադրման օրվանից ունեցել է իր աղքատիկ գրադարանը, որը իր բարեխիղճ գրադարանավարների շնորհիվ պահպանվել է մինչև օրս: Ներկայիս գրադարանը մոտ 7 տարվա վաղեմություն ունի: Սկզբում դպրոցի գրադարանը իր հիմնական տեղում չէր, չուներ ընթերցասրահ, և նեղվածք էր թե՛ դասագրքերի, թե՛ գեղարվեստական գրքերի, թե՛ աշխատողների և ընթերցասեր երեխաների համար: Սակայն, շնորհիվ դպրոցի նախկին տնօրեն Աշոտ Հոխիկյանի, 2010թ. դպրոցի գրադարանը տեղափոխվեց ավելի ընդարձակ տեղ և վերանորոգվեց: Այժմ ունենք ընթերցասրահ, հարուստ գրականություն, գրապահարաններ և անհրաժեշտ ամեն բան, ինչպես նաև գրադարանին վայել պայմաններ:

-Կպատմե՞ք գրադարանի ֆոնդերի մասին, քանի՞ միավոր գիրք կա: Կա՞ն մարդիկ, որոնք աջակցում են գրադարանին:

-Գրադարանը ունի մոտ 4000 օրինակ գեղարվեստական և 500 և ավելի մանկական գրքեր:

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Դպրոցի գրադարանը համալրվել է մեր դպրոցի լավագույն շրջանավարտների՝ Լևոն Պողոսյանի, Հակոբ Հակոբյանի, Ռոբերտ Ադիբեկյանի շնորհիվ: Նրանց աջակցությամբ և ձեռնարկած միջոցներով գրադարանը լրացվել է մի շարք գրքերով, աշխատություններով ու մատյաններով:

-Որքա՞ն հաճախակի է համալրվում գրադարանը ժամանակակից հեղինակների գործերով:

-Արտյոմ ջան, ցավոք ասեմ, որ ժամանակակից հեղինակների գրքեր և նոր տպագրվող գեղարվեստական գրականություն գրադարանը չունի, բայց մեր աշակերտները սիրով օգտվում են դպրոցի ունեցած գրքերից, լինի դա հայ, թե արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ:

-Ովքե՞ր են հանդիսանում հիմնականում ձեր ընթերցողները: Ի՞նչ գրականություն են ցանկանում ընթերցողները:

- Չնայած այսօրվա զարգացած տեխնոլոգիաների դարում, մեր աշակերտները սիրով և հաճույքով են օգտվում գրքերից: Հիմնականում ընթերցողները բարձր և կրտսեր տարիքի են, պահանջում են հայ գրողների գործեր: Կան աշակերտներ, ովքեր նախընտրում են ֆանտաստիկ և արկածային ժանրը:

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

-Իսկ գրադարանում կազմակերպվո՞ւմ են միջոցառումներ:

-Այո, գրադարանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնք հիմնականում նվիրված են տոներին, հիշատակության օրերին, հայ գրողներին և հայոց մեծերին, ինչպես նաև նշանակալից օրերին: Աշակերտները մասնակցում են գրադարանում կազմակերպվող գրական, երաժշտական միջոցառումներին, որոնք կրում են հայրենասիրական, ուսուցողական բնույթ:

-Եվ, ի՞նչ է Ձեզ համար գրադարանը:

-Գրադարանը ինձ համար տեղեկության, ինֆորմացիայի և ամենակարևորը՝ գիտելիքի գանձարան է: Ես գրադարանը համարում եմ հենց դպրոցի սիրտը, որովհետև առանց դրա դպրոցը դատարկ է: Եվ ոչ միայն դպրոցը, այլև աղքատ է մարդ էակը, և ինչու ոչ, նաև համայնքը: