Դասագրքերում նոր նյութ չկա, ամբողջը կրկնություն է

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Դպրոցը և հատկապես 12-րդ դասարանը, գլխացավանք է դարձել ինձ համար և ոչ միայն: Ամեն օրվա մի հատվածը մենք ծախսում ենք ձանձրանալու վրա: Դասագրքերում նոր նյութ չկա, ամբողջը կրկնություն է, ամողջը՝ անհետաքրքիր: Չգնալ չենք կարող, բացականերն էնպես կդնեն, որ երկու տարի նույն դասարանում կմնանք, բայց և գնալն էլ օգուտ չի տալիս: Ոմանք հանրահաշվի ժամին հայոց լեզվի շտեմարան են լուծում, ոմանք պատմության ժամին՝ անգլերենի, և այդպես շարունակ: Տեսնում են, զայրանում են, չեն հասկանում, չեն ներում: Իսկ ուշանալու կամ փախչելու մասին խոսք լինել չի կարող: Առաջին զանգի հնչելուն պես դռները փակվում են և այլևս չեն բացվում մինչ դասերի ավարտը: Ինչպես գաղութում, փախչելն անհնար է: Ուշացա՞ր, հույսդ կտրիր, թե կմտնես դպրոց, ավելի լավ է` գնա տուն ու մտածիր, թե ինչ պիտի անես քո հերթական բացակա 7 ժամերի հետ, որովհետև, այդ էլ ասեմ, բացակաների շեմը 120 ժամից իջել է 80-ի, և Աստված գիտի, թե ինչու: Որոշել ես մնալ նույն դասարանո՞ւմ, խնդիր չէ, տարվա ընթացքում բացակայիր առնվազն 12 օր և վերջ: Նրանց հետաքրքիր չէ, որ տրանսպորտ չկա, որ դու հիվանդ ես` խիստ վարակիչ կամ  ծանր, որ ունես հարգելի այլևայլ պատճառներ…

Ինչ վերաբերում  է դպրոցական գիտելիքներով համալսարան ընդունվելուն, չեմ հերքում, հնարավոր է, եթե իհարկե ունես որոշակի բազա և բացթողումներդ քիչ են: Այդ ամենը իհարկե առանց կրկնուսույցի էլ կարող ես վերհիշել, չհաշված շտեմարանային այն զգլխիչ բառերը, որոնց դժվար թե դպրոցում հանդիպած լինես: